Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի անձնակազմը վրդովված է: Երեկ նրանք հավաքվել էին «Հայելի» ակումբում, ներկա էր նաեւ քոլեջի տնօրենը` արվեստի վաստակավոր գործիչ Ակսել Բակունցը: Անձնակազմի անդամների վրդովմունքն առաջին հերթին ուղղված էր մշակույթի նախարարությանը: Քոլեջի անձնակազմը վրդովված է կառավարության որոշումից, որի համաձայն` Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջը միացման ձեւով պետք է վերակազմակերպվի` միանալով «Երեւանի մշակույթի պետական քոլեջին», որն էլ, ըստ որոշման, Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի իրավահաջորդն է, եւ վերջինիս իրավունքներն ու պարտականություններն անցնում են Երեւանի մշակույթի պետական քոլեջին: Էստրադային ու ջազային արվեստի քոլեջի դասախոսներից Գեւորգ Անդրիկյանը նշեց. «Ստացվում է, որ մեր քոլեջը լուծարվում է, եւ վերակազմավորման ձեւով հանձնում են մշակույթի քոլեջին»:
Խոսելով իրենց քոլեջից` Ակսել Բակունցն ասաց, որ քոլեջի պատմությունը սկսվում է 1979 թվականից, ստեղծվել է կառավարության որոշումով: Առաջին շրջանավարտներից են եղել Սյուզան Մարգարյանը, Էռնա Յուզբաշյանը եւ ուրիշ հայտնի երգիչ-երգչուհիներ: Քոլեջում մինչեւ այսօր աշխատում է անվանի երգիչ Ռուբեն Մաթեւոսյանը :
«Այստեղ ես աշխատանքային ավանդ ունեմ, եւ որոշումն ինձ համար զարմանալի է: Այսպիսի հաստատությունը չի կարելի այդպես անտեսել», ասաց Ռուբեն Մաթեւոսյանը:
Ներկաներն ասացին, որ նախկինում հանդիպել են մշակույթի նախարարին, բայց նորից հանդիպել չեն կարողանում: Անձնակազմի անդամների փոխանցմամբ` քոլեջի լուծարման վերաբերյալ նախարարը նշել է. «Ո՞վ է ասել` այդպիսի բան է լինելու»: «Նախարարի ասածն ու որոշումն այլ բան են ասում», դժգոհեցին ներկաները, որոնք որոշման մասին իմացել են դեկտեմբերի կեսերին, այն էլ ինտերնետով են գտել որոշումը:
Հիմա 2 քոլեջները նույն շենքում են գործում: Առաջ Էստրադային ու ջազային արվեստի քոլեջն ուրիշ շենքում է գործել, հետո տեղափոխվել է այնտեղ, որտեղ տեղակայված է նաեւ մշակույթի պետական քոլեջը, որը գործում է երգչուհի Նադեժդա Սարգսյանի տնօրինությամբ: Ակսել Բակունցը նշեց, որ քոլեջները միավորելու հարցը ծագեց, քանի որ փոխեցին իրենց տեղն ու տեղավորվեցին նույն շենքում, որտեղ է գտնվում նաեւ մշակույթի պետական քոլեջը. «Իմ կարծիքովՙ տնօրենը որոշեց միանանք, եւ ինքը լինի 2 քոլեջների տնօրենը: Սա իմ կարծիքն է»: Լրագրողների դիտարկմանը, թե ինչո՞ւ չեն հանդիպում Նադեժդա Սարգսյանին, չէ՞ որ իրենք նույն շենքում են աշխատում, Ակսել Բակունցը պատասխանեց. «Դա հնարավոր բան չէ»: Եթե քոլեջի իրավահաջորդը դառնում է Մշակույթի պետական քոլեջը, հետեւաբար տնօրենը կլինի Նադեժդա Սարգսյանը: Ներկաները դժգոհում էին, որ երկու քոլեջները չի կարելի միացնել, քանի որ դրանց պրոֆիլները տարբեր են: Բացի դրանից` Ակսել Բակունցը նշեց. «Լավագույն տարբերակը կլիներ, եթե մեր քոլեջն առանձին լիներ, իսկ եթե` ոչ, կուզենայինք, որ ուրիշ քոլեջը մեզ միանար, ոչ թե մենք միանայինք նրան»:
Թե ինչու՞ է կառավարությունը նման որոշում կայացրել, պատճառը հաստիքները կրճատե՞լն է, թե՞... հարցին քոլեջի դասախոսներից Անահիտ Մազմանյանը պատասխանեց. «Թո՛ղ նախարարություններն իրար ձուլեն, թո՛ղ մշակույթի ու կրթության ու գիտության նախարարություններն իրար միացնեն. այդպես էլ հաստիքներ կկրճատվեն ու կլցնեն բյուջեն: Մենք ուզում ենք, որ որոշումը բեկանեն: Եթե հարկ լինի, դասադուլ կանենք, Եվրոխորհուրդ կդիմենք: Մենք ուզում ենք գործել որպես առանձին կրթօջախ»:
Ակսել Բակունցի կարծիքից կարելի է հետեւություն անել, որ նախաձեռնությունը Նադեժդա Սարգսյանինն է: Ինչեւէ, որոշումն արդեն կայացված է: Գեւորգ Անդրիկյանն ասաց, որ Ջազային ու էստրադային պետական քոլեջի անունը բրենդ է Հայաստանի համար: Քոլեջը շրջանավարտներ է ունեցել տարբեր երկրներից` Սիրիայից, Բեյրութից, Իրաքից եւ այլն: «Չի կարելի գրչի մի հարվածով քանդել, ոչնչացնել այդ ամենը», հավելեց Գեւորգ Անդրիկյանը:
Իսկ մշակույթի նախարարությունն ի՞նչ է մտածում այս մասին: Նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը «Ազգի» հետ զրույցում ասաց, որ սա կառավարության օպտիմալացման նախագիծն է, սակայն երկու քոլեջների միաձուլման ընթացքում որեւէ քոլեջի հաստիքացուցակը չի կորում. «Պարզապես մի անվանում են ստանում` «Մշակույթի քոլեջ»: Անունների նմանությունը թյուրիմացություն է ստեղծել»: «Ազգի» հարցինՙ իսկ ինչո՞ւ է որոշման մեջ նշված, որ իրավահաջորդ է լինում Երեւանի մշակույթի պետական քոլեջը, Սոնա Հարությունյանը պատասխանեց. «Իրավահաջորդը» իրավաբանական ձեւակերպում է: Պետք է հասկանալ, որ խոսքը 3-րդ կառույցի մասին է, այսինքն` «Մշակույթի քոլեջի»: Եթե քոլեջները միաձուլվում են, ստեղծված այդ 3-րդ կառույցն է դառնում իրավահաջորդ: Ուղղակի անունն է թյուրիամացություն ստեղծել»:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ