«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2011-01-19 | #8, 2011-01-20 | #9, 2011-01-21


ԲՐԱՅԶԱՆ ԳԱԼԻՍ Է ԲԱՔՈՒ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, իր «միանշանակ» բառապաշարով հայտնի Մեթյու Բրայզան շուտով կգլխավորի Բաքվում ԱՄՆ դեսպանատունը` առնվազն մինչեւ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը` հղում անելով «Վաշինգտոնի դիվանագիտական աղբյուրներին», նախագահ Օբաման ի վերջո չփոխեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի իր առաջադրած թեկնածուին, եւ փետրվարի առաջին օրերին Բրայզան կժամանի Բաքու:

Հիշեցնենք, որ անցյալ տարի, երբ Բրայզայի թեկնածությունը դրված էր Սենատի հաստատմանը, վերջինիս անդամներ Մենենդեսը եւ Բոքսերը վետո կիրառեցին: Իրենց հերթին Ամերիկայի հայկական կազմակերպությունները բազմիցս, ներկայացնելով տարբեր փաստեր ու տեղեկություններ, հանդես են եկել Բրայզայի թեկնածության հաստատման դեմ:

Ինչեւէ, այժմ, համաձայն ԱՄՆ սահմանադրության, երբ Կոնգրեսն ու Սենատը հետընտրական արձակուրդի մեջ են, նախագահը կարող է առանց սպասելու նրանց հաստատմանը` կատարել կադրային փոփոխություններ դիվանագիտական կորպուսում համապատասխան հրամանագրով, որը ենթակա է անմիջապես կատարմանը: Սակայն երբ նոր Սենատը սկսի աշխատանքները` մինչեւ այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր (նստաշրջանի ավարտ) կարող է չհաստատել նախագահի հաստատած դեսպանին, վերջինս էլ ստիպված կլինի վերադառնալ` անկախ նախագահական հրամանագրից:

Բրայզայի թեկնածության դեմ անցյալ տարի վետո կիրառած սենատորներից Մենենդեսը Սենատի այս կազմում չի ընտրվել, իսկ Բոքսերը կշարունակի աշխատանքը նաեւ այս Սենատում:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4