Հունվարի 26: «Մոսկվա» կինոթատրոն: «Կարմիր դահլիճ»: Երեկոյացող ձմեռային օր: Ճերմակ պաստառը երկար իր վրա է պահում ազդագիրըՙ «Մշակույթի նախարարությունը հրավիրում է Վիգեն Չալդրանյանի հոբելյանական երեկոյին»:
Ծննդյան 55-րդ տարեդարձ եւ ստեղծագործական կյանքի 35 տարիներ: Ստեղծագործական ուժերի ծաղկման հասուն շրջան: Բեմին կանոնավոր տեղավորված նոտակալները երաժշտության են սպասում. Էդուարդ Թոփչյանն է «Սերենադ» նվագախմբի հետ: Զուգընթաց էկրանի պատկերը փոխվում է: Չալդրանյանի ֆիլմերից դրվագները Էդվարդ Միրզոյանի ստեղծագործության ուղեկցությամբ լավ են դիտվում: Հոբելյանական օրվա հանդիսավարը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն է: Փոքր-ինչ անսովոր է: Դահլիճը լեփ-լեցուն է: Սպասվածի պես շուտով բեմ կհրավիրվեն շնորհավորողները, կհնչեն ջերմ դրվատանքի խոսքեր, կլինեն պարգեւատրումներ ու ընծաներ, ինչպես լինում է սովորաբար:
Կինոբեմադրիչը հանդիսավարի հրավերով բեմ է բարձրանում, ոտքի վրա է ողջ ընթացքումՙ գործողությունների դիտորդ-մասնակից, ինչպես կինոնկարահանման հրապարակում է: Այս ամենը, իհարկե, շարադրանքի է ենթակա: Մինչ այդ միայն մեկ նկատառում. «բազմաբեղուն» շնորհանդեսների ու հոբելյանների միջակայքում, որտեղ խոսքասացները չեն խնայում ոչ մեզ, ոչ իրենց եւ այնքան շռայլ են դիֆերամբներ ու ձոներգեր նվիրաբերելու մեջ (եւ անտեղիՙ հաճախ, երբ չափազանցում են, եւ որով խոսքն արժեզրկում), երեկ այս երեւույթի հետքն իսկ չկար, կարծես նույնիսկ պակաս կար: Այնպիսի ինքնատիպ ընդգծվածությամբ բեմադրիչի ու արտիստի համար, ինչպիսին Վիգեն Չալդրանյանն է, թերեւս, խոսքի փոքր-ինչ տարբեր (ոչ երբեք վերամբարձ) շարադրանք ու հնչերանգ էր պահանջվում (Եվ, սակայն, ամեն ինչ բնական էր ու լավ էր այդպես): Թեկուզ այն պատճառով, որ Վիգեն Չալդրանյանի արվեստը` գերհագեցած ինտելեկտուալ ու հոգեւոր լիցքերով, թեեւ կյանքի բուն հորձանուտից բխող, բայց զարմանալի անսովոր ու գեղեցիկ էՙ նույնիսկ տգեղ երեւույթների ու ձեւերի պատկերավորումներում է նա գեղագետ: Վկանՙ հոբելյանական հանդիսավոր մասին հաջորդող ֆիլմը: Չալդրանյանը «Ձայն բարբառոյ...» ֆիլմը նկարահանել է 20 տարի առաջ, 35 տարեկան հասակում: Նա ե՛ւ համասցենարիստն է, ե՛ւ ֆիլմի բեմադրիչը, ե՛ւ գլխավոր դերակատարը, ե՛ւ բեմադրող նկարիչներից: Չգիտեմՙ դա նրա առաջի՞ն ֆիլմն է, եթե այդպես է, կինեմատոգրաֆում նրա անցաթուղթը լավագույնս հաջողված է: Երեկոյին ներկայացվեց ֆիլմի նոր, խմբագրված տարբերակը: Թեմատիկ այժմեականությունն էր թելադրողը այս նոր հայացքիՙ ինչպես օպերատորական-մոնտաժման, այնպես էլ նյութի ներկայացման որոշ փոփոխության: Մի քանի դրվագների կրճատմամբ եւ մեկ ուրիշի հավելումով ապահովվեց ֆիլմի առավել կառուցիկ ամբողջացումը: Նորությունը նաեւ նովելային 7 մասերի բաժանումն է եւ որպես դրանց սկիզբ ընտրված հայ միջնադարյան մանրանկարչության նմուշներն ու Տերունական աղոթքը: Կատարվել է տեխնիկական մոնտաժումՙ պատկերագունային թարմացման, բավական մանրակրկիտ աշխատանք տարվել է սուբտիտրերի (անգլերեն տեքստի) խմբագրման (ճշգրտումներ, լրացումներ): Ակնհայտորեն Վ. Չալդրանյանի այս ֆիլմը եւ նրա անուրանալի գեղագիտությունը չէին կարող անտեսված մնալՙ ստացած ութ մրցանակները ասվածի վկայությունն են, դրանցից մեկըՙ 1994-ին Հյուսթընի համաշխարհային կինոփառատոնի «Ոսկե մեդալը»:
Ֆիլմը մարդու հոգեւոր դրամայի արտացոլումն է, նրա երկատված կյանքի արվեստային արձագանքը: Կինոբեմադրիչն օժտված է մետաֆորիկ ընդգծված մտածողությամբ, սակայն տպավորիչը ֆիլմի գեղանկարչական շերտն է, գույնի այն հազվագյուտ զգացողությունը, որին տիրապետում է նա:
Աշխարհի դեմքը, այն տարածքը, որտեղ ծավալվում են մարդկային կյանքերըՙ գործունեություններն այսինքն, ամայացած է: Որի վրայով սահող ժամանակը ծածկում է երկրային քաղաքակրթության տարբեր շերտեր, որոնց միջով են անցնում մարդիկ, ավելի ճիշտՙ դիմակները նրանց-բռնապետների, կեղծարարների, դավաճանների, դահիճների, հացկատակների, խամաճիկների, մոլորյալ ամբոխի: Որպես դառը փշածաղիկ վեր է բարձրանում մարդկային ողբերգությունը, խորտակվում են իդեալներ ու սերեր, եղծվում է խոսքը, ծնվում են չարի ծաղիկները, խոր հուսահատությունը: Թատերայնացված տեսարանները իրար են հաջորդումՙ ծաղրածուն ծիծաղում է աշխարհի վրա, զանգերըՙ ահազանգում: Ֆիլմի հատվածները միացնողը սրբապատկերային աղոթքն էՙ Տերունական: Ու ձգվում է դիտողի ենթագիտակցության մեջ հոգեկան անկման եւ անորոշության ընթացքի մետաֆորը, գորշաշիկավուն լերկ ճանապարհը: Երկինքն ի կախՙ արցունք ու ծիծաղ զանգակատան բիբերի մեջ լցվող: Կույր ամբոխի շեկ ճանապարհին մարտիրոսացվող անհատը հավերժացող խաչյալն էՙ քավության նոխազը, անմեղ արյունը: Սա մարդու ընտրած ճանապարհն էՙ տատասկապատ ու դժնի, որովհետեւ մոռացել է Աստծո ճանապարհը: Վիգեն Չալդրանյանի հերոսըՙ աշխարհի մարդն է, որի կերպարը սակայն իր հայրենիքից է սկսվում ու վերադառնում, ու աղոթք առ Աստված նա հայերեն է մրմնջում: Նրա ազգային նկարագիրն էլ այդպիսին է, խիստ ինքնատիպ ու ֆիլմի հերոսի Արարատը նույնպես, պաշտպանիչ մոգական շրջագծով:
Ամենազարմանալին ֆիլմի արտահայտչականությունն էՙ ռեժիսորի մտածողական կերպը, փիլիսոփայական մտածումների ու հոգեւոր որոնումների այսպիսի հարուստ նյութիՙ կինոյի լեզվով հաղորդելու նրա ինքնատիպ տաղանդը: Գեղեցիկ է Վիգեն Չալդրանյանի պատկերային լեզուն, եւ եթե աշխարհը այդքան գեղեցկորեն տեսնող հանճարեղ Փարաջանովը ամենասովորական իրը կարող է դարձնել ամենագեղեցիկըՙ մոգական մի հատկությամբ, ապա Վիգեն Չալդրանյանը զարմանալի գեղեցիկ տեսնում է շարժը կյանքի, նրա ֆիլմում ստատիկ ոչինչ չկա, նրա կինոն ներքնապես խիստ շարժուն է, այն հոսուն է, ինչպես անվերջական ճանապարհը մտքի: Չալդրանյանն, անխոս, մասսայական տեսարանների վարպետ է, սակայն այս ֆիլմում գոնե ինձ համար, ամենատպավորիչը ամայի բնության, այսպես ասած անապատային տարածության հագեցվածությունն է, նրա ստեղծած պատկերի գունագեղությունը: Ես չեմ հիշում կանաչի մի դրվագ, մի ֆոն, այսինքնՙ կանաչած բնություն, որով «զարդարված» են լինում ֆիլմերը սովորաբար. այս առումով նա նվազագույնի է հասցնում միջոցները, բայց արդյո՜ւնքըՙ այնպիսի ազդեցիկ պատկերներ: Մետաֆորային մտածողություն, գեղանկարչական հայացք, բանաստեղծական ներաշխարհ ու ռիթմիկ-մելոդիկ զգացողություն, ահա սրանք են պայմանավորում ֆիլմի գեղագիտությունը: Հատկապես դժվար է մոռանալ ֆիլմի մի քանի դրվագ-պատկերներ. ահա բաց տարածության մեջ սլացող ճերմակ նժույգը, բաց մոխրագույն երկնաֆոնին ձույլ խաչապատկերըՙ մարտիրոսացվողի թույլ մրմունջովՙ աղոթքի, ջրերի բաց կապույտում ծփացող կանանց թաց կրծքերը սպասող ու.... լռությունը մագաղաթիՙ մերթընդմերթ «երեւացող»... ու անհետացող:
Ծննդյան 55-րդ տարեդարձը Վիգեն Չալդրանյանի արվեստային ճանապարհի մի հանգրվան է հոբելյանական` արժանի գնահատանքի ու մրցանակների: Այդ օրը մինչ այդ եղածը հարստացավ ՀՀ մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների Ոսկե մեդալներով, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հատուկ մրցանակով», բարձր պրոֆեսիոնալ վարպետության համար, Գիտությունների եվրոպական ակադեմիայի «Ֆրիդրիխ Շիլլերի» մեդալով եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի մրցանակով:
Բարեմաղթանքներ եւ ուղերձներՙ Ամենայն հայոց հայրապետից, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդից, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորից, ընծաներ, ծաղիկներ:
Շնորհավորականների անակնկալը, սակայն, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մատուցեց: Հանդիսության խոսքային մասը ավարտվել եւ արդեն երաժշտականն էր սկսվում, երբ հապշտապ բեմ բարձրացավ նա ու հանպատրաստից ելույթ ունեցավ, տպավորիչը խոսքի ինքնաբուխ ու անկեղծ լինելն էր եւ գնահատական վերաբերմունքը հայ մշակույթի եւ նրա կրողների հանդեպ: Ինչպես ինքն ասաց, եթե հոբելյարին շնորհավորում են գիտնականը, արվեստագետը, հոգեւորականը, ինչո՞ւ դա չանի ոստիկանապետը. ոստիկանն էլ ունի իր հոգեւոր ու մտավոր աշխարհը:
Տաղանդաշատ բեմադրիչը շռայլ էր իր շնորհակալական խոսքի մեջ, ուղղված բոլորինՙ իր դերասաններին անխտիր, գործընկերներին, համախոհներին, հովանավոներին (եւ որքան էլ այդ օրը անուններ չհնչեցնելու իր մտադրությանը, այդուամենայնիվ, Ռալֆ Յիրիկյանն առանձնացավ դարձյալ), իհարկե, իր հանդիսականին, մտերիմներին, իր «անփոխարինելի պրոդյուսեր» Սահականուշ Սահակյանին: Խոստովանությունը նույնպես անկեղծ էրՙ շարունակել գնալ սեփական ճանապարհովՙ ինքնամերձ արվեստի նվիրումի մեջ, ստեղծագործել խղճի թելադրանքով եւ երբեքՙ պատվերով:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ