«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2011-01-18 | #7, 2011-01-19 | #8, 2011-01-20


«ԻՆԳՈՆ» ԳՈՀ Է ԱՊՊԱ-ԻՑ

«Ինգո Արմենիայի» գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանի գնահատականը գործընթացից դրական է

Արդեն 15 տարի է, ինչ Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է «Ինգո Արմենիա» ընկերությունը: Լինելով մեր երկրի առաջատար եւ հնագույն ապահովագարկան ընկերություններից մեկը, «Ինգո Արմենիան» ակտիվորեն ներգրավվեց ավտոտրանսպորտային միջոցների պատասխանատվությունից բխող պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) գործընթացում: Ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանի հետ մեր հարցազրույցն անդրադարձ էր ԱՊՊԱ գործընթացին:

- Ինչպե՞ս եք գնահատում ԱՊՊԱ գործընթացը, եւ ի՞նչ արդյունքների հասավ Ձեր ղեկավարած ընկերությունը:

- Գնահատականս միանշանակ դրական է, որովհետեւ մենք ձեռք բերեցինք այնքան, որքան պլանավորել էինք: Իսկ պլանավորել էինք այնքան, որքան ունեցել ենք կամավոր ապահովագրության տեսակներով: Այսինքնՙ 1,7 մլրդ դրամ, որ անցյալ տարի ստացել էինք կամավոր ապահովագրությունից: Մեր ընկերության հետ, մոտ 1,7 մլրդ դրամի չափով, ԱՊՊԱ-ի պայմանագրեր կնքեցին մոտ 60 հազար ավտոմեքենաների սեփականատերեր:

- Հունվարի առաջին 15 օրերի ընթացքում որքա՞ն դիմումներ, հայտեր, փոխհատուցումներ են եղել:

- Մենք կարծում էինք, որ այդ ընթացքում արձանագրված վթարների քանակը կավելանա ճանապարհային ոստիկանության նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 10-12 անգամով, բայց, ի զարմանս մեզ, ավելացավ 20-22 անգամով: Մեր հաճախորդներից արդեն ստացել ենք 240 դիմում, որոնցից մի մասը մեղավոր կողմ էր, մյուսըՙ տուժած: Նրանցից 45-ը ստացել են փոխհատուցումՙ 4 մլն դրամ ընդհանուր արժեքով: Փոխհատուցման նվազագույն չափը կազմել է 20 հազար դրամ: Ես կարծում էի, թե նման փոքր գումարի համար հայերը չէին սպասի ճանապարհային ոստիկանության, բայց պարզվեց, որ սպասում են: Իսկ մնացած դիմումները դեռ սպասարկման փուլում են:

- ԱՊՊԱ-ի շահութաբերությունը որպես կանոն բարձր չէ: Ձեր արդյունքները բավարա՞ր են որոշակի շահութաբերության ապահովման համար:

- Հենց այդ պատճառով էլ չգնացինք 60 հազար մեքենայից ավելի ապահովագրման: Եթե ռիսկերը չզտեինք, գործակալների ով լինելու հարցում խիստ վերահսկողություն չսահմանեինք, կարող էինք 30-40 հազար ավտոմեքենա ավելի ապահովագրել: Այսինքն, մենք զգուշորեն մտանք շուկա: Եթե նույնիսկ 15-20 տոկոս վնասաբերություն լինի, մենք պատրաստ էինք դրան եւ մեր կապիտալն էր թույլ տալիս դա ծածկել: Սակայն կարծում եմ, որ 3-7 տոկոս եկամուտ կունենանք: Եկամուտը կգնահատեի շատ ավելի, որովհետեւ ապագայում հնարավորություն կունենանք ավելի շատ գումարներ հավաքել կամավոր ապահովագրումից: Ես կանխատեսում եմ, որ մեր 60 հազար պարտադիր ապահովագրված մեքենաների տերերից 10 հազարը կամավոր ապահովագրություն կանցնեն, նվազագույնը 5 հազարըՙ բժշկական ապահովագրություն: Ասեմ, որ շուտով մեր նոր պոլիկլինիկայի բացման շնորհանդեսը կլինի:

- Ինչ-որ խնդիրներ առաջացա՞ն ԱՊՊԱ գործընթացի ժամանակ:

- Օրենքը բարդ լեզվով է գրված: Մեր կարծիքով չափազանց մեծ ուշադրություն էր դարձված հաճախորդների շահերը պաշտպանելուն, այն դեպքում, երբ այդ շահերը ոչ մենք, ոչ էլ մյուս ընկերությունները ոտնահարել չէին էլ պատրաստվում: Համենայն դեպս, Կենտրոնական բանկի եւ Ավտոապահովագրողների բյուրոյի հետ մեր աշխատանքները շատ արդյունավետ էին: Եթե մենք հիմնավորում էինք ծագած խնդիրը, ապա այն շատ արագ, մեկ շաբաթվա ընթացքում կարգավորվում էր:

- Ի՞նչ կցանակայիք ասել ձեր հաճախորդներին:

- Կցանկանայի մեկ անգամ եւս հավաստիացնել, որ շատ գնահատում ենք եւ շնորհակալ ենք մեր հաճախորդներին, նրանք այսուհետեւ եւս կարող են որեւէ պահի դիմել եւ ստանալ մեր աջակցությունը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4