ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Հայաստանի զանգվածային լրատվամիջոցները էյֆորիայի մեջ են: Քաղաքագետներն այնտեղ համարձակ ենթադրություններ են անում եւ քննարկում Հարավային Սուդանի հանրաքվեի հնարավոր ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության վրա, որն իրավական թնջուկի մեջ է հայտնվել տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքների արանքում: Բաքուն, հասկանալիորեն, լուռ է մնում այս հարցի վերաբերյալ:
Այո, 50-ամյա քաղաքացիական վեճերից եւ 20-ամյա ակտիվ պատերազմից (որի ընթացքում 2 միլիոն մարդ է զոհվել) հետո Հարավային Սուդանին վերջապես թույլ տրվեց անցկացնել հանրաքվեՙ 2005-ին ԱՄՆ-ի կառավարության հետ ձեռք բերած համաձայնության հիման վրա:
Սուդանը Աֆրիկայի կենտրոնական մասում նավթով հարուստ երկրներից մեկն է: Եվ թվում է, թե պատերազմներն ու քաղաքական լարվածությունները միշտ տեղի են ունենում աշխարհի այդՙ նավթահորերով հարուստ տարածքներում: Սուդանը 40 միլիոն բնակչություն ունի: Հարավային Սուդանըՙ ընդամենը 4 միլիոն: Բայց վերջինս արտադրում է երկրի նավթարդյունաբերության 80 տոկոսըՙ օրական մոտ 490 հազար բարել, երրորդ խոշորագույնն է Անդրսահարական Աֆրիկայում: Սա էլ, իհարկե, կարող էր լինել վեճի առիթ հարավի եւ հյուսիսի միջեւ, բայց 2005-ին կնքված խաղաղության համաձայնագիրը լուծել է նաեւ այդ խնդիրըՙ թույլ տալով երկու կողմերին օգտվել նավթային ավազանի բարիքներից:
Հայաստանում լավատեսությունը հիմնվում է այն փաստի վրա, որ փոքրամասնությունների ինքնորոշման սկզբունքը գնալով ավելի է կարեւորվում, քան տարածքային ամբողջականության սկզբունքը: Դժբախտաբար այս լավատեսությունը այնքան էլ արդարացված չէ, որովհետեւ յուրաքանչյուր նման դեպք հետեւում ունի քաղաքական որոշակի գործոններ, որոնք արդարությունից, պատմական իրավունքից եւ միջազգային օրենքից ավելի «ծանր են» կշռում:
ԱՄՆ-ի նախկին նախագահներից Ջիմի Քարտերը Սուդանում հետեւում էր քվեարկությանը, իսկ ներկայիս նախագահ Բարաք Օբաման գովասանքներ էր շռայլել սուդանական հակամարտության երկու կողմերի հասցեին: Նա խաղաղ եւ կարգապահ մթնոլորտում անցկացված հանրաքվեն անվանել էր «ներշնչող» եւ ավելացրել մի նախազգուշացում. «Մենք շահագրգիռ կողմերին կոչ ենք անում շարունակել դրսեւորել զսպվածությունն ու անդորրը, մինչեւ 2005-ին կնքված խաղաղության համաձայնագրի բոլոր կետերը կիրագործվեն ամբողջությամբ: Անցնող շաբաթը աշխարհին վերանորոգված հավատ ներշնչեց, որ Սուդանի ամբողջ ժողովուրդը կարող է խաղաղ եւ բարգավաճ ապագա ունենալ, մի բան, որ ամերիկացիները ձգտում են տեսնել Սուդանում»:
Թվում է, թե Ղարաբաղի ժողովուրդը դեռ երկար պետք է սպասի, որ ամերիկացիները եւ նրանց նախագահը նման «խաղաղ ապագա» ձգտեն տեսնել նաեւ աշխարհի այդ չարչրկված մասում:
Հանրաքվեի արդյունքները ցույց են տալիս, որ անջատվելով Սուդանիցՙ Աֆրիկայում մի նոր պետություն է առաջ գալու: Արդյունքները հրապարակվելու են փետրվարի 14-ին, իսկ անկախությունը պաշտոնապես հայտարարվելու է հուլիսի 9-ին:
Սուդանում անցկացված այս հանրաքվեով է՛լ ավելի խոցելի դարձավ տարածքային ամբողջականության սկզբունքը: Նրա հիմքերը է՛լ ավելի թուլացան: Բայց այդ բոլոր սկզբունքները պարզապես որպես քող են ծառայումՙ ծածկելու համար նրանց հետեւում թաքնված քաղաքական շահերը:
Սուդանը մշտական պետական հեղաշրջումների երկիր է եղել: Ջաաֆար Նիմեյրիի կառավարությանը տապալեց Ահմեդ էլ Միրղանին, որին էլ իր հերթին տապալեց ներկայիս բռնապետ Օմար էլ Բաշիրը, որը շիա իսլամի կանոնները երկրում որպես օրենք ընդունելովՙ փորձում էր ամեն կերպ հարավցիներին էլ պարտադրել դա: Այդ նպատակին հասնելու համար նա փութաջանորեն հալածում էր հարավի քրիստոնյաներին եւ անիմիստներինՙ ոգեպաշտներին: Նման արարքները լավ առիթ հանդիսացան, որ Արեւմուտքը կարողանար ապակայունացնել Սուդանը, մանավանդ որ վերջինիս ներկա վարչակարգը նպաստել էր Չինաստանի տնտեսական, քաղաքական եւ ռազմական ներթափանացմանը աֆրիկյան մայրցամաքՙ վրդովեցնելով Արեւմուտքին:
Նախքան Սուդանի դեպքերը գնդապետ Մուամմար Քադաֆիի Լիբիան ռմբակոծվեց Ռեյգանի վարչակազմի ժամանակ, եւ Ամերիկայի ջանքերով ստեղծված միջազգային ճնշման ներքո Քադաֆին հրաժարվեց ահաբեկչական իր քաղաքականությունից, 2,5 միլիարդ դոլար վաճառեց Լոկբերիի վրա «Պան Ամերիկըն» ընկերության ինքնաթիռը ռմբակոծելու համար, եւ մեղմեց իր հակաիսրայելական հարձակումները:
Նմանօրինակ դեպք տեղի ունեցավ հետագայում նաեւ Սուդանում: Քլինթոնի վարչակազմի օրոք սուդանական մի դեղագործական գործարան ռմբակոծվեց քիմիական զենք արտադրելու պատրվակով: Իհարկե, նախագահ Էլ Բաշիրն իր ցեղասպանական քաղաքականությամբ (Դարֆուրում) իրավունք էր տալիս, որ Արեւմուտքը նրա երկիրն անվանի «իրավախախտ»: Միջազգային դատարանը, Վաշինգտոնի աջակցությամբ, ձերբակալման հրաման արձակեց նրա դեմ, նպատակ ունենալով վերջ տալ մարդասպանական գործողություններին, եւ որպես հետեւանքՙ Խարթումի կառավարությունը համաձայնեց երկրի հարավային մասում հանրաքվե անցկացնել եւ ընդունել «որեւէ արդյունք»:
Խորհրդային Միության քայքայումից ի վեր աշխարհի տարբեր մասերում բազմաթիվ տարածքային վերակազմավորումներ են կատարվել, եւ փոքրամասնություններից շատերը ինքնորոշման իրենց իրավունքն ու պահանջները ներկայացնելով անկախացել են, օրինակՙ Արեւելյան Թիմորը, Էրիթրեան, Սլովենիան, Կոսովոն, Մոնտենեգրոն (Չեռնոգորիան), Մակեդոնիան, Հարավային Օսիան եւ Աբխազիան: Նախադեպեր հանդիսացող այս բոլոր երկրների օրինակով Ղարաբաղն էլ կարող է իր սեփական ճակատագիրը տնօրինել:
Սակայն այս բոլոր նորանկախ երկրների պարագայում առաձնահատկությունն այն էր, որ որոշ փոքրամասնություններ անջատվեցին մեծամասնության ղեկավարների թույլտվությամբ կամ լուռ համաձայնությամբ, իսկ ուրիշներ էլՙ գերտերությունների միջամտությամբՙ ուժային միջոցներով:
Արեւելյան Թիմորը, Հոլանդիայից Ինդոնեզիայի անկախացումից հետո, երկար ժամանակ հակամարտության մեջ էր Ջակարտայի վարչակազմի հետ, մինչեւ վերջինս համաձայնեց հանրաքվե անցկացնել այնտեղ: Եվ անկախացավ Արեւելյան Թիմորը: Էրիթրեան, օգտվելով Եթովպիայի ներքին անկարգություններից, իրեն անկախ հռչակեց: Բայց Կոսովոյի անկախությունը արդյունք էր Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ծավալված միջազգային իշխանության տիրանալու խաղի: Մ. Նահանգները, որն անվերապահորեն պաշտպանելով Իսրայելին իր դեմ էր հանել ողջ մահմեդական աշխարհը, առիթն օգտագործեց նրանց «նվեր» մատուցելուՙ պաշտպանելով անկախությունը Եվրոպայի կենտրոնում մահմեդական մի փոքրամասնության: Ուժային միջոցներով մասնատվեց նախկին Հարավսլավիան: Իհարկե, Կոսովոյի անկախությունը ունեցավ նաեւ քաղաքական եւ խորհրդանշական այլ արձագանքներ: Քանի որ Եվրոմիությունը փորձում էր միավորել իր ուժային կառույցներն ու պահպանել իր քրիստոնեական արժեքներըՙ դիմակայելու համար Մ. Նահանգների միաբեւեռ իշխանությանը աշխարհում, Կոսովոն քաղաքականապես պետք է ծառայեր որպես «պտուտակաբանալի» եվրոպական այդ ձգտումները հավասարակշռելու համար: Ի դեպ, Թուրքիան էլ մի օր կարող է նույն դերը ստանձնել Վաշինգտոնի «օրհնությամբ»: Իսկ խորհրդանշական իմաստն այն էր, որ ջարդեց Սերբիայի ողնաշարը եւ սահմանափակեց Եվրոպայում եւ հատկապես Բալկաններում Ռուսաստանի ազդեցությունը:
Բայց մինչ Արեւմուտքը զբաղված էր Կոսովոյի անկախության եւ դրա ճանաչման ձեռքբերման խնդիրներով, Մոսկվան զգուշացնում էր, որ միջազգային ասպարեզում հաշիվները կարող են հավասարվել: Եվ այդ հնարավորությունը Ռուսաստանին պարգեւեց Վրաստանի թեթեւամիտ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, երբ սկսեց սուր ճոճելով սպառնալ Հարավային Օսիային եւ Աբխազիային: Ռուսաստանը անմիջապես ընդունեց մարտահրավերը, ջախջախեց վրացական բանակը եւ ճանաչեց այդ երկու անկլավները որպես անկախ պետություններ: Մի քանի լատինամերիկյան երկրներ (Նիկարագուան եւ Վենեսուելան) ի հեճուկս Ամերիկայի (եւ Արեւմուտքի ընդհանրապես) եւ Ռուսաստանին հաճոյանալու մղումներով, նույնպես ճանաչեցին այդ նոր պետությունները:
Ի՞նչ են տալիս այս իրադարձությունների քննարկումները ղարաբաղյան հակամարտությանը:
Դժբախտաբար Ղարաբաղը այս վերջիններիՙ Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դասին է պատկանում, որոնցում իշխող մեծամասնությունը հարկադրված էր իր տարածքի մի փոքր մասը զիջել պայքարի դուրս եկած փոքրամասնությանը:
Բայց որտե՞ղ է այն գերտերությունը, որ Բաքվի ղեկավարներին ստիպի ճանաչել 1994-ի պատերազմի եւ 1991-ի հանրաքվեի արդյունքները:
Ընդհակառակը, գերտերությունների (ներառյալ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը) շահերից է բխում սառեցրած պահել ղարաբաղյան հակամարտությունը, որպեսզի մի դեպքում շողոքորթելով համոզելու, մի այլ դեպքում էլ սպառնալու միջոցով հնարավոր լինի Ադրբեջանից տնտեսական եւ քաղաքական զիջումներ կորզել:
Բաքվի իշխանությունները ակտիվ առեւտրային համագործակցություն են ծավալում Տայվանի հետ, բայց մերժում են ճանաչել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Թուրքիան իր հերթին մինչ օրս գրավյալ է պահում Հյուսիսային Կիպրոսի տարածքըՙ վայնասուն բարձրացնելով այդ տարածքի փոքրամասնության իրավունքների վերաբերյալ, բայց հրաժարվում է այդ նույն իրավունքները շնորհել Ղարաբաղի բնակիչներին: Նախագահ Օբաման եւ պետքարտուղար Քլինթոնը, կողմնակից լինելով Հարավային Սուդանի անկախությանը, չեն մտածում պաշտպանել Ղարաբաղի անկախությունը: Այնպես որ բոլոր տեսակի սկզբունքներն ու միջազգային օրենքի եւ իրավունքի վերաբերյալ հռետորական բարձրագոչ խոսքերը սոսկ կոշիկների են նմանվում, որոնք քաղաքագետների եւ դիվանագետների ոտքերին հարմար պետք է լինեն, կամ բլիթների, որոնք նրանց քիմքերին հաճելի պետք է լինեն:
Եթե Կոսովոն եւ Հարավային Սուդանը կարող են վայելել իրենց անկախությունը, ուրեմն միեւնույն քաղաքական պայմաններն ու ինքնորոշման միեւնույն սկզբունքները իրավունք են տալիս նաեւ Ղարաբաղի բնակչությանըՙ վայելելու իր անկախությունը: Բայց երբ նման հարցադրումով մոտենում ես գերտերությունների ղեկավարներին, նրանք հորինում են ամենատարբեր տեսակի օրենքներ, սկզբունքներ եւ պայմաններՙ ապացուցելու, որ ղարաբաղյան հարցը «տարբեր է»:
Եզրակացությունն այն է, որ Ղարաբաղի անկախության, ապահովության եւ անվտանգության միակ երաշխավորը Հայաստանն է: Բայց Հայաստանի օրեցօր նոսրացող բնակչությունը մեծապես հարցականի տակ է դնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Եվ սա է մտահոգիչը:
Իսկ երբ Հարավային Սուդանում իրադրությունը հանդարտվի, մեր հայաստանյան քաղաքագետները գիտակցելու են, որ ղարաբաղյան հարցում նախադեպ ունենալու իրենց ակնկալիքները չափազանցված էին:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.