«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2011-01-25 | #12, 2011-01-26 | #13, 2011-01-27


ՅԱԳԼԱՆԴԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՊՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ «ՀԱՇՏԵՑՄԱՆԸ»

Հայաստանի եւ Թուրքիայի փակ սահմանը ազգային խնդիր է, եւ երկրներն իրենք պետք է որոշեն, թե ինչպես ապահովեն իրենց սահմանների պաշտպանությունը: «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տյորնբորն Յագլանդը:

Ու թեեւ փակ սահմանն ազգային խնդիր է, որը չի լուծվում մի կողմի` անընդունելի նախապայմաններ առաջ քաշելու պատճառով կամ, ինչն ավելի հավանական է, սահման բացելու ցանկության բացակայությամբ, Յագլանդը հույսը դրել է դեպի ժողովրդավարություն երկու երկրների անցնելիք ճանապարհը հաղթահարելու վրա այն մոտեցմամբ, որ Եվրոպայի խորհուրդն էլ դրանում կարողանում է օժանդակել կողմերին:

Մյուս կողմից, ըստ հարցազրույցում արտահայտած մոտեցման, ԵԽ գլխավոր քարտուղարը գտնում է, որ հայ-թուրքական գործընթացը պետք է խոր ներթափանցի «երկու երկրների հասարակությունների գիտակցություն»: Եվ այն դեպքում, երբ արձանագրությունների հետագա ճակատագիրը կարող է որոշակիանալ միայն վավերացման գործընթաց անցնելուց հետո, Յագլանդը այդ գործընթացը պատմական է որակել` վավերացման գործընթացը կապելով «երկու ժողովուրդների հաշտեցմանը, որոնք երկար ժամանակ բաժան են եղել»:

«Հուսով եմՙ առաջընթաց կլինի: Արձանագրությունները սպասում են, եւ վավերացման գործընթացը կարող է վերականգնվել հնարավորինս արագ», ասել է Յագլանդը, խոստովանելով, որ ներկայումս դրական ազդանշաններ չի տեսնում, բայց դա կարող է փոխվել: «Փաստն այն է, որ արձանագրությունները սեղանին են, եւ պետք է հաջորդ քայլն արվի` անցնելու հարաբերությունների ավելի լավ մակարդակի», հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, ապա այս առնչությամբ Յագլանդը նախ ընդգծել է, որ կարգավորման բանակցային գործընթացը Միսնկի խմբի շրջանակներում է ընթանում, եւ Եվրոպայի խորհուրդը դրան չի միջամտում: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ղարաբաղյան, նաեւ Եվրոպայի մյուս հակամարտությունների կարագվորման գործում կարեւորել է իրավունքի գերակայության հարցը, որին հարկ է մեծ ուշադրություն հատկացնել:

Այս համատեքստում էլ ԵԽ գլխավոր քարտուղարը հստակ դիրքորոշում չի արտահայտել ԵԽԽՎ ղարաբաղյան հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերականգնման առնչությամբ, որին մեծապես ձգտում են Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակները այն դեպքում, երբ կտրականապես դեմ է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը: «Բոլոր հակամարտություններում, այդ թվում` ղարաբաղյան, ամենալավը միայնակ չգործելն է: Ամեն ինչ անհրաժեշտ է կոորդինացնել բոլոր խաղացողների հետ», ասել է Յագլանդը, կրկնելով, որ ներկա դրությամբ գործընթացը «Մինսկի խմբի ձեռքերում է»:

Մինչդեռ ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն ձմեռային նստաշրջանի բացմանը հայտարարել էր, թե ղարաբաղյան հարցով ենթահանձնաժողովի գրեթե երկու տարի անգործությունից հետո այդ հարցը համարյա լուծված է, եւ միայն ուրբաթ` հունվարի 28-ին ԵԽԽՎ բյուրոն կորոշի ենթահանձնաժողովի նախագահի թեկնածության հարցը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4