«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2011-01-18 | #7, 2011-01-19 | #8, 2011-01-20


ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԱՆՁԱՄԲ ԿՎԵՐԱՀՍԿԻ ՍԱՄԱՐԱՅԻ ՆԳ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ

Ինչպես տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդա Սամարա» թերթը` Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզի ՆԳ գլխավոր վարչության պետ Յուրի Ստերլիկովն իր անձնական հսկողության տակ է պահելու հունվարի 15-ին ազգայնականների կողմից սպանված հայ ուսանող Արմեն Սահակյանի սպանության գործի հետաքննությունը: Հունվարի 15-ին տեղի Պետական համալսարանի իրավաբանական բաժնի ուսանող Արմեն Սահակյանն առանձնակի դաժանությամբ սպանվել էր երիտասարդներից բաղկացած խմբի կողմից: Սպանվածի հոր խոսքերով, այդ օրը լրանում էր մոսկովյան «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագու Եգոր Սվիրիդովի մահվան 40 օրը, ինչը ավելի հավանական է դարձնում, որ որդուն սպանել են սափրագլուխ ազգայնամոլ ծայրահեղականները: «Գործը վերցնում եմ անձնական հսկողության տակ: Հանցագործությունը դեռեւս բացահայտված չէ, ու չկան սպանության ականատեսներ: Այդ իսկ պատճառով խնդրում եմ նրանց, ովքեր ցանկանում են օգնել հետաքննությանը, զանգահարել իմ ընդունարան: Գաղտնիությունը երաշխավորվում է: Սպանությունից հետո անձամբ նայել եմ բլոգերն ու սոցիալական ֆորումները, սակայն, դեռ ապացուցված չէ, որ հանցագործությունը կատարվել է ազգայնական հողի վրա», ասել է Ստերլիկովն ու ընդգծել, թե ազգայնական բնույթի հանցագործությունների խնդիրը շատ սուր է դրված տարածաշրջանում:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4