Հայաստանում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինեգործարանը: «Արմատ» ակումբի բանախոսները երեկ հենց այս մասին էին խոսում: Անդրադառնալով Արենիի պեղումներին` ԳԱԱ հնագիտության ու ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը տեղեկացրեց. «Գինու արտադրության հնագույն համալիրը բացվել է Արենիում: Մեր ունեցած տվյալները թույլ են տալիս հայտարարել, որ Հայաստանը գինու արտադրության հնագույն օջախ է»: Արենիում հայ-իռլանդական-ամերիկյան արշավախմբերը պեղումներ են կատարում 2007 թվականից: Նրա փոխանցմամբ` հնագետների հենց առաջին դիտարկումները ցույց էին տալիս, որ գործ ունենք կավակերտ այնպիսի կառույցների հետ, որոնք վկայում են խաղողագործության մասին: Պավել Ավետիսյանն ասում է, որ անալիզների իրենց ունեցած արդյունքները 99 տոկոս հավանականությամբ վկայում են, որ գործ ունենք գինու արտադրության տեղամասի հետ: «Սպասում ենք ԴՆԹ-ի անալիզների վերջնական արդյունքներին, որպեսզի համոզված լինենք 100 տոկոսով», հավելեց Պավել Ավետիսյանը: Արենիի այս գինեգործարանին «Ազգը» անդրադարձել է դեռ անցյալ տարի:
Պեղումների արշավախմբի հայկական կողմի ղեկավար Բորիս Գասպարյանը երեկ նշեց, որ գինեգործական համալիրից հայտնաբերել են խաղողի ճյուղ, որը հանել են կարասներից, հնձան, իսկ կարասներից մեկի ծավալն էլ շուրջ 50 լիտր է, ինչը հնագույն ժամանակների համար բավականին մեծ տարողություն է համարվում: Բանախոսները նշեցին, որ, առհասարակ խաղողագործության ակունքները դեռ լավ ուսումնասիրված չեն: Երբ խոսում ենք խաղողի ընտելացման մասին, պետք է անդրադառնանք նաեւ ոռոգման խնդրին: Եթե Արենիում խաղողի ընտելացմամբ են զբաղվել, ուրեմն այդտեղ մեր թվարկությունից առաջ նաեւ ոռոգման համակարգ է եղել, իսկ ոռոգման ցանցի առկայությունը վկայում է բարձր զարգացած հասարակության մասին, ինչը գոյություն է ունեցել 5-րդ հազարամյակի վերջին: Պավել Ավետիսյանն ասում է, որ պեղված քարայրի հնագույն շերտերը վերագրում են մ. թ. ա. 5-րդ հազարամյակի վերջին ու 4-րդ հազարամյակի առաջին կեսին, գինեգործական ամբողջ համալիրը վերագրում են հենց այդ ժամանակահատվածին: «Գուցե ավելի հին շերտեր էլ բացենք», ավելացրեց Պավել Ավետիսյանը, ապա նշեց. «Եթե պարզվի, որ խաղողի արենի տեսակն անմիջական դուստրն է այն խաղողի, որն արձանագրել ենք Արենիում, դա արդեն կդառնա սենսացիոն փաստ»: Բանախոսներն ասում են, որ Արենին այնպիսի վայր է, որտեղից կարելի է սպասել բազմաթիվ սենսացիոն արդյունքներ: Արենիում իրականացվող ուսումնասիրություններին կապված, ըստ Պ. Ավետիսյանի, 3 հիմնական խնդիր կա: Նախՙ դրանք պետք է կատարել ժամանակակից պահանջներին համապատասխան: Բացի դրանից` հայտնաբերված գինեգործական համալիրը Հայաստանի ու հայ գինեգործների համար դառնում է բրենդ, իսկ հնավայրն էլ կարող է դառնալ զբոսաշրջության էկզոտիկ վայր: Դեպի Արենի զբոսաշրջիկների հոսքը կունենա իր նպաստը նաեւ տնտեսության մեջ:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ