«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2011-01-26 | #13, 2011-01-27 | #14, 2011-01-28


ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԳԵՏԸ ԳԵՐԱՆ ՉԻ ԲԵՐԻ»

Ներքաղաքական ընդերքային քաղաքական խմորումների թեման երեկ «Իրատես դե ֆակտո» ակումբում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նախ հրեց վարչապետի ուղղությամբ` գյուղատնտեսությունը գերակա ոլորտ հայտարարելու առթիվ մտահոգվելով, թե հերթը հասավ գյուղատնտեսությանն ու գյուղացիներին. մանր եւ միջին բիզնեսը վերացնելուց կամ նրա տեսակարար կշիռը տնտեսության մեջ նվազեցնելուց հետո հերթը գյուղատնտեսությանն է, որ այդ ոլորտը եւս հայտնվի խոշորների ձեռքում, մենաշնորհային դառնա: Նրա կարծիքով` աղքատացումը երկրում խորանում է: Եվրոպական բարեփոխումները մատնանշող իշխանությանը նա հիշեցրեց, որ Արեւելյան Եվրոպայում եթե օրական 11 դոլարից նվազ է քաղաքացու եկամուտը, նա աղքատ է համարվում` այս եվրոպական չափանիշներով Հայաստանի բնակչության 80 տոկոսն աղքատ է, միջին աշխատավարձն էլ աղքատավարձ է: Սոցիալական առումով շատ խնդիրներ մնացել են չլուծված, անցած տարի 41 հազար արտագաղթող ենք ունեցել (այդքան է բացասական սալդոն):

Վերադառնալով բուն քաղաքական դաշտի խմորումներին` Ա. Մարտիրոսյանը, նշելով 2011 թվականի նախընտրական տարի լինելը, կանխատեսեց. «Մենք տեսնելու ենք, որ իշխանական դաշտում ընդդիմադիր ելույթներ կլինեն, նաեւ իշխանական որոշ շրջանակներ ավելի ընդդիմադիր կլինեն` Հռոմի պապից ավելի կաթոլիկ», նկատելով, թե, ինչու չէ, անցած տարի ՀՀԿ 20-ամյակին նախագահ Սարգսյանի ելույթը բավականին ընդդիմադիր էր: «Իրականում դրանք խնդիրներ չլուծող ելույթներ են լինելու, եւ ընդամենը քվեներ փախցնելու գործընթաց է լինելու: Այդ շրջանակում լինելու են կեղծ ընդդիմադիրներ, որոնք այս տարիներին չգիտես ինչու ընդդիմադիր դաշտում չկային եւ պայքարում էին բացառապես ընդդիմադիր ուժերի դեմ: Լինելու են ուժեր, որոնք հանդես են գալու իբր թե կենտրոնամետ ուժեր` նորից ընդդիմադիր որոշակի զանգվածից ձայներ փախցնելու համար: Եվ այս ամբողջ պրոցեսները միտված են լինելու նրան, որ 2012 թվականին իշխանությունը, որքան հնարավոր է, առավել մեղմ եղանակներով փորձի վերարտադրվել»: Նա համոզված էր, որ լիցենզիաների չտրամադրումը որոշ հեռուստաընկերությունների ու ընտրական օրենսգրքի իշխանական նոր փոփոխությունները ցույց են տալիս, որ իշխանությունները չեն պատրաստվում նորմալ ընտրություններ անցկացնել` նրանց ապավենը մնալու են որոշակի տեխնոլոգների միջոցով ձայներ փախցնելը ընդդիմությունից եւ ընտրակեղծիքների միջոցով վերարտադրվելը: Նա նշեց նաեւ, որ այս պահին ընդդիմադիր դաշտում չկա որոշակի համախմբվածություն, ոչ թե միավորում` գոնե համախմբվածություն, ինչն աշխատեց Մոլդովայում, որտեղ առանձին ուժերով հանդես եկած ընդդիմությունը միայն խորհրդարանում միավորվեց. «Սա եւս ճանապարհ է: Եթե քաղաքական ուժերը Հայաստանում` լինեն իշխանական թե ընդդիմադիր, իրական փոփոխություններ չիրականացնեն` իսկ այդ փոփոխություններն արդեն իսկ հեղափոխական են, մենք ունենալու ենք երկու ճանապարհ», զգուշացրեց նա` կա՛մ հեղափոխություն, որն ինչ-որ պահի նույնիսկ կարող է անկառավարելի լինել, կա՛մ արտագաղթը, իսկ թունիսյան տարբերակը մեզ համար ընդունելի չէ: Նա համոզում էր լրագրողներին, թե մեր հասարակությունը շատ լավ եւ պայքարող հասարակություն է եւ տարբեր տարիների պայքարել է մինչեւ վերջ, ընդդիմությունը դա չի կարողացել իրացնել... բայց` «ամեն անգամ գետը գերան չի բերում, կամ պապը գաթա չի ուտում, եթե երեկ չի ստացվել, դա չի նշանակում, որ վաղը չի ստացվելու` մի փոքր համբերություն է պետք եւ առավել նպատակամղված պայքար»: Ո՞վ է նրա ասած կեղծ ընդդիմությունը` նա չանվանեց, միայն նշեց հատկանիշներ, որով լրագրողներս կարող ենք գլխի ընկնել, իսկ անուններ տալու ժամանակը եւս կգա: Անձնական տեսակետ անվանելով իր կարծիքը` նա համագործակցության դաշտ տեսավ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, «Նոր Ժամանակների» հետ, իսկ կանխատեսումները, թե «Ժառանգությունը» կարող է նոր խորհրդարանում չլինել` նա անհիմն գուշակությունների դաշտում տեղադրեց, միաժամանակ չմտահոգվելով, որ որեւէ քաղաքական ուժով է սկսվում եւ ավարտվում երկիրը :

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4