«Հայ-վրացական հարաբերությունների հիմնաքարերից են վրացահայության եւ ջավախահայության քաղաքացիական, կրոնական, լեզվական, կրթամշակութային իրավունքների պաշտպանությունն ու նրանց առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծումը», Վրաստանի նախագահի այսօր Հայաստան ժամանելու առնչությամբ հայտարարություն է երեկ տարածել Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը:
Ինչպես արդեն «Ազգը» տեղեկացրել է, հունվարի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Նինո Քալանթաձեն հայտարարել էր, թե հատկանշական է, որ 2011-ին իր առաջին արտասահմանյան այցը նախագահ Սաակաշվիլին իրականացնում է Հայաստան, «այսպիսով ընդգծելով երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները»:
Վրաց նախագահի պատվիրակության կազմում է լինելու նաեւ արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, որը Երեւանում կհանդիպի իր հայ գործընկերոջ հետ: Ըստ վրացական արտգործնախարարության, հայ-վրացական քննարկվելիք հարցերում ներառված են լինելու երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները խորացնելու հեռանկարները:
Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի հայտարարության համաձայն, Ջավախքի հիմնախնդիրներից առավել կարեւոր են հայոց լեզվին կարգավիճակ տրամադրելու հարցը, Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին իրավական կարգավիճակ տրամադրելը եւ խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված եկեղեցիները վերադարձնելը, ջավախահայ ազգային-հասարակական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցումը, ազգային-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի ազատ արձակումը: Խորհուրդը նաեւ առավել կարեւոր է համարել Հայաստան-Ջավախք սահմանակետում վրաց սահմանապահների կողմից կիրառվող` հայատառ գրքերի, թերթերի եւ ամսագրերի անցկացման արգելքի վերացումը, Ջավախքի հիմնախնդիրներով մտահոգ մի խումբ հայաստանյան գործիչների` Վրաստան մուտք գործելու արգելքի վերացումը, Ջավախքի հայկական դպրոցներում կրճատված հայերեն դասաժամերի վերականգնումը:
«Կոչ ենք անում երկու երկրների նախագահներինՙ բանակցությունների ընթացքում քննարկել նաեւ վերոնշյալ խնդիրները, որոնց լուծմամբ միայն հնարավոր կլինի կայուն եւ երկարաժամկետ հիմք ստեղծել հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման համար», ասվում է հայտարարության մեջ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ