Այս տեսակետին են հանգել Ստեփանակերտի «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության մասնագետները, որոնք GARE միջազգային կազմակերպության կովկասյան ներկայացուցչության «Կանանց հնարավորությունների ամրապնդումը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար» ծրագրի շրջանակներում, մասնավորապես, դիտարկումներ են անցկացրել նաեւ Ղարաբաղում:
ՔՆԿ-ի հավաքած տեղեկատվական-վերլուծական նյութերը զետեղվել են «Գենդերը եւ կինը ժամանակակից ղարաբաղյան հասարակության մեջ» գրքույկում, որի շնորհանդեսը տեղի է ունեցել օրերս, Ստեփանակերտում:
Կենտրոնի տնօրեն Ալբերտ Ոսկանյանի խոսքով, թեպետ կանայք Ղարաբաղում ոչ քիչ չափով են ներգրավված պետական կառավարման համակարգում կամ մասնավոր բիզնեսում, այնուամենայնիվ, գենդերային խնդիրները դեռեւս շատ են: Ա. Ոսկանյանը դա բացատրել է վերջին երկու տասնամյակում մեր իրականություն մուտք գործած ազդեցիկ հանգամանքներով` խորհրդային համակարգի փլուզում, ղարաբաղյան պարտադրված պատերազմ եւ շուկայական հարաբերությունների ստեղծում, որոնց հետեւանքով փոխվել են հասարակության սոցիալական կառուցվածքն ու առաջնահերթությունների համակարգը:
Դա վերաբերում է նաեւ գենդերային հարաբերությունների համակարգին, նշել է կենտրոնի տնօրենը, շեշտելով, որ պատերազմի դժվարություններն արցախցի կնոջ հոգեվիճակի վրա իրոք բացասական հետք են թողել: Այսօր ղարաբաղյան շատ ընտանիքներում, հատկապես` զոհված ազատամարտիկների, կանայք ստիպված են տղամարդու դեր ստանձնել:
Գենդերային հարցերը Արցախում նվազ ուսումնասիրված հիմնախնդիրներից են, եւ Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի տնօրենի համոզմամբ` գրքույկը կարող է օգտակար լինել այդ խնդիրներով զբաղվողների համար:
Կենտրոնը ԼՂՀ-ի մայրաքաղաքում գործում է 2002 թվականից, որի գործունեությունը նպատակաուղղված է նախկին ռազմագերիների, պատանդների ու նրանց ընտանիքների սոցիալ-հոգեբանական վերականգնմանն ու հասարակությանը լիակատար ինտեգրվելու խնդիրներին: Ինքը` Ա. Ոսկանյանը տեւական ժամանակ լինելով իրավապահ մարմինների (ՆԳՆ եւ ԱԱԾ) աշխատակից, ծառայության բերումով պատերազմական եւ հետպատերազմյան տարիներին եղել է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի փոխնախագահը, իսկ արդեն ավելի քան 10 տարի ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման, գերիների փոխանակման միջազգային աշխատանքային խմբի համակարգողն է:
Գենդերային հիմնախնդիրներին նվիրված գրքույկը լույս է տեսել առայժմ ռուսերեն լեզվով: Ա. Ոսկանյանի խոսքով, այն անվճար հիմունքներով կբաժանվի ԼՂՀ շահագրգիռ պետական ու հասարակական կառույցներին:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ