«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2011-01-21 | #10, 2011-01-22 | #11, 2011-01-25


«ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔ-ՀՆԱ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՄՆԱ ԱՆՓՈՓՈԽ»

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց նախարարության գերակա խնդիրները

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց իր ղեկավարած նախարարության գերակա խնդիրները 2011-ի ընթացքում: Դրանք առչնվում էին պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացմանը, երեք գերատեսչություններում բյուջետային ծրագրի նկարագրի (անձնագրի) ստեղծմանը, արտաքին պարտքի գրանցման եւ հաշվառման միասնական էլեկտրոնային համակարգի ներդրմանը, մի շարք ապրանքների համար շրջանառության ծավալների հաշվառման համակարգի կանոնակարգմանը: Մասնավորապես վերջինիս վերաբերյալ նախարարը հայտնեց, որ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները հնարավորություն կտան նվազեցնելու այդ ապրանքների ստվերային շրջանառությունը:

Պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ մեր հարցին, թե որքանո՞վ են հասարակության համար թափանցիկ լինելու պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, օրինակ, գործուղման ծախսերը եւ արդյունավետությունը, Վաչե Գաբրիելյանը պատասխանեցՙ ասելով միայն, որ այդ ծախսերի վերաբերյալ տեղեկությունները տեղադրված են կառավարության կայքում եւ ավելի թափանցիկ դարձնելու վերաբերյալ առաջարկներ լինելու դեպքում դրանք կքննարկվեն:

Ֆինանսների նախարարը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին: Նա հայտնեց, որ 2010-ին մեր երկրի արտաքին պարտքը կազմել է 3 մլրդ 795 մլն դոլար կամ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 44,4 տոկոսը: 2011-2012-ին նույնպես արտաքին պարտք-ՀՆԱ այդ հարաբերակցությունը կպահպանվի: Պարտքի բեռը կսկսի նվազել 2013-ից: Ըստ Վաչե Գաբրիելյանի, նույն նվազումն է սպասվում նաեւ բյուջեի դեֆիցիտի ցուցանիշների մեջ:

ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը 2010-ին կազմել է 16,9-17 տոկոս եւ այս տարի եւս կլինի այդ ցուցանիշին մոտ: Սակայն, նախարարը հայտնեց, որ անցյալ տարի նախատեսված 570 մլրդ դրամի փոխարեն հավաքվել են 591 մլրդ դրամի հարկային եկամուտներ:

Գնաճն անցյալ տարի բավականին բարձր էր, իսկ այս տարի Կենտրոնական բանկն ու ֆինանսների նախարարությունը կօգտագործեն իրենց լծակներըՙ այն զսպելու համար: Վաչե Գաբրիելյանի գնահատականով, այս տարվա գնաճը կկազմի 5-5,5 տոկոս:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4