Երեւանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրահանգը` երեք ամսյա ռուսերենի դասընթացների կազմակերպում քաղաքապետարանի աշխատակիցների համար, զայրացրել ու մտահոգել է երկրում գործող տարբեր հասարակական կազմակերպություններին եւ քաղաքացիական նախաձեռնություններին:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը վստահ է, որ այս կերպ քաղաքապետը նպատակ ունի երկրում շարունակել ռուսամետ քաղաքականությունը: Նրանք բացասական են գնահատում, որ օտար լեզուն պետք է պարտադիր համարվի Հայաստանում աշխատանք ունենալու համար:
Դասընթացի բացման արարողությանը` հունվարի 19-ին, մասնակցել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը: Քաղաքապետարանի 26 աշխատակից 3 ամիս ռուսաց լեզու են պարապելու: Քաղաքապետը ներքին կարգով հրահանգել է, որ դասընթացից հետո քննությունները լավ չհանձնածները կզրկվեն աշխատանքից:
«Եթե Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կարծում է, որ ինքն առաջվա նման «Հայռուսգազարդի» ղեկավարն է, իսկ Երեւանն էլ վերածվել է Մոսկվայի մասնաճյուղի, չարաչար սխալվում է: ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է», ասված է Հայ ազգայնական համախմբման խորհրդի հայտարարությունում:
Նրանք ողջունում են օտար լեզուների իմացությունը, սակայն ոչ ի հաշիվ հայերենի: Նրանք իշխանություններին կոչ են անում զգոն լինել ու թույլ չտալ, որ «այս կամ այն պետական պաշտոնյան այս կամ այն օտար լեզվին պետական կարգավիճակ շնորհի իր քիմքին հարիր»: Հայ ազգայնականնները նաեւ կոչ են անում վերանայել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում կատարված փոփոխությունները, վերջ տալ այլալեզու կրթության եւ բազմալեզվության պառակտիչ եւ ազգաքանդիչ քաղաքականությանը:
Հ. Հ.