Ինչպիսի՞ ուղղվածություն եւ ի՞նչ հարկային արտոնություններ կունենան դրանք
Ազատ տնտեսական գոտիներն աշխարհում նորություն չեն: Դրանք վաղուց գործում են տարբեր երկրների որոշակիորեն առանձնացված տարածքներումՙ նպատակ ունենալով խթանել տնտեսության այս կամ այն ճյուղը, խոշոր ներդրումներ ներգրավել, զարգացնել արտահանումը, բարձրացնել մարդկանց բարեկեցության մակարդակը եւ այլն: Ազատ տնտեսական գոտի չի կարող ամբողջ երկիրը դառնալ, քանի որ հարկային դաշտից ամբողջությամբ ազատ երկիր պարզապես գոյություն ունենալ չի կարող:
Հայաստանում նույնպես մոտ ապագայում կստեղծվեն ազատ տնտեսական գոտիներՙ մասնավորապես նպատակ ունենալով զարգացնել մեր տնտեսության իրական հատվածը: Այդ ծրագրերի մասին կառավարությունը բազմիցս հայտարարել է, իսկ անցյալ տարվա վերջին նիստերից մեկում այդ գաղափարը մտավ գործնական փուլ: Այսինքն, կառավարությունը հավանություն տվեց այն օրենսդրական փոփոխություններին, որոնք անհրաժեշտ են ազատ տնտեսական գոտիների ստեղծման համար:
Որտե՞ղ կգործեն ազատ տնտեսական գոտիները, տնտեսության ո՞ր ճյուղերի համար, ի՞նչ հարկային արտոնություններ կունենան եւ ի՞նչ արգելքներ կդրվեն դրանք չարաշահելու ցանկություն ունեցողների, այսինքնՙ հնարավոր ռիսկերից խուսափելու համար: Այս հարցերի շուրջը զրուցեցինք էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանի հետ:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ, առաջիկայում Հայաստանում կստեղծվեն երկու ազատ տնտեսական գոտիներՙ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում եւ «Մարս» գործարանի տարածքում:
Հայկ Միրզոյանի պարզաբանմամբ, «Զվարթնոց» օդանավակայանի ազատ գոտին մասնագիտացված է լինելու գյուղմթերքների ուղղությամբ: Մասնավորապես, այն կոչված է լինելու ներկայացնելու եւ վաճառելու հայկական մրգեր ու բանջարեղեն: Այս նպատակով բոլոր ծառայություններն այստեղ իրականացվելու են մեկ պատուհանիցՙ գյուղմթերքների պահեստավորում, տեսակավորում, փաթեթավորում, մեծածախ եւ մանրածախ վաճառք: «Զվարթնոցում» կլինեն միջազգային սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչները:
Ըստ արդյունաբերության վարչության պետի, գյուղմթերքների արտադրության ամբողջ շղթան է գտնվելու փորձագետների աջակցության ներքո: Ազատ տնտեսական գոտի իրենց մթերքները վաճառող գյուղացիներին տրվելու է անհրաժեշտ խորհրդատվությունը, թե ի՞նչ պետք է նրանք արտադրեն, ինչպե՞ս արտադրեն, ինչպե՞ս ջրեն, ի՞նչ պարարտանյութ օգտագործեն եւ այլն:
«Մարս» գործարանի տարածքում կստեղծվի արդյունաբերական արտադրության ազատ գոտի, որտեղ կգործեն տարբեր գիտատար արտադրություններՙ էլեկտրոնիկա, մեքենաշինություն, դեղագործություն եւ այլն: Մի խոսքով, արտադրություններ, որոնք կհամապատասխանեն կառավարության սահմանած չափորոշիչներին: Այսինքն, հնարավոր ռիսկերից խուսափելու համար ազատ տնտեսական գոտում կգործեն միայն կառավարության հավանությանն արժանացած բիզնես ծրագրեր ունեցող ձեռնարկությունները, որտեղ նշված կլինեն պահանջվող չափորոշիչներըՙ ներդրումների չափը, ստեղծվելիք աշխատատեղերի քանակը, արտադրության նորարարությունն ու գիտատարությունը, արտահանման ուղղվածությունը եւ այլն:
Ինչպես «Զվարթնոցի», այնպես էլ «Մարսի» ազատ տնտեսական գոտում կգործի այլ հարկային դաշտ: Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետի բացատրությամբ, դրանք թեեւ Հայաստանի Հանրապետության տարածքում են, բայց համարվում են երկրի մաքսային տարածքից դուրս տարածք:
Ազատ տնտեսական գոտիներում սահմանվելու են որոշակի հարկային արտոնություններ: Ինչպես հայտնեց Հայկ Միրզոյանը, այդ տարածքներում գործող տնտեսվարողները ազատված են լինելու մի շարք հարկատեսակներիցՙ ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ), շահութահարկից եւ գույքահարկից: Սա լինելու է այդ գոտիներում գործելու հիմնական տնտեսական խթանը: Միաժամանակ, ազատ տնտեսական գոտիներում թույլատրվելու է առեւտուր իրականացնել ազատ փոխարկելի արտարժույթով, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի, որտեղ առեւտուրը պետք է կատարվի միայն ազգային արժույթովՙ դրամով:
Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր ազատ տնտեսական գոտու ստեղծման համար կառավարության որոշումը պետք է լինի: Նա նաեւ ասաց, որ վերոնշյալ գոտիների ստեղծման ծրագրերն ընթացքի մեջ են եւ օրենսդրական փոփոխությունները կյանքի կոչելուց հետո ազատ տնտեսական գոտիների ստեղծման աշխատանքները կարագանան:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ