«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2011-01-21 | #10, 2011-01-22 | #11, 2011-01-25


ՄԻԱՍԻՆ, ԲԱՅՑ ՄԻԱՅՆ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

Կիպրոսի պաշտոնական տեսակետը. «Թուրքիան խստացնում է օկուպացիան, վերաբնակեցնում հյուսիսը, վաճառում հույն կիպրացիների ունեցվածքը»

Յուրաքանչյուր հակամարտություն մի քանի երես ունի ու առնվազն տեղի ունեցածի մի քանի «ճշմարիտ» բացատրություն կամ նախապատմություն: Ու թեեւ իրականությունը մեկն է, հակամարտող կողմերին հարցնելիս տրամագծորեն տարբեր «իրականության» ես հանդիպում, առավել եւս, երբ հակամարտությունը երկար ժամանակագրություն ունի:

Այսօր եւ վաղը` հունվարի 25-26-ին Ժնեւում տեղի կունենա բանակցությունների հերթական ռաունդը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի եւ Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի ու թուրք կիպրոսցիների, կամ ինչպես իրենք են իրենց անվանում` չճանաչված Հյուսիսային Կիպրոսի նախագահ Դերվիշ Էրողլուի մասնակցությամբ` քննարկելու կիպրոսյան խնդրի լուծման ուղիները: Կողմերը, որքան էլ ցանկալի լիներ, թեեւ ակնկալիքներ ունեն, սակայն այնքան լավատես չեն, որքան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Կիպրոսի հարցով հատուկ խորհրդական Ալեքսանդր Դաուները, որը հույս է հայտնել, թե այս հանդիպումը կարող է առաջընթաց գրանցել:

Թուրքիայի նպատակը կղզին բաժանելն է

Հույն կիպրացիներն առանձնակի հույսեր չեն կապում ժնեւյան բանակցությունների հետ: Այդպիսին է մոտեցումը Կիպրոսի կառավարության խոսնակ, նախագահի ներկայացուցիչ Ստեֆանոս Ստեֆանուի, որի հետ հանդիպումը տեղի ունեցավ Կիպրոսի նախագահի նստավայրում` Եվրոպական հարեւանության լրագրողական ցանցի` հունվարի 16-21-ը հայ եւ ադրբեջանցի լրագրողների մասնակցությամբ հերթական սեմինարի շրջանակներում:

«Մեծ հույսեր չպետք է ունենալ: Այս հանդիպման կոնկրետ խնդիրը քննարկվող հարցերում համաձայնության ավելի շատ ընդհանուր կետեր գտնելն է: Իսկ վերջին շրջանի երկխոսության գործընթացում որեւէ դրական պահ չի դիտարկվում», գտնում է Կիպրոսի նախագահի ներկայացուցիչը:

Երկու մասի բաժանված Կիպրոսի խնդրի հիմքում Ստեֆանուն 1974-ից տեղի ունեցած կրկնակի հանցագործություն է տեսնում ինչպես հույն, այնպես էլ թուրք կիպրացիների նկատմամբ: Առաջինը, ըստ հունական կողմի, ռազմական հեղաշրջումն էր Հունաստանում տիրող զինվորականության կողմից, եւ երկրորդը` մի քանի օր անց Թուրքիայի անօրինական ներխուժումը Կիպրոս` տարածքի գրեթե 36 տոկոսի օկուպացմամբ:

«Մինչ այդ թուրք եւ հույն կիպրացիները ապրում էին ողջ հանրապետության տարածքում միասին: Հետո Թուրքիան պահանջեց, որ հունական կողմում ապրող թուրք կիպրացիները վերաբնակվեն հյուսիսում, իսկ այնտեղ ապրող հույն կիպրացիները բռնի արտաքսվեցին իրենց տներից», ներկայացնում է Ստեֆանուն` ինքն իրեն օրինակ բերելով. «Ես տասը տարեկան էի, ինձ իմ գյուղից ու տնից արտաքսեցին մոտ 200.000 փախստականների հետ, այսինքն` հանրապետության բնակչության 1/3-ի մասին է խոսքը»:

1974-ից փորձեր են արվելՙ լուծելու բուֆերային գոտիով եւ ՄԱԿ-ի խաղաղապահների ներկայությամբ «շփվող» Կիպրոսի հարցը, բայց ոչ հունական, ոչ թուրքական կողմում հույս չունեն, թե կարող են վերադառնալ համատեղ, միասին կյանքին այնպես, ինչպես մինչեւ 1974-ը: Հունական կողմի համար հարցի լուծումը «օկուպացիայի վերացումն է, Կիպրոսի տարածքային ամբողջականության վերականգնումը, նաեւ երկգոտի, երկհամայնք համադաշնությունը»: Հունական եւ թուրքական համայնքները, ըստ այդմ, կլինեն համակառավարիչ, յուրաքանչյուր համայնք կունենա իր տարածքը, բայց մեկ քաղաքացիությամբ, մեկ միջազգային ներկայացվածությամբ:

Թե ինչու այս ամենում հունական եւ թուրքական կողմերը չեն կարողանում հասնել համաձայնության, պատճառ է նշվում Թուրքիան: Դրանով հանդերձ, հունական կողմն ակնկալում է, որ Թուրքիան մեծացնի իր հուսալիությունը, մինչդեռ վերջինս «հրահրիչ ու կոշտ դիրքորոշում է ցուցաբերում»: 2008-ից վերականգնված բանակցություններում հունական կողմը լավատեսություն չունի, քանի որ «Թուրքիան խստացնում է օկուպացիան, վերաբնակեցնում է հյուսիսը, վաճառում հույն կիպրոսցիների ունեցվածքը»:

Թուրքական կողմում Թուրքիայի զինուժի առկայությունը հույների անվտանգության խնդիր է դնում, մինչդեռ հույն-կիպրացիները ընդունում են, որ միասնական պետության մեջ թուրք-կիպրացիները կարող են բնակչության 80/20 հարաբերակցությամբ միասին կառավարել երկիրը: «Ազգի» հարցին, թե ինչպես գնահատել այն հանգամանքը, որ թուրք-կիպրական հատվածում գնալով մեծանում է Թուրքիայից վերաբնակվածների թիվը` փոխելով կղզու բնակչության կազմը, Ստեֆանուն ներկայացրեց հունական կողմի դիրքորոշումն առ այն, որ դա ծառայում է Թուրքիայի` կղզին բաժանելու նպատակին, եւ ռազմական հանցագործության արդյունք է:

Հունական կողմը վստահեցնում է, որ թուրք կիպրոսցիները հյուսիսում փոքրամասնություն են, այն դեպքում, երբ մի քանի անգամ մեծ է Թուրքիայի քաղաքացիների թիվը: Ամեն դեպքում, հունական կողմը բանակցությունների շրջանակներում առաջարկում է մարդահամար անցկացնել որեւէ միջազգային կազմակերպության միջոցով` ճշտելու կիպրացիների եւ վերաբնակիչների թվաքանակը: «Խնդրի լուծումը պետք է նկատի առնի վերաբնակեցման դադարեցումը, նաեւ արտաքսումը նրանց, ովքեր արդեն տեղափոխվել են Թուրքիայից Կիպրոս: Պետք է քննարկել նաեւ, թե որքան վերաբնակիչ կարող է ապրել Կիպրոսում, որոնց կարող է տրվել քաղաքացիություն»:

Թուրքիայի միջամտությունը ցանկալի չէ թուրք կիպրացիներին

Վերաբնակված թուրքերի թվաքանակի եւ ոչ միայն այդ առնչությամբ հունական կողմից տարբեր կարծիքներ ունի թուրք-կիպրական կողմի ղեկավարությունը: Երկար տարիներ տարբեր պաշտոններ զբաղեցրած, նաեւ 2005-ից 2010-ի ապրիլ, այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ ընտրված Ալի Թալաթը չափազանցված է համարում վերաբնակիչների թվաքանակի հունական կողմի տվյալները, համարելով, որ իրականում Կիպրոսի թուրքական բնակչությունը ներկայումս կազմում է ընդհանուրի 25-30 տոկոսը:

Բանակցություններ անցկացնելու տարբեր փորձերից, նախաձեռնություններից ու ձախողումներից հետո ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող կիպրոսյան բանակցությունների ներկայիս փուլը մեկնարկել է 2008-ի սեպտեմբերին` Կիպրոսի նախագահ Դեմետրիուս Խրիստոֆիասի եւ թուրքական կողմը ներկայացնող Ալի Թալաթի մասնակցությամբ:

2004-ից Եվրոմիության անդամ դարձած Կիպրոսի հյուսիսային հատվածի հետ շփումներ ԵՄ մակարդակով չկան` համարելով այն Կիպրոսի Հանրապետության կողմից չվերահսկվող տարածք: Առանց հարցը լուծելու Կիպրոսի ԵՄ անդամակցությունը Թալաթը համարում է խնդիրը լուծելուն խանգարող հանգամանք: Գրեթե երկու տարի բանակցություններին մասնակցած Թալաթը, որի համոզմամբ Կիպրոսի հյուսիսային հատվածի ներկայիս ղեկավարությունն, ընդհանուր առմամբ, շարունակում է իր իսկ վարած քաղաքականությունը, գտնում է, որ Կիպրոսի խնդիրը համայնքների խնդիրն է, որ դարձել է քաղաքական:

Թալաթի բացատրությամբ, Կիպրոսի հյուսիսի համար հարցի լուծումն առավել արդիական է, քանի որ առանց դրա զարգացման հնարավորություններ չկան, երբ հարավում տնտեսությունն ուղղակի ծաղկում է: Հյուսիսային Կիպրոսի մեկուսացման պատճառներից մեկը միայն Թուրքիայի կողմից ճանաչված լինելն է, եւս մեկ պատճառ էլ Թուրքիայի զինուժի ներկայությունն է, որն, ըստ հյուսիսի նախկին առաջնորդի, ոչ թե ներխուժում է, այլ ազատագրում: «Թուրք-կիպրացիներն են խնդրել Թուրքիային միջամտելու, եւ քանի դեռ իրավիճակն այսպիսին է, մեզ անհրաժեշտ է թուրքական աջակցությունը եւ զինուժի ներկայությունը», վստահեցնում է Ալի Թալաթը:

ԵՄ դերակատարությունը Կիպրոսի հարցում «սխալ» որակելով` Ալի Թալաթը գտնում է, որ ընդունելի էր 2004-ի ապրիլի 24-ին հանրաքվեի դրված ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ծրագիրը, որին թուրք-կիպրացիները կողմ քվեարկեցին, իսկ հույն-կիպրացիները` դեմ, թեեւ, վեջիններիս բացատրությամբ, հույները դեմ են քվեարկել կոնկրետ ծրագրին եւ ոչ թե հարցի լուծմանը:

Համարելով, որ Կիպրոսը ԵՄ-ին անդամակցեց Հունաստանի` ԵՄ-ին պարտադրելու միջոցով, Թալաթը վստահեցնում է, որ հարցի լուծումը համադաշնությունն է, բայց երկու հավասարազոր պետությունների միասնությամբ, երկգոտի, երկհամայնք ձեւաչափով:

Թուրք-կիպրացիներն ուզում են փոքրացնել Թուրքիայի միջամտությունը

Ալի Թալաթի դիրքորոշմանը համաձայն չէ Կիպրոսի հյուսիսային հատվածի առաջին առաջնորդ Ռաուֆ Դենքթաշի որդին` Սերդերը, որ տարբեր պաշտոններ է զբաղեցրել թուրքական հատվածում, այդ թվումՙ եղել է բաժանված Նիկոսիայի թուրքական հատվածի քաղաքապետ, նաեւ օրենսդիր մարմնի անդամ, փոխվարչապետ: Այժմ կուսակցական առաջնորդ ներկայացող Սերդեր Դենքթաշը կողմ է Կիպրոսի հյուսիսում առանձին եւ անկախ պետության գոյությանը, հենց այդ պատճառով էլ ինքն իրեն ներկայացնում է որպես «Հյուսիսային Կիպրոսի թուրքական պետության քաղաքացի, որի համար Թուրքիայի կամ հունական Կիպրոսի քաղաքացի չլինելը բազում խնդիրներ է ծնում` անհնար է ճանապարհորդել, ծրագրել երեխաների ապագան, գործարարությամբ զբաղվել, բայց դիրքորոշումը մնում է նույնը»:

Դենքթաշի վստահեցմամբ, երկու համայնքներն այլեւս չեն կարող ապրել խառը, այլ միայն կողք կողքի: Ու չնայած 2003-ից Կիպրոսում կա կանաչ գոտի, որ հնարավորություն է տալիս կղզու բնակիչներին ամենայն հանգստությամբ եւ առանց դժվարությունների հունական հատվածից անցնելու թուրքական եւ հակառակը, Դենքթաշի տվյալներով, հունական կողմում թուրքերին քամահրանքով են վերաբերվում:

Կիպրոսի հյուսիսային հատվածի առաջին նախագահի որդին նաեւ դեմ է Թուրքիայի քաղաքացիներով թուրք-կիպրական հատվածը լցնելուն: «Մենք ուզում ենք փոքրացնել Թուրքիայից վերաբնակվողների թվաքանակը: Այդպիսով աշխատանք ապահովել հենց թուրք-կիպրացիների համար` ապագայում ԵՄ անդամ կամ գոնե հարեւան լինելու հեռանկարով», ասում է Դենքթաշը: Ինչ վերաբերում է Թուրքիայից կախվածությանը, ապա, Սարդարի խոսքերով, «Կախվածությունը Թուրքիայից որպես դեպի միջազգային հանրություն տանող միակ պատուհան շատ մեծ է, թուրքական դրամ, թուրքական հեռախոսակոդ, թուրքական վարկեր... Եվ հիմա Թուրքիան ավելի շատ է փորձում միջամտել, խառնվում է անգամ բյուջեի տնօրինմանը: Մենք ուզում ենք, որ Թուրքիան ավելի քիչ միջամտի մեր ներքին գործերին»:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Նիկոսիա-Երեւան

Շարունակելի

Հ.Գ. «Ազգի» հարցին, թե ինչպիսին է Հյուսիսային Կիպրոսի վերաբերմունքը այլ չճանաչված հանրապետությունների ու տարածքների նկատմամբ, Ալի Թալաթը պատասխանեց. «Դա կախված է այդ տարածքներում ապրող ժողովրդի կամքից, բոլորը պետք է ընդունեն այդ կամքը: Դա ճիշտ է ինչպես Հյուսիսային Կիպրոսի, այնպես էլ յուրաքանչյուր երկրի համար: Բայց դա չի նշանակում, թե բոլոր չճանաչված երկրները պետք է ճանաչվեն, բայց պետք է պարտադիր հաշվի առնվի այնտեղ ապրող մարդկանց կամքը»:


Նկար 1. Ստեֆանոս Ստեֆանու

Նկար 2. Հյուսիսային Կիպրոսի թուրք զբոսաշրջիկները

Նկար 3. Ալի Թալաթ

Նկար 4. Սերդեր Դենքթաշ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4