«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2011-01-25 | #12, 2011-01-26 | #13, 2011-01-27


«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՆ» ԱՌԱՋԻՆԸ ԿՍԿՍԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», բանկի վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գեւորգյանն ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ստորագրել են պայմանագիրՙ կառավարության նախաձեռնած կենսաթոշակների անկանխիկ վճարման գործընթացի մեկնարկի մասին:

«Արդշինինվեստբանկն» ունի ավելի քան 120 կանխիկացման կետեր (այդ թվումՙ 65 բանկոմատներ) եւ 145 անկանխիկ վճարման կետեր (POS-տերմինալներ), որոնք տեղակայված են Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւանում, ինչը հնարավորություն կտա բանկի քարտապան կենսաթոշակառուներին օգտվելու բանկի քարտային ծառայություններից: Քանի որ տրամադրվող քարտերը միջազգային VISA եւ MasterCard դասի են, ապա քարտապանները կարող են կանխիկացնել իրենց դրամական միջոցները օրվա բոլոր ժամերին Հայաստանում եւ աշխարհի որեւէ վայրում: Կենսաթոշակառուները կարող են նաեւ կուտակել իրենց դրամական միջոցները ցպահանջ ավանդի ձեւով, որոնց վրա կհաշվարկվեն բանկում գործող համապատասխան ավանդային տոկոսադրույքներ: Միաժամանակ, կենսաթոշակառու քարտապանների համար սահմանված են բազմաթիվ այլ սակագնային արտոնություններ ու զեղչեր:

«Արդշինինվեստբանկի» վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գեւորգյանը նշել է. «Արդշինինվեստբանկը», գնահատելով իր հնարավորությունները, տեխնիկական եւ մասնագիտական պոտենցիալը, առաջինը պատրաստակամություն հայտնեց ստանձնել կառավարության նախաձեռնած կենսաթոշակների անկանխիկ վճարման գործընթացի սպասարկումը: Մենք պատրաստ ենք հանրապետության բոլոր կենսաթոշակառուներին զերծ պահել ավելորդ քաշքշուկներից եւ մատուցել որակյալ բանկային ծառայություններ»:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4