Երեկ Հունաստանում պետական այցով գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Աթենքի եւ համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմոս 2-րդի, Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պեզալնիկոսի եւ Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուի, ինչպես նաեւ ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ: Նախագահը պաշտոնական ճաշ է ունեցել Հունաստանի վարչապետի հետ, որին մասնակցել է հայկական պատվիրակությունը` ամբողջ կազմով: Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Հունաստանի հիմնական ընդդիմադիր` «Նոր ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Անտոնիս Սամարասի հետ:
Հունվարի 18-ին` Հունաստանի նախագահի անունից տրված ընթրիքի ժամանակ նախագահ Պապուլիասը ընդգծել էր. «Եվրոպական միությունը հատուկ ուշադրություն է դարձնում Կովկասյան տարածաշրջանին: Այս շրջանակներում Հունաստանն աջակցում է Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունների էական զարգացմանը: Հայաստանը մշակույթ եւ ավանդույթներ, պատմական եվրոպական արմատներ ունեցող երկիր է, եվրոպական երկիր: Ուզում եմ ընդգծել նաեւ, որ մենք հատուկ ուշադրությամբ ենք հետեւում հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքին: Կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորմամբ եւ սահմաների բացմամբ կորոշվի թուրքական քաղաքականության հուսալիությունը: Անընդունելի է, որ մի երկիր, որը ձգտում է դառնալ Եվրոպական միության անդամ, փակում է հարեւանների հետ սահմանները, ստեղծում շրջափակման ու տնտեսական մեկուսացման պայմաններ»: Փաստորեն Եվրոմիության եւս մեկ երկիր Կիպրոսից հետո ընդունեց ու բարձրաձայնեց, որ հայ-թուրքական հարաբերությունները չկարգավորված են մնում Անկարայի մեղքով:
Կիպրոսում եւ Հունաստանում իր գործընկերների հետ հանդիպումներ է ունեցել նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային, այդ թվումՙ ղարաբաղյան, խնդիրներ, միջազգային տարբեր կառույցներում գործակցության հնարավորությունները` պատմական ջերմ բարեկամական կապերի համատեքստում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ տեղեկատվական ծառայությունից, Նալբանդյանը Կիպրոսի եւ Հունաստանի իր գործընկերներին հրավիրել է Հայաստան:
Հ. Ա.