«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2011-01-18 | #7, 2011-01-19 | #8, 2011-01-20


ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ

Մատենադարանին հարակից հրապարակը երեկ կրկին բազմամարդ էր. այս անգամ, սակայն, ամբիոնի մոտ ՀԱԿ-ի ներկայացուցիչները չէին, այլ «ժողովրդի թագավոր», «միակ նեցուկ»... Ժողովրդական կուսակցության եւ ԱԼՄ հեռուստաընկերության նախագահ Տիգրան Կարապետյանն ու ընկերները: Մի քանի հազարի հասնող բազմությունը, որտեղ, ինչպես Կարապետյանը նկատեց` «ոչ միայն տատիկներ ու պապիկներ էին», ուղիղ մեկ ժամ «չէր թողնում» Կարապետյանին բարձրանալ եւ մոտենալ խոսափողին: Հանրահավաքը նախատեսված էր սկսել ժամը 15-ին, Կարապետյանը հենց այդ ժամից արդեն հրապարակում էր, սակայն մի քանի հարյուր մարդու ձեռքով բարեւելով, նրանց հետ զրուցելով, ոմանց համբուրելով` Կարապետիչը ամբիոն հասավ ուղիղ ժամը 16-ին: «Ժողովուրդ ջան, մեռնեմ ձեզ», առաջին բառերով Կարապետյանը «ԱԼՄ-ն ու դրա հետ խոսքի ազատությունը Հայաստանում փակող իշխանություններին» ներկայացրեց մի քանի կետից կազմված վերջնագիր, որով պահանջվում է. «Վերադարձնել բոլոր ավանդատուներին իրենց ավանդները, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, երկրում հաստատել արդարությունը, կանխել արտագաղթը, իջեցնել «անբարոյական բարձրացած» գազի գինը, առհասարակ` նվազեցնել գնաճը, բոլոր տեսակի վարկերը տրամադրել առավելագույնը 7 տոկոսով, աջակցել, ոչ թե խոչընդոտել փոքր բիզնեսին, թույլատրելի դարձնել փողոցային առեւտուրը` «քանի որ դրանով են մարդիկ ապրուստ վաստակում», կրկնապատկել նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակները, անապահով խավի նպաստները, ապահովել վերջիններիս անվճար բուժօգնությամբ եւ ապահովել Հայաստանում արժանապատիվ կյանք` երիտասարդների համար»: Ընդ որում, Կարապետիչը այս ամենը պահանջում է նախ միայն իշխանություններից, ապա եւ` մինչեւ փետրվարի 28-ը. «Փետրվարի 28-ին մենք էլի այստեղ կհավաքվենք ու եթե իշխանություններն այս ամենը արած չլինեն, ապա մենք կգնանք արտահերթ ընտրություններին. ոչ ասենք անարդարությանը»: Բազմությունը իր համատարած «այո»-ներով թերեւս ոգեշնչեց Կարապետիչինՙ ասելու. «Ինձ այս ամենն իրականացնելու համար պետք է ձեր «դոբրոն», դուք տալի՞ս եք այն ինձ», «այո», պատասխանեցին` ԱԼՄ-ի փակման հետ միայն մակերեսային կապ ունեցող ցուցապաստառներ բարձրացրած բազմությունից. «Ջան, մեռնեմ ձեզ, ես պատրաստ եմ մինչեւ վերջ հալածվել, անգամ մեռնել հանուն ձեզ, ժողովուրդ ջան», ասաց Կարապետյանը: Ինչպես հասկանալի է դառնում հանրահավաքի բուն պատճառի` ԱԼՄ հեռուստաընկերության փակման մասին ըստ էության ոչ ոք ոչինչ չասաց ու չհիշեց: Դժվար է ասել, եթե ԱԼՄ-ն չփակվեր, Կարապետիչը կրկին հանրահավաք կանե՞ր ու կխոսե՞ր «ժողովրդին հուզող այս բոլոր հարցերի մասին»: Միակ բանը, որը անմիջականորեն կապ ուներ ԱԼՄ-ի փակմանը, հանրահավաքի մասնակիցներին թերթիկների բաժանումն էր. թերթիկներում գրված էին Տիգրան Կարապետյանի ինչպես աշխատանքային, այնպես էլ բջջային հեռախոսահամարները. «Թող չմտածեն, որ ԱԼՄ-ն փակեցին, մեր կապը ժողովրդի հետ վերացավ, ահա ձեզ իմ հեռախոսահամարները, զանգեք, տվեք ձեր համարները, մենք կզանգենք...», ասաց Կարապետյանը: Ինչեւէ` հաստատապես ոչ մեկ, անգամ երկու ամիս պահանջող գործընթացների ավարտը չի կարող լինել ձմռան վերջին օրը. հետեւաբար այդ օրը, ինչպես եւ, ամենայն հավանականությամբ, հաջորդ` արդեն գարնան առաջին օրը Մատենադարանի հրապարակում իշխանափոխություն, արտահերթ ընտրություններ պահանջողների պակաս չի լինի, ինչպես եւ չի եղել Հայաստանի երրորդ հանրապետության ողջ պատմության ընթացքում` ի դեպ:

Հ. ԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ժողովրդական կուսակցության առաջնորդը նաեւ «հրավիրեց բոլոր շահագրգիռ կուսակցություններին» համագործակցության` շեշտելով, որ ինքը «կայարանցի տղա է ու ոչ մեկի հետ կապ չունի: «Ազատություն` քաղբանտարկյալներին» տերմինը բարձրաձայնելը թերեւս հենց այս` համագործակցության, կամ էլեկտորատ խլելու ենթատեքստ ունի. մինչ ԱԼՄ-ի փակման որոշումը Կարապետիչը հաճախ չէր խոսում, էլ չենք ասումՙ պահանջում նրանց անհապաղ ազատումը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4