Երեւանի պետական համալսարանն ունեցավ լուրջ կուրուստ: Կյանքից վաղաժամ հեռացավ վաստակաշատ դասախոս, լեզվաբան, թարգմանիչ, Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վահան Գերասիմի Սարգսյանը: Նրա ավանդը մեծ է ոչ միայն համալսարանի գիտաուսումնական կյանքում, այլեւ ժամանակակից հայ լեզվաբանության, բանասիրության, թարգմանաբանության ոլորտներում:
Վահան Գերասիմի Սարգսյանը ծնվել է 1954 թվականին Երեւան քաղաքում: 1979 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ֆրանսերենի բաժինը: Հետագայում մասնագիտական գործունեություն է ծավալել բազմաթիվ երիտասարդական, գիտական, ինչպես նաեւ պետական, հասարակական կազմակերպություններում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում (1983-1987 թթ., Կուբա): Հայրենիք վերադառնալուն պես շարունակել է իր մասնագիտական գործունեությունը հասարակական, գիտական եւ մշակութային կազմակերպություններում: 1987-1993 թվականներին աշխատել է «Կանչ» թերթի խմբագրությունում որպես պատասխանատու քարտուղար: 1994 թվականից Երեւանի պետական համալսարանում իսպանական եւ ֆրանսիական հեղինակավոր կազմակերպությունների, պետական կառույցների եւ գիտական ու գիտամշակութային հիմնադրամների հովանավորությամբ իրականացրել է բազմաթիվ հետազոտություններ, որոնք ներառում են գիտական հետաքրքրությունների լայն շրջանակ եւ առնչվում են հայագիտության, ընդհանուր լեզվաբանության, ռոմանական բանասիրության, իսպանագիտության, իսպանական գրականության, թարգմանաբանության եւ բասկագիտության հիմնահարցերին: Թեմատիկ հետազոտությունների արդյունքները հրապարակվել են բազմաթիվ հեղինակավոր գիտական հանդեսներում, հանրագիտարաններում ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս (Ռուսաստան, Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա): 2003 թվականից զբաղեցրել է ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչի պաշտոնը: Պաշտոնավարման ողջ ընթացքում Վահան Սարգսյանը ղեկավարել է բազմաբնույթ գիտական հետազոտություններ եւ գիտական թեզեր, անմիջականորեն խմբագրել եւ տրամադրել է մասնագիտական խորհրդատվություն գիտական, մեթոդական աշխատությունների նախապատրաստման եւ հրատարակման գործում, ցուցաբերել է իր արդյունավետ մասնակցությունը Երեւանի պետական համալսարանի եւ մասնավորապես Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի գիտամեթոդական գործունեության մեջ:
Վահան Սարգսյանն աչքի է ընկել նաեւ որպես առաջադեմ տեսաբան, մշակել է ուշագրավ եւ արդյունավետ լեզվաբանական մեթոդներ, առաջադրել է նոր ուղղություններ լեզվաբանության, բանասիրության, հայագիտության, իսպանագիտության ոլորտներում, որոնք արժանացել են գիտական շրջանակների բարձր գնահատականին: Վահան Սարգսյանի զգալի գիտական ներդրումն իր արտացոլումն է գտել ոչ միայն համալսարանի գիտաուսումնական գործընթացում` գիտաժողովներում, մասնագիտական դասընթացներում, այլեւ արտերկրում գործող բազմաթիվ գիտական կառույցներում: Վահան Գերասիմի Սարգսյանն ընտրվել է Բասկյան թագավորական ակադեմիայի անդամ, համահեղինակել է Սերվանտեսագիտական միջազգային հանրագիտարանը, հրատարակել է 70-ից ավելի գիտական հոդվածներ, մենագրություններ, հետազոտություններ:
Նրա բեղուն գրչին են պատկանում հայ իրականության համար բացառիկ արժեք ունեցող մի շարք համաշխարհային մեծության իսպանացի, բասկ, ֆրանսիացի գրողների, լեզվաբանների, ճանապարհորդների գործերի թարգմանությունները` Միգել Սերվանտեսի «Դոն Կիխոտ Լամանչացին», «Խրատական նովելները», Ֆր. Քեւեդոյի, «Բուսկոնի կյանքը, երազներ» Խ. Մ. Սատրուստեգիի «Մահվան թաքնված դեմքը», Խուան Անտոնիո Մոգելի «Պերու Աբարկա» Գաբրիել Արեստիի «Քար եւ երկիր», Ժոզեֆ Ագուստին Շաոյի «Այտորի լեգենդը» եւ այլն:
Անմիջականորեն Վահան Սարգսյանի ղեկավարությամբ ամբիոնում նախաձեռնվել եւ իրականացվել են բազմաթիվ թարգմանություններ, սեմինարներ եւ հանդիպումներ օտարերկրյա (իսպանացի, ֆրանսիացի, բասկ) մասնագետների մասնակցությամբ: Վահան Սարգսյանի նախաձեռնությամբ ամբիոնում 2010 թվականից մեկնարկեց ուսանողական թարգմանաբանական գիտաժողովը, որին հաջորդեց ուսանողական թարգմանությունների «Ծաղիկ թարգմանչաց» մատենաշարի առաջին ժողովածուն: Վահան Սարգսյանը նախաձեռնել եւ ղեկավարել է նաեւ Ռոմանական բանասիրության հանդեսը, բասկեր-հայեր, հայ-իսպանական մշակութային առնչություններին վերաբերող փաստավավերագրական նյութերի մատենաշարը: Վահան Գերասիմի Սարգսյանը նախաձեռնել եւ խմբագրել է հայ լեզվաբանության համար առանձնահատուկ արժեք ունեցող ակադեմիկոս Գ. Բ. Ջահուկյանի «Հայերենի ստուգաբանական բառարանը» եւ հեղինակել է հայ իրականության մեջ առաջին բացառիկ «Հայ-իսպաներեն բառարանը»:
Վահան Գերասիմի Սարգսյանն այն նվիրյալներից է, ում գիտական, մանկավարժական արժեքավոր գործունեությունն իր անկեղծ գնահատանքին է արժանացել իր գործընկերների եւ ուսանողության շրջանում:
Վահան Սարգսյանի հիշատակը միշտ վառ կմնա համալսարանականների սրտերում:
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐԱՏ
ՌՈՄԱՆԱԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ