«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2011-01-22 | #11, 2011-01-25 | #12, 2011-01-26


ՎԱՆԱՁՈՐ-ՖԻՈԼԵՏՈՎՈ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՙ ԱՅՍ ՏԱՐԻ

Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանըՙ 2011-ի գերակա խնդիրների մասին

Տրանսպորտի եւ կապի նախարարության 2011-ի գերակա խնդիրները 4-ն են, որոնց երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նախարար Մանուկ Վարդանյանը: Դրանցից առաջինը Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու 32 կմ հատվածի շինարարությունն է, որը Երեւան-Այրում ճանապարհը կկրճատի 70-100 կմ-ով: Մանուկ Վարդանյանը հայտնեց, որ կառավարության առաջիկա նիստերից մեկում նախագիծը կհաստատվի, դրանից հետո կհայտարարվի մրցույթ, եւ աշնանը կսկսվեն շինարարական աշխատանքները: Նախագծի ֆինանսավորման կեսը կիրականացնի ռուսական կողմը, մյուս կեսըՙ հայկական կողմը, վարկային միջոցներից:

Հաջորդ գերակա խնդիրը Հյուսիս-հարավ (Իրան-Հայաստան) երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորման կազմումն է, որով փաստորեն կսկսվի այս նախագծի իրագործումը: Հյուսիս-հարավ ավտոմոբիլային ճանապարհի 41 կմ հատվածի շինարարական աշխատանքների իրականացումը նույնպես ընդգրկված է այս տարվա գերակա խնդիրների մեջ:

Նախարարության չորրորդ գերակա խնդիրն առնչվում է «Հայփոստի» կառավարման մոդելի փոփոխությանը: Նախարարն ասաց, որ «Հայփոստի» հավատարմագրային կառավարչից այժմ սպասում են առաջարկներ, թե ի՞նչ ներդրումներ են կատարվելու այստեղ, ի՞նչ ժամանակահատվածում եւ ի՞նչ ծառայություններ են մատուցվելու: Միայն այս հարցերի պատասխաները ստանալուց հետո կկազմվի ներդրումային ծրագիրը եւ կընտրվի կառավարման ձեւը: Այսինքն, հավատարմագրային կառավարիչը պետք է մտածի իրատեսական առաջարկներ ներկայացնելու մասին:

Մանուկ Վարդանյանը միաժամանակ այն կարծիքը հայտնեց, որ չի բացառվում, որ «Հայփոստի» կառավարման ձեւը փոխվիՙ հավատարմագրային կառավարումիցՙ կոնցեսիոն կառավարման: Այդ դեպքում արդեն կառավարիչը, բացի կառավարելուց, նաեւ ներդրումներ կատարելու պարտավորություն կունենա:

Կառուցվող ճանապարհների որակի վերաբերյալ հարցին պատասխանելովՙ տրանսպորտի եւ կապի նախարարն ասաց, որ արդեն իսկ այդ ուղղությամբ կատարվել են մի քանի կարեւոր քայլեր: Նախՙ ամբողջությամբ ապահովագրվում են կառուցվող ճանապարհները, ապաՙ տարանջատվել են նախագծող, կառուցող եւ վերահսկող կազմակերպությունները, այնուհետեւՙ կառուցված ճանապարհի երաշխիքային ժամկետը 1 տարուց երկարացվել է 3 տարվա: Նախատեսվում է նաեւ ձեռք բերել քիմիական լաբորատորիաՙ բիտումի պարունակությունը ստուգելու համար:

Ինչ վերաբերվում է պետական բյուջեով նախատեսված տրանսպորտի եւ կապի նախարարության ընդհանուր ծախսերին, ապա դրանք 14-ն ենՙ 36,6 մլրդ դրամ արժողությամբ: Մանուկ Վարդանյանը տեղեկացրեց, որ ամենամեծածավալ ներդրումներ պահանջող ճանապարհաշինության ոլորտում պետական բյուջեի եւ վարկային միջոցների հաշվին այս տարի կհիմնանորոգվեն 249 կմ ճանապարհներ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4