Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2010-ի հունվար-դեկտեմբեր ամիսների օպերատիվ սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական աճը կազմել է 2,6 տոկոս: Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է մոտ 3 տրիլիոն 509 մլրդ դրամ: Դեկտեմբերին նոյեմբերի համեմատ տնտեսական աճը կազմել է 16,1 տոկոս:
Ըստ տնտեսության ճյուղերի, ցուցանիշները հետեւյալն են: Արդյունաբերությունում աճի տեմպը 2010-ին կազմել է 9,7 տոկոս, իսկ միայն դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ արձանագրվել է 6 տոկոս աճ: Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 14,5 տոկոսով, իսկ դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ 59,6 տոկոսով, ինչը պայմանավորված է սեզոնային գործոնով: Շինարարությունում անկման տեմպը նվազել է, կազմելով 2,3 տոկոս, իսկ դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ արձանագրվել է 9,6 տոկոս աճ: Գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմել է 14,5 տոկոս, իսկ դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբՙ 39,4 տոկոս: Այս ճյուղն ամենամեծ անկումն է արձանագրել այս տարվա ընթացքում: Ծառայությունների ոլորտում 2010-ին արձանագրվել է 3,8 տոկոս աճ, իսկ դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբՙ 18 տոկոս աճ: Մանրածախ առեւտրում արձանագրվել է 0,6 տոկոս աճ, իսկ դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ 74,2 տոկոս աճ:
Միջին աշխատավարձը Հայաստանում բարձրացել է 6,7 տոկոսով եւ կազմել գրեթե 109 հազար դրամ: Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմում է 87,8 հազար դրամ, իսկ մասնավորումՙ 135,6 հազար դրամ: Առաջինում աճը կազմել է 3,4 տոկոս, երկրորդումՙ 6,7 տոկոս:
Արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 18,9 տոկոսով եւ կազմել 4 մլրդ 794 մլն դոլար: Դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճն այստեղ կազմել է 12,1 տոկոս:
Արտահանումը կազմել է 1 մլրդ 11 մլն դոլար, աճելով 42,4 տոկոսով: Դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ արտահանումն աճել էՙ 13 տոկոսով:
Ներմուծումը կազմել է 3 մլրդ 782 մլն դոլարՙ աճելով 13,9 տոկոսով: Դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ ներմուծումն ավելացել է 11,8 տոկոսով:
Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը, շարունակել է խորանալ, կազմելով մոտ 2 մլրդ 771 մլն դոլար:
Այսպիսով, ճգնաժամին հաջորդող 2010 թվականին Հայաստանն արձանագրեց 2,6 տոկոս տնտեսական աճ: Եթե նկատի ունենանք գյուղատնտեսության եւ շինարարության ծավալների էական անկումն այս տարի եւ դրա ֆոնինՙ արդյունաբերության ծավալների աճը, ապա այս ցուցանիշը կարելի է լավ համարել: Մյուս կողմից, սակայն, դա լավ ցուցանիշ է հետճգնաժամային տարվա առումով: Եկող տարի արդեն նման ցուցանիշը ոչ մի կերպ լավ կամ բավարար համարել չի կարելի:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ