«Ազգը» հունվարի 19-ի համարում տեղեկացրել էր, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 20-ին կժամանի Թուրքիա, որտեղ Ահմեդ Դավութօղլուի հետ կքննարկի «երկկողմ, տարածաշրջանային, միջազգային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվումՙ իրադրությունը Հարավային Կովկասում»: Երեկ Ստամբուլում կայացած հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարները հանդես են եկել համատեղ ասուլիսով, որտեղ շրջանառվող թեմաներից կարելի է եզրակացնել թերեւս, որ հանդիպմանը առավելապես քննարկվել են ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները: Դավութօղլուն մասնավորապես վստահություն է հայտնել, որ ռուս-թուրքական գործակցությունը «դուրս կբերի երկու երկրների հարաբերությունները որակական նոր փուլ: Ուզում եմ նշել, որ առաջիկա գարնանը վարչապետ Թայիփ Էրդողանը կայցելի Ռուսաստան: Այդ այցի շրջանակներում Մոսկվայում կանցկացվի ռուս-թուրքական «Ռազմավարական ծրագրման խմբի» երկրորդ նիստը», նշել է Թուրքիայի արտգործնախարարը: Լավրովը, շնորհակալություն հայտնելով «ավանդական հյուրընկալության եւ ռուս-թուրքական Ռազմավարական ծրագրավորման խմբի առաջին նիստի աշխատանքները հիանալիորեն կազմակերպելու համար», նշել է. «Մեր հիմնական խնդիրը գործակցության խմբի երկրորդ նիստի նախապատրաստումն է, որը կկայանա այս տարվա գարնանը` Մոսկվայում: Ուզում եմ ընդգծել, որ սա բոլորովին նոր մեխանիզմ է, որը արտացոլում է ռուս-թուրքական ռազմավարական գործակցության ներկա մակարդակը, ինչն իրականացվում է ամենատարբեր ոլորտներում: Խմբի երկրորդ նիստը լինելու է յուրահատուկ, քանի որ հենց այս գարնանը լրանում է Ռուսաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության եւ Թուրքիայի միջեւ կնքված «բարեկամության եւ եղբայրության» մասին համաձայնագրի 90-րդ տարեդարձը: Այնպես որ, մեր հարաբերությունների հիմքում ընկած են վաղեմի ավանդույթները եւ միմյանց հետաքրքրություններն ու շահերը հարգելու փոխըմռնումը»:
Էրդողանի առաջիկա այցը Ռուսաստան «պատասխան է» նախագահ Մեդվեդեւի` անցած մայիսին Թուրքիա կատարած պաշտոնական այցին: Հենց այդ այցելության ժամանակ էլ Մոսկվան Անկարայի հետ ուղղություն վերցրեց` խորացնելու երկկողմ քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային հարաբերությունները:
Հ. Ա.