«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2011-01-25 | #12, 2011-01-26 | #13, 2011-01-27


«Yes, we have»

(«Այո, մենք կատարեցինք»)

ԱՄՆ-ից անցած տարվա դեկտեմբերի 27-ին դուրս եկած Ստեփան Փարթամյանը դեկտեմբերի 29-ին հասավ Երեւան` մտքում հաստատապես որոշած, որ հաստատվելու է Հայաստանում: Լոս Անջելեսի տարբեր հայկական հեռուստածրագրերում արդեն 11 տարի գործում է նրա հեղինակային հաղորդումըՙ սկզբնապես «Քո կարծիքը», այնուհետեւ` «Բարի լույս» անվանմամբ: Մի փոքր մեզանից տարբեր է նրա կարծիքը Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերի վերաբերյալ, որոնք նա իզուր է համարում: Առավել կարեւոր է նրա համար այդ ջանքերը ներդնել հզոր Հայաստան ստեղծելու մեջ, որը եւս պետք է խրախուսվի Սփյուռքից... «Եթե վաղը 1 մլն մարդ Հայաստան մտնի, Հայաստանի վիճակը մեկ տարվա մեջ կբարելավվի, եւ տեղի կունենա այն, ինչի համար Ամերիկայում 400 տարի պահանջվեց», ասում է նա` բացատրելով, որ այդ 1 մլն մարդը տուն կվարձի, սպասարկման ծառայությունների կարիքը կունենա` այդպիսով ակամա աշխատատեղեր կբացի, փող կծախսի հայրենիքում, Հայաստանի տնտեսությունն էլ կզարգանա: Բայց եթե մեր սփյուռքահայերը շարունակեն հեռվից սիրել Հայաստանը, մեկումեջ գան երկիր, ինչպես որ հիմա է` Հայաստանի վիճակը կլավանա 100 տարի հետո: Մինչդեռ նրան Երեւանի փողոցներում տեսնողներն ասում են` «Գի՞ժ ես, ինչ ես, այս երկիրն ապրելո՞ւ երկիր է, որ եկել ես» :«Ամերիկայի մեջեն Հայրենիքի ցավը չեմ ուզում տանել: Ես ուզում եմ այդ փորձառությունը վայելել, թե ինչո՞ւ հայը իր հայրենիքի մեջ չի ապրի...», այսպես է մտածում ռամկավար Փարթամյանը:

Ստեփան Փարթամյանը 48 տարեկան է, 30 տարի ԱՄՆ-ում է ապրել, ծնվել է Լիբանանում: Եկել է Հայաստան` 4 տարվա ծրագրով, որը մինչեւ 2015 թվականի Հայոց ցեղասպանության 100-ամյակը պիտի իրագործի: Բայց այդ ծրագրերից առաջ արդեն իսկ մի հիանալի գործ արել է:

Առաջին ծրագրերից մեկը` նրա հեղինակած «Նվերներ աշխարհին» խորագրով գիրքն է, որ պատմում է հայերի ներդրման մասին ամերիկյան պետության մեջ` «Yes, we have» («Այո, մենք կատարեցինք») վերնագրով:

Գաղափարը ծնվել է նախագահ Օբամայի 2009 թվականի նամակից` ամերիկահայությանը, որտեղ վերջին պարբերության մեջ ասված է. «Ամերիկան այսօր ավելի հարուստ երկիր է, քանի որ հայկական ծագմամբ ամերիկացիները ներդրում են կատարել այս երկրի հարստության համար», սա Օբաման ավելացրել էր այն պարբերությանը, որտեղ «Հայոց ցեղասպանություն» բառերի փոխարեն օգտագործել էր «Մեծ եղեռն» արտահայտությունը. «Իմ պատասխանը նրան եղավ` այո, մենք ներդրում կատարած ենք», ասում է Ս. Փարթամյանը` իր հավաքած 1000 հայ գյուտարարների, արվեստագետների, հասարակական գործիչների մասին հսկա նյութից 124 հայերի վերաբերյալ պատմությունները, գյուտերի նկարագրությունն ու սարքերի կամ արվեստի գործերի պատկերները զետեղելով իր գրքում: Այս հայերը առաջ են մղել Ամերիկայի եւ առհասարակ աշխարհի գիտությունն ու արվեստն իրենց մասով, իրենց մեծ ու փոքր ներդրումներով: Գրքի 3 հազար օրինակ արդեն վաճառվել է ԱՄՆ-ում , տպագրվել է եւս 5 հազար օրինակ, այժմ Փարթամյանը Հայաստանում ուզում է թարգմանել եւ հրատարակել գրքի հայերեն տարբերակը:

Գիրքը պատմում է ամերիկյան պետության ստեղծման առաջին օրից` 1618 թվականից այս երկիր ոտք դրած հայի ներդրումից` ամերիկյան աշխարհում ու բացահայտում այնպիսի անուններ, որոնք մասամբ մոռացված են եղել կամ մեզ համար հայտնություն են: Առաջին հայը մետաքսագործ է եղել Իրանից, որին մի անգլիական ընկերություն է տարել ԱՄՆ` մետաքսագործությունը զարգացնելու համար:

Ասատուր Սարաֆյանը, որի ամերիկյան անունը թարգմանական հենքով է` Օսկար Բենկեր (Սարաֆ-դրամ փոխանակող է նշանակում) գունավոր տպագրության գյուտի, ինչպես նաեւ ինքնագնացների (մեքենա, ուղղաթիռ) շարժիչի փոխանցման տուփերի հեղինակն է: Նա է, որ պատրաստել է առանց ասեղի ավտոմատ ներարկիչը, որն օգտագործում են ողջ աշխարհի բուժհիմնարկները: Շատերը չգիտեն նաեւ, որ աշխարհի առաջին պլաստիկ վիրաբույժը հայ է` Վարազդատ Հովհաննես Գազանջյանը, որը համաշխարհային առաջին պատերազմում ամերիկյան բանակի ատամնաբույժ էր, ավարտել էր 1905-ին Հարվարդի համալսարանը: 1915-ին Եվրոպայում նա, առաջին անգամ, վիրահատում-ուղղում էր վիրավորված, ռումբերից այլակերպված ամերիկացի զինվորների կզակները, աչքերը, քթերը: Նա 2000-ից ավելի վիրահատություն է արել, դրանք նկարագրել է փաստաթղթերում, ապա վերադառնալով Ամերիկա` Հարվարդում ստեղծել է առաջին պլաստիկ վիրահատության կենտրոնը: Իսկ այժմ առողջապահության այս ճյուղը ծաղկում է ապրում եւ միլիոնավոր դոլարների շրջանառություն ապահովում այդ բիզնեսը զարգացնողների համար:

Ռայմոնդ Դամադյանը աշխարհի ամենակարեւոր գյուտերից մեկն է արել` ստեղծել է մագնիսային սկաները (MRI, Յամեր), որը բժշկության մեջ օգտագործվում է մարդու ներքին օրգանները պատկերելու համար: Հաշմանդամ Էմիկ Ավագյանը անդամալույծների սայլակների բոլոր հարմարությունները եւ սարքերն է հորինել,1961-ին նախագահ Քենեդին նրան պարգեւատրեց «Ամենակարեւոր ներդրումն անդամալույծներին գործնական կյանք բերելու համար» պարգեւով:

Բանկոմատի, մազերը չորացնող սարքի` ֆենի հեղինակները եւս հայեր են: Բանկոմատի գյուտով սկզբում ԱՄՆ-ում չհետաքրքրվեցին, այն վերցրին անգլիացիները, ներդրեցին իրենց երկրում, այնպես որ` բանկոմատի կիրառումը ԱՄՆ-ը վերցրել է արդեն Անգլիայից: Ամերիկյան դոլարի գույնը` կանաչավունը, որ հնարավոր չէ կեղծել, ստամբուլցի հայ երիտասարդ քիմիկոս Քրիստափոր Տեր-Սերոբյանն է ստեղծել 1854 թվականին, դրա համար 6 հազար դոլարի վարձատրություն ստանալով:

Աշխարհի առաջին ատոմական ռումբի կառավարման վահանակի հեղինակը 24-ամյա ֆիզիկոս Հենրի Դաղլյան Կրտսերն էր, որն, ի դեպ, 1945 թվականին, իր լաբորատորիայում մի ուրիշ գյուտի առիթով փորձի ժամանակ պայթյունի հետեւանքով այրվեց: Ահա այսպիսի բազում գրավիչ պատմություններ կգտնեք գրքում, որը նաեւ հայ մարդկանց հաջողությունների պատմությունն է ԱՄՆ-ում:

Փարթամյանն ասում է, որ այս գրքում միայն մի քանի անուններ կան, որ ոչ թե ԱՄՆ-ի համար են միայն ներդրում արել, այլեւ հայության` ինչպես օրինակՙ Ալեք Մանուկյանը, Քըրք Քըրքորյանը, Արշիլ Գորկին: Գիրքը պատրաստելիս հայկական կազմակերպությունները չեն օգնել` երեւի այսպիսի գերազանց արդյունք չսպասելով, բայց փաստն այն է, որ ստեղծվել է հետաքրքրական եւ արժեքավոր ժողովածու:

Երբ գիրքը վաճառվել է, հեղինակը 600 դոլար դրել է գրպանն ու անցած օգոստոսին, մեքենայի մեջ 500 օրինակ եւս դնելով ու ձեռքի հետ դրանք վաճառելով` 50 օր Ամերիկայի 45 նահանգներում պտտվել եւ վավերագրել է ամեն հայկական երեւույթ: Նկարահանվել է հայկականության հետ կապված 450 վայր, որոնց վերաբերյալ այժմ Երեւանում նա գիրք է պատրաստում (մեկ օրինակով պատկերացրեք` ԱՄՆ-ում Արմենիա անունով երեք քաղաք կա, Աղթամար անունով` մի քանի բնակավայր, դրանց պատմությունները Փարթամյանն անելու է): «Հայը կարող է իտալական ճաշարան ունենալ` դա ինձ հետաքրքրական չէ, եթե հայկականություն պարունակող տվյալ կապվի այդ ճաշարանին` հետաքրքրական է», ասում է Ս. Փարթամյանը` ավելացնելով. «Չորս տարվա ծրագիր ունեմ 2015 թվականի 100-ամյակի շեմին` հետաքրքրված եմ, որ հարյուրամյակին երկրագնդին ներկայացնեմ, թե հայը երկրագնդի կարեւոր բնակիչներից մեկն է: Ամենալավը չէ` երկրագնդի վրա տարբեր ազգերի շատ մարդ է ապրում, բայց կարեւոր մեկն է»: Նա պետք է շրջի աշխարհի բոլոր մայրցամաքներով` հայկականության հետքեր փնտրելով:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4