«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2011-01-19 | #8, 2011-01-20 | #9, 2011-01-21


ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ

Մահացավ ֆրանսահայ նկարիչ Շարթը

Հունվարյան մեր կորուստները չեն դադարում, մահվան լռության սառը «ձայնը» շարունակվում է: Հունվարի 15-ին, շաբաթ առավոտյան Փարիզին մերձ Շանթիյի իր արվեստանոցում մահացավ ֆրանսահայ նկարիչ Շարթը (Սարգիս Հարությունյան). արվեստագետ իր ողջ էությամբ ու գործունեությամբ, նկարչության նվիրյալ անձՙ հավատավոր ու համեստ նկարագրով, որի ստեղծագործաբար ապրած կյանքի վկայությունը իր ժառանգությունն է արվեստի, մի զգալի մաս աշխարհի տարբեր թանգարանների սեփականություն դարձած:

Նկարչի կինը ֆրանսահայ ականավոր երգահան Ժորժ Կարվարենցի քույրն էՙ Մարի Շարթը, զավակներից մեկըՙ կինոբեմադրիչ Րաֆֆի Շարթը ապրում է Փարիզում, մյուսըՙ Պատրիկըՙ Լոնդոնում: Երկու ցանկություն է ունեցել կյանքի ավարտին նկարիչըՙ մահանալ իր նկարակալի մոտ եւ թաղումը Հայր Հարություն Պզտիկյանը կատարեր: Ինչպես փարիզաբնակ մեր բարեկամն է պատմում, հունվարյան այդ առավոտ կանուխ իր սովորության համաձայն սուրճը խմելուց հետո բարձրացել է իր առանձնատան 2-րդ հարկի արվեստանոցՙ նկարակալին մոտենալու, բայց հանկարծահաս կաթվածը սրտի, հենց տեղում դադարեցրել է կյանքը: Թաղման արարողությունը կատարվել է Առնուվիլի հայ կաթողիկե եկեղեցում, պատարագը մատուցել է Հարություն Ծ. վրդ. Պզտիկյանը, թաղվել է Առնուվիլի ընտանեկան գերեզմանոցումՙ բարակ մաղվող անձրեւի ուղեկցությամբ: Ի թիվս սգակիրների, նկարչի հուղարկավորությանը ներկա է եղել Շառլ Ազնավուրը, քրոջՙ Աիդայի հետ:

Շարթը ծնվել է Բեյրութում 1927-ին, հաճախել Սբ Գր. Լուսավորիչ վարժարան: Աշխատել է քարտեզա-գրական մի ընկերությունում: 13 տարեկանից զբաղվել է նկարչությամբ: 1947-ին բնակության է փոխադրվել Փարիզ, այդ տարիներին հանդիպել է Գառզուին: Փարիզի Արվեստի ակադեմիա ընդունվել, բայց չի սովորել, ընդամենը 15 օր անց հեռացել է, հաճախել Ազատ արվեստի ստուդիաներ: Մի շրջան փորձեր է արել աբստրակցիայի ձեւերի մեջ, այդ աշխատանքներից դժգոհ, վերադարձել իր դավանած ոճինՙ ֆիգուրատիվ նկարչությանը: Իր արվեստը ճանաչողները նրան համարում են Սեզանի գեղագիտության հետեւորդ, պինդ պատկերաձեւերի եւ գուներանգների առումով հատկապես: «Այսօր նկարիչը ինքնաբաւ եւ իր ստեղծագործութիւններով ապրող նկարիչ մըն է, որ մաս կը կազմէ ընդհանուր դպրոցի մը, որ կը կոչուի Փարիզի դպրոց (Ecole de Paris) եւ որուն մաս կազմած են Գառզու, Ժանսէմ եւ ուրիշներ» (Գր. Քեոսեյան):

Շարթը շատ է ճամփորդել, եղել եվրոպական գրեթե բոլոր երկրներում, շփվել բազմազան մշակույթների հետ: Հոլանդիայում նրա վրա մեծ ազդեցություններ թողել են մեծն Ռեմբրանդտը եւ Ֆրանս Հալսը: Այս շրջանում տարվել է Կոնֆուցիոսի, Կանտի փիլիսոփայությամբ: Եղել է Դանիայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ուպսալայում արժանացել է մրցանակի:

Առաջին ցուցահանդեսը բացվել է Բեյրութում 1952-ին, առաջին մեծ ցուցահանդեսը Փարիզում 1955-ին, մասնակցել է «Անկախների սալոնի» շարժմանը, «Նոր ալիք» խմբի հետ ցուցադրվել է Գրիգոր Համբարձումյանի Գալերի Ֆրամոնում: Այս շրջանում է հանդիպել սյուրռեալիստ Լեւոն Թյությունջյանին: 1955-1956-ից սկսած Շարթը գրեթե ամեն տարի ցուցահանդեսներ է ունեցել եվրոպական տարբեր երկրներումՙ Իտալիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, նաեւ Լիբանանում (որտեղ մի ամբողջ տարի բնակվել եւ ստեղծագործել է Բեյրութի Թեքեյան կենտրոնում), Իսրայելում, բազմիցս անգամներՙ Բեյրութում եւ Փարիզում, 1963-ին` Նյու Յորքում, 1964-ին Վենետիկում հանդիպում է հայազգի մեծանուն դրամատուրգ Արթուր Ադամովին: 1966-ից արդեն Շարթի գործերը սկսում են գնել եվրոպական մի շարք թանգարաններ: Իր նկարների մի մաս գտնվում է Վենետիկի Սբ Ղազարի թանգարանում:

Շարթը այցելել է նաեւ Հայաստան, եղել Սբ Էջմիածնում, սակայն նկարիչը եւ իր ստեղծագործությունները մեզանում կարելի է ասել, գրեթե անծանոթ են:

2009-ին Բոստոնում տպագրված Գրիգոր Քեոսեյանի «Պրիսմակին գոյները» գրքում հեղինակը երկու էջ նվիրել է Շարթին: Ներկայացնենք մեկ հատված. «Շարթի սեւեռած նիւթերը, ինչ որ ալ ըլլան անոնք,- անձ, իրանկար, բնութիւն,- կ՚ունենան զանգուածեղ, մեծակշիռ ներկայութիւն, որուն նեղ կու գայ կտաւը եւ իր շրջանակը: Անոնք կը նմանին այն հսկային, որ կը հագնի իր չափէն պզտիկ բաճկոնակ մը եւ վտանգը կայ յորդելու: Այդ զանգուածեղ ներկայութիւնը դեռ եւս զօրացած է, կարծրացած, հաստատուն ձեւերով, զօրաւոր գոյներով եւ պիրկ գիծերով: Ու տակաւին այդ բոլորը կ՚ունենան ահագնութիւն մը, երբ իրերը, անձերը թէ տեսարանները կը զեղչուին իրենց մանրամասնութիւններէն - կը սեղմուին, կ՚ ամփոփուին, պահելու համար միայն իրենց հիմնական յատկանիշերը: Ընդերքներէն եկած ուժ մըն է, որ կը պայթի եւ կը հասնի բացորոշ եզրակացութեան: Շարթին արտայայտապաշտ եղանակն է ասիկա:

...Շարթի արուեստին մէջ հոլովոյթ մը նշմարելի է, գոյնի թէ արտայայտութեան նրբութեան տեսակէտով: Ինք մնալով հանդերձ ինքն իրեն հարազատՙ գոյները աւելի երանգաւոր շերտաւորումներ ունին»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4