Հոգեբան Ռուբեն Պողոսյանն ասում է, որ մարդու մեջ ապրում են ե՛ւ չարը, ե՛ւ բարին, աշխարհիկն ու հոգեւորը, որոնք միշտ պայքարում են իրար դեմ: Այսպիսի բացատրություն նա տվեց բախտագուշակության ու սնոտիապաշտության մասին խոսելիս. «Արմատ» ակումբի երեկվա ասուլիսը հենց այս թեմային էր վերաբերում: Մյուս բանախոսը Ս. Հովհաննես եկեղեցու սպասավոր Շմավոն քահանա Ղեւոնդյանն էր, որի խոսքով` որեւէ գուշակություն Աստծու կողմից ընդունելի չէ. «Գուշակությունը խաբեություն է: Չի կարելի խոսել մի բանից, որը դեռ չի եղել»: Տեր Շմավոնն ասում է, որ մարդիկ հաճախ շփոթում են գուշակությունն ու մարգարեությունը. «Այնինչ մարգարեությունն ուրիշ բան է, որն իսկապես եղել է, իսկ գուշակությունը գալիս է սատանայից, ոչ թե Աստծուց»: Օրինակ` Հին կտակարանի մարգարեություններն ուղղված էին մարդուն Փրկչի գալստյանը պատրաստելուն: «Իսկ ինքնակոչ Հիսուսներ միշտ էլ եղել են ու հիմա էլ կան», հավելեց «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ Ռուբեն Պողոսյանը:
Բախտագուշակի մոտ գնալը եւ նրա խոսքերին հավատալը սնոտիապաշտության դրսեւորում է: Ռ. Պողոսյանն ասում է, որ բախտագուշակի մոտ գնալով մարդն իրեն կարծես ծրագիր է տալիս: Եթե գուշակը տվյալ մարդու համար հեղինակություն է, նա սկսում է ապրել գուշակի ասածներին սպասելով` ակնկալիքով, որ ասածներն իրականություն կդառնան: Մարդը կարող է ինքն իրեն «ծրագրավորել», նրան կարող են անգամ «ծրագրավորել» ուրիշները, այդ թվում եւ գուշակները: Հոգեբանը գուշակներին դիմելու մեջ վտանգ է տեսնում, միշտ չէ, որ գուշակները լավ բաներ են ասում, երբեմն վատ գուշակությունները մարդկանց «ծրագրավորում» են անհաջողության ու փոխում կյանքի ընթացքը: Ռուբեն Պողոսյանն ասում է. «Անխոսափելի է, որ մարդն իր ապագայի մասին չմտածի», բայց դա էլ պետք է չափի մեջ լինի, այլապես, ըստ Տեր Շմավոնի` եթե շատ ես մտածում ապագայի մասին, մոռանում ես, որ ապրում ես ներկայում»: Սնոտիությունից դժվար է խուսափելը, սակայն հոգեբանն ասում է` պետք է ավելի սթափ լինել ու շրջանցել գուշակությունները: Վերջինս չի բացառում, որ որոշ մարդիկ կարողանում են տեսնել ապագան. «Մարդուն տրված է այդ հեռազգացողությունը»: Ռուբեն Պողոսյանն իր պրակտիկայից մի դեպք պատմեց, որ իրեն մի հիվանդ է դիմել` ասելով, որ վատ երազներ է տեսնում մեր պատգամավորներից մեկի հետ կապված, ու պատգամավորի հետ վատ բան է լինելու: Որքան էլ զարմանալի է, հոգեբանը նշեց, որ հիվանդի երազներն իսկապես իրականացան, եւ պատգամավորին, իրոք, վատ բան պատահեց: Հոգեբանը չի բացառում ապագան տեսնելու երեւույթը, բայց միաժամանակ նշում է, որ մարդու ապագան գուշակելը սարսափելի բան է: Շատերն ասում են` չեն հավատում բախտագուշակությանը, բայց չհավատալով հանդերձ` դարձյալ գնում են գրբացների ու գուշակների մոտ: Սուրճի բաժակ նայելուն չեն հավատում, բայց հեղինակավոր հարեւանուհուն հրավիրում են բաժակ նայելու: Մի քանի օր անց միգուցե մոռանում են հարեւանուհու գուշակությունը, բայց ընդհանուր առմամբ` մեր ժողովրդը մեծ հետաքրքրություն ունի տարբեր գուշակությունների ու պայծառատեսությունների հանդեպ: Տեր Շմավոնը նշեց, որ սուրճի մրուրը նայելը սնոտիապաշտություն է. «Խնդիրն այն է, որ մարդու մեջ ամրացված չէ Քրիստոսի խոսքը: Ճշմարիտ հավատացյալը բախտագուշակությունը պետք է բացառի իր կյանքից»:
Լրագրողներից մեկի հարցին, իսկ ինչքանո՞վ են ճշմարիտ երազները, քահանան պատասխանեց. «Երբեմն լինում են շփոթական երազներ, դրա համար էլ կոչ ենք անում մեծ տեղ չտալ այդ երազներին»: Տեր Շմավոնը խորհուրդ է տալիս գուշակություններից առհասարակ հեռու մնալ եւ ապրել Աստծո խոսքը պահելով, ինչպես վայել է ճշմարիտ քրիստոնյային: Հոգեբանը նույնպես անդրադարձավ երազներին. «Երազատեսությունը ճանապարհ է դեպի մարդու անգիտակցական աշխարհը»: Երազներում ի հայտ են գալիս չգիտակցված ձգտումներն ու դրսեւորումները: Օրինակ` մեկը կարող է ատել մեկ այլ մարդու, բայց երազում գրկախառնվել նրա հետ: Ռուբեն Պողոսյանը բացատրում է, որ երազում իրականանում են չգիտակցված ցանկությունները: Երազները հեռազգացողության հատկություն ունեն:
Կրկին անդրադառնալով գուշակություններին` Ռ. Պողոսյանը նշեց, որ գուշակները շատ լավ հոգեբաններ են, որոնք կարողանում են կարդալ մարմնի շարժուձեւը. «Իսկ մարմինը երբեք չի ստում: Գուշակները կարողանում են հասկանալ մարմնի լեզուն»:
Հեռու մնալ սնոտիապաշտությունից ու գուշակությունից, ապրել ներկայով. վերջում բանախոսներն այսպիսի խորհուրդ տվեցին: Խորհուրդն իսկապես տեղին է, բայց մեզանում դրան հետեւելն է դժվար. ասուլիսից անմիջապես հետո ակումբում պատահաբար գետնին ընկավ սեղանին դրված ջրով լի բաժակն ու կոտրվեց, իսկ ներկաները, այդ թվումՙ հոգեբանն ու քահանան, ժպտացին. «Չարը խափանվեց»:
Իսկ բանախոսների կարծիքների մասին ի՞նչ են մտածում գուշակներն ու պայծառատեսները: «Ազգը» զրուցեց պայծառատես Ռիտա Հովհաննիսյանի հետ: «Եթե մարդն ունի պայծառատեսություն, ինչո՞ւ կանխել դա, իսկ Աստծուն ես նույնպես հավատում եմ», ասաց Տիկին Ռիտան, ապա ավելացրեց. «Եթե ես սխալ լինեմ, այցելուներն ինձ կթերագնահատեն, բայց տարիներ շարունակ զբաղվում եմ գուշակությամբ: Ինձ նույնիսկ դիմում են օտար երկրներից»:
Ռիտա Հովհաննիսյանն այցելուներին ընդունում է իր տանը, հարցին` ինչքա՞ն գումար է վերցնում գուշակության համար, պայծառատեսը պատասխանում է այնպես, ինչպես շատ գուշակները. «Մարդ կաՙ մի տուփ սուրճ կնվիրի, մարդ էլ կաՙ 100 դոլար կտա: Տալիս ենՙ ինչքան կարող են: Ես էլ կարող եմ քննադատելՙ ինչո՞ւ են եկեղեցում մոմ վաճառում, տեր հայրը կնունքի, թաղման ու հարսանիքի գնալիս ինչո՞ւ է գումար վերցնում»: Պայծառատեսն ասում է, որ իրեն ավելի շատ դիմում են այն մարդիկ, որոնք ասում են` գուշակություններին չեն հավատում. «Ինձ նաեւ դիմել են հոգեբաններ»:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ