Հայաստանի նախագահ. Իրանի հետ խնդիր ունենալը նշանակում է նեղացնել այն խողովակը, որով շնչում է Հայաստանը
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Որպես տարածաշրջանում ամենահեղինակավոր եւ խոշոր խաղացողՙ Ռուսաստանը ի վիճակի է զսպել ինչպես սպառազինությունների վազքը մեր տարածաշրջանում, այնպես էլ ռազմական գործողությունների վերսկսումը: «Գուցե իմ խոսքերը կտրուկ են, կամ ես չափազանցում եմ Ռուսաստանի հնարավորությունները, բայց սա է իմ համոզմունքը», ռուսաստանյան «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Ռուսաստանի` ԼՂ հարցում դերակատարության առնչությամբ այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահի խոսքով, կարեւոր են կողմերի` ռազմական գործողությունները չվերականգնելու պարտավորությունները, քանի որ վերջին երկու տարում խոսակցությունները պատերազմի մասին դարձել են սովորական, ինչը շատ վատ է. «Երբ մարդը խոսում է մի խնդրից երկար ու վստահ, ինչ-որ պահի ինքն էլ է հավատում իր խոսքերին, եւ եթե կան նաեւ հնարավորություններ, մեծ գայթակղություն է առաջանում»:
Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը համոզված է, որ կարելի է խուսափել պատերազմից: «Կարգավորման միակ լուծումը խաղաղ ճանապարհն է` ԼՂ-ում հանրաքվեի միջոցով կամ 1991-ի հանրաքվեի արդյունքների ճանաչմամբ, որ անցկացվեց ԽՍՀՄ օրենքների եւ միջազգային իրավունքի նորմերի համաձայն: Խնդիրը կարող է լուծվել միայն փոխզիջման միջոցով»:
Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը, ըստ Հայաստանի նախագահի, 2007-ին մադրիդյան սկզբունքների առաջարկի առնչությամբ երկար մտորումներից հետո համաձայնեցին հելսինկյան երեք սկզբունքներով կարգավորմանը: Սակայն ժամանակի հետ Ադրբեջանը սեփական մեկնաբանություններն է անում այդ սկզբունքների առնչությամբ, թեՙ ինքնորոշում, բայց Ադրբեջանի կազմում, եւ ուժի չկիրառում այն դեպքում, երբ պետությունը չունի օկուպացված տարածքներ: «Տարածքները, որ գտնվում են ղարաբաղյան բանակի վերահսկողության տակ, ռազմական գործողությունների հետեւանք են, այդ գործողություններն էլ ղարաբաղցիները չեն սկսել», ասել է Սերժ Սարգսյանը, նշելով, որ ոչ ոք չի հերքում, որ կան տարածքներ, որ եղել են Ադրբեջանի կազմում, բայց հիմա վերահսկվում են ղարաբաղյան բանակի կողմից` անվտանգության նպատակով:
Փոխզիջումների առնչությամբ Հայաստանի նախագահը հայտարարել է, որ եթե հարցնեն ղարաբաղցիներին ու Հայաստանի բնակչությանը, ոչ ոք ոչ մի սանտիմետր չի ուզենա վերադարձնել, «Բայց, մյուս կողմից, պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր լուծում պետք է բերի երկարատեւ խաղաղության: Փոխզիջումները պետք են, բայց պետք են նաեւ երաշխիքներ»:
Ինչ վերաբերում է հումանիտար հարցերին, ապա դրանք, ըստ Սարգսյանի, հնարավոր կլինի լուծել, երբ գտնվի քաղաքական լուծումը: «Այսօր մարդասիրական հարցերի մասին խոսել պետք է, բայց լուրջ արդյունքների հասնել դեռեւս հնարավոր չէ: Դա պետք էր անել 1995-ին` զինադադարի համաձայնության կնքումից հետո: Բայց Ադրբեջանի ղեկավարությունն այլ ուղի ընտրեց, սկսեց զինվել... եւ այսօր, ըստ իրենց, հասել է պահը, երբ Ադրբեջանը շատ փող ունի եւ կարող է շատ զենք գնել ու ռազմական ուղիով լուծել հարցը»: Սերժ Սարգսյանն այս համատեքստում տարակուսանք է հայտնել, թե ինչու կամ ինչպես են ԵԱՀԿ անդամները, առաջատար համաշխարհային գերտերությունները հանդուրժում, երբ ԵԱՀԿ տարածաշրջանում Ադրբեջանն միակ երկիրն է, որ հոխորտում է իր ռազմական ծախսերով:
Թե որքանով է Հայաստանը պատրաստ պատերազմի, Սերժ Սարգսյանը պարզաբանել է. «Անկեղծ ասած, ընտրելու հնարավորություն չկա, քանի որ միայն հարցը խաղաղ լուծելու մեր ցանկությունը բավարար չէ: Եթե այլ ելք չլինի, մենք կհայտնվենք 90-ականների իրավիճակում` բոլոր միջոցներով պաշտպանելու մեր բնակչությանը: Ես շատ լավ եմ հիշում այդ տարիները, եւ հիշում եմ, որ բոլորը, ովքեր չէին ալարում, ասում էին, թե ամբողջական մասշտաբային պատերազմի դեպքում մի քանի օրում ադրբեջանցիները թեյ կխմեն Ստեփանակերտում եւ ոտքերը կլվանան Սեւանում, բայց այդպես չեղավ, մենք պաշտպանում էինք մեր ընտանիքները, մեր հողը, եւ 1994-ին Ադրբեջանը ինքը խնդրեց զինադադար կնքել: Թվում է, թե պատմությունը կրկնվում է: Հիմա ադրբեջանցինեը համարում են, թե ունեն մարտունակ բանակ եւ բլիցկրիգ անելով, հարցը կփակեն: Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացմանը: Մենք դեմ ենք պատերազմին, բայց չենք վախենում կռվել, մենք այլ ելք չունենք»:
Հայաստանը` Վրաստանի ու Իրանի հետ
Հայաստանի նախագահը հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Վրաստան եւ Հայաստան-Իրան հարաբերություններին: Մասնավորապես, խոսելով Վրաստանում հայկական եկեղեցիների եւ եկեղեցու կարգավիճակի խնդրից` Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ հարցը բարդ է, սակայն քննարկվում է երկու երկրների նախագահների հանդիպումներում: Բացի դրանից, Սարգսյանի ընդգծմամբ, Վրաստանն ունի միջազգային պարտավորություններ:
Ինչ վերաբերում է հյուսիս-հարավ գազատարի վրացական հատվածի հավանական վաճառքին, ապա Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ պաշտոնապես Հայաստանին վստահեցնում են, թե Վրաստանը մտադրություն չունի վաճառելու գազատարը: Սակայն եթե վաճառի, տարանցման համար Վրաստանին Հայաստանը միշտ վճարել է, այլ ոչ թե Վրաստանը բարի գործ է կատարել: Սերժ Սարգսյանը նաեւ նշել է, որ Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների կարգավորումը Հայաստանի համար տոն կլիներ, քանի որ երկու երկրներն էլ կարեւոր են Հայաստանի համար` լինելով դարերի հարեւան ու բարեկամ:
Աբխազիայի, Հարավային Օսիայի հանդեպ Հայաստանի վերաբերմունքի կապակցությամբ Հայաստանի նախագահը նշել է, որ այդ խնդիրները, նաեւ Կոսովոն Հայաստանի համար նախադեպային նշանակություն ունեն: «Մենք չենք կարող ճանաչել նրանց, քանի դեռ չենք ճանաչել ԼՂՀ-ը: Դա կլինի վերջին քայլը, եւ կլինի, եթե Ադրբեջանը սկսի ռազմական գործողություններ», ասել է Սարգսյանը:
Իրանը եւս շատ կարեւոր երկիր է Հայաստանի համար, քանի որ դարեր շարունակ հարեւաններ ենք եղել, նաեւ այլ պատճառներով: «Իրանը այն երկու երկրներից է, որոնց միջոցով շփվում ենք աշխարհի հետ: Իրանի հետ խնդիր ունենալը նշանակում է նեղացնել այն խողովակը, որով շնչում է Հայաստանը: Բացի դրանիցՙ Իրանում հայկական մեծ համայնք կա: Լավ տնտեսական հարաբերություններ են»:
Թուրքիան մեզ համար թելադրող չէ
«Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցը կարեւոր է Հայաստանի համար եւ ինձ համար, որպես մարդու, որ փորձել է նորմալացնել հարաբերությունները Թուրքիայի հետ», անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին` ասել է Հայաստանի նախագահը:
«Երբ այդ գործընթացը սկսեցինք, մենք չունեինք վստահություն, որ անպայման հարաբերությունները կնորմալանան, սահմանը կբացվի», նշել է Սերժ Սարգսյանը: Ըստ նրա, գործընթացի սկզբում հնարավոր էր երկու ելք. նորմալ հարաբերություններ եւ բաց սահման, որից հետո կքննարկվեին երկկողմ խնդիրները, եւ կամ որեւէ զարգացման բացակայություն, ինչը Սարգսյանը գնահատել է «արդյունք»: «Բացասական արդյունքն էլ է արդյունք, քանի որ մեր բարեկամները միշտ ասում էին, թե խնդրի լուծմամբ շահագրգիռ մարդկանց համար հստակ չէր, թե ով է դեմ այդ կարգավորմանը: Բացասական արդյունքը կապացուցեր, որ հայերն իրենց մեջ ուժ գտան շփումների գնալու առանց նախապայմանների, իսկ ինչ ստացվեց, թե չստացվեց` այլ հարց է»:
Քննարկվող արձանագրություններում նախապայման կամ որեւէ պայման չկար, բայց 2008-ի մարտի վերջին թուրքերը, ըստ Սերժ Սարգսյանի, սկսեցին ակնարկել նախապայմանների մասին, իսկ մայիսին ԱՄՆ նախագահի Թուրքիա այցելությունից հետո Թուրքիան սկսեց խոսել նախապայմաններից: Ամեն դեպքում, ըստ Հայաստանի նախագահի, գործընթացին վերադարձ հնարավոր է, եթե թուրքերը առանց նախապայմանների վավերացնեն արձանագրությունները: «Մենք պատրաստ չենք նոր բանակցությունների կամ այդ արձանագրություններում փոփոխություններ մտցնելուն: Իսկ եթե այսպես շարունակվի, ապա գուցե մեզ համար միակ ելք դառնա մեր ստորագրության հետկանչը արձանագրություններից», ասել է Սերժ Սարգսյանը:
«Թուրքիան մեծ երկիր է, տնտեսությունը վերջին տարիներին մեծապես աճել է, բայց դա չի նշանակում, որ պետք է նրանք շեֆություն անեն, նրանք մեզ համար թելադրող-հրահանգող չեն: Նրանք պետք է կառուցողական լինեն», եզրափակել է Սերժ Սարգսյանը:
Հ. Գ. Մոտակա տասն օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը թերեւս մեկնի Մոսկվա: Այդ մասին հարցազրույցում Հայաստանի նախագահը ասել է. «Ես հաճախ եմ լինում Մոսկվայում, գուցե մի տասը օրից կամ երկու շաբաթից կլինեմ նորից Մոսկվայում»: