Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարության նախագծի արժեքը կարող է վերանայվել: Այս մասին երեկ համապատասխան գերատեսչությունների Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպումից հետո տեղեկացրել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը:
Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ, դեռեւս օրեր առաջ տեղեկատվություն էր հայտնվել «Ադրբեջանական երկաթգծեր» ընկերությունից, թե Ադրբեջանի կառավարությունը պատրաստ է լրացուցիչ 500 մլն դոլար հատկացնել երկաթգծի վրացական հատվածի շինարարությունն ավարտելու համար: Հիշեցնենք, որ վրացական հատվածի շինարարության համար արդեն իսկ հատկացվել էր 200 մլն դոլար Ադրբեջանի Պետնավթհիմնադրամի միջոցներից` 25 տարի ժամկետով, տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով:
Ադրբեջանի տրանսպորտի նախարարը պարզաբանել է, թե իրավիճակը փոխվել է, գները բարձրացել են, ընդ որում, նախարարը չի մանրամասնել, թե հատկապես ինչ չափի նոր վարկի մասին է խոսքը: Ամեն դեպքում, խորհրդակցություններ արդեն ընթանում են, եւ երկու երկրների նախագահները հանձնարարել են նախարարներին զբաղվել այդ հարցով:
Այս հանգամանքը բավականին հետաքրքրական է, քանի որ երկաթգծի շինարարության ծախսերը տրամադրում է միայն Ադրբեջանը, եւ հանկարծ պարզվել է, որ վրացական հատվածի շինարարությունը լրացուցիչ, եւ ոչ փոքր, միջոցների կարիք ունի: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը այդ գումարը եւս կհատկացնի, եւ կրկին արտոնյալ վարկային պայմաններով, միայն թե կառուցվի Հայաստանը շրջանցող երկաթգիծը: Այս կտրվածքով իր հետաքրքրությունները կարող է բավարարել նաեւ Վրաստանը` առանց որեւէ խնդրի լրացուցիչ միջոցներ պահանջելով այդ տրանսպորտային ուղու կառուցման համար:
Ա. Հ.