«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2011-01-26 | #13, 2011-01-27 | #14, 2011-01-28


ՏԵԼԵԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Գեորգի Չալտիկյանի հետ մեր այս զրույցի թեման Տելեբժշկության հայկական ասոցիացիան եւ նրա գործունեությունն ենՙ որպես առողջապահության մեր համակարգում նորամուծություն, ինչպես նաեւՙ էլեկտրոնային առողջապահության մասին նախնական ծանոթացումը: Հանրային այս երկու ծառայությունները պայմանավորված են ժամանակի տեխնոլոգիական առաջընթացով:

Գեորգի Չալտիկյանը Տելեբժշկության հայկական ասոցիացիայի (ՏԲՀԱ) նախագահն ու համահիմնադիրն է, միաժամանակՙ որպես գործող բժիշկ Երեւանի «Արաբկիր» բժշկական համալիրում, վարում է մեծահասակների ընդհանուր եւ լապարոսկոպիկ վիրաբուժության ծառայություն: Մասնագիտական կրթությունը բժշկական համալսարանում ստանալուց հետո, կլինիկական օրդինատուրան անցել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում եւ մի որոշ ժամանակ աշխատել այնտեղ: Թեկնածուական թեզ պաշտպանելուց հետո, զուգընթաց աշխատել է նաեւ բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնում: 2002-ից նախապատրաստական աշխատանքներ է տարել վիրաբուժության ուսուցման կուրս անգլերենով անցկացնելու ուղղությամբՙ գործընկերոջ` Դավիթ Սարգսյանի հետ կազմել համապատասխան ծրագիրՙ պատրաստելով դասախոսությունների շարք, սլայդներ, ուղեկցող տարբեր այլ նյութեր: Դրանք հետագայում հեղինակներն ամփոփել են «Վիրաբուժական հիվանդությունների հակիրճ դասընթացներ» ժողովածուում, հրատարակել որպես ուսումնական ձեռնարկՙ այն ժամանակվա վիրաբուժության ամբիոնի վարիչ եւ Հանրապետական հիվանդանոցի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆ. Ստեփան Հովհաննիսյանի խմբագրությամբ: Վիրաբուժության առարկայի գործնական դասընթացներն անգլերենով սկսվեցին 2004-ից, արտասահմանցի ուսանողների համար իհարկե, որոնց մեծ մասը Հնդկաստանից են:

Ծրագիրն իրականացավ մասնակից-հեղինակների թե՛ մասնագիտական պատրաստվածության ու մոտեցումների, թե՛ օտար լեզուների իմացության շնորհիվ, որին նպաստեցին մի շարք երկրներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Ավստրիա, Գերմանիա եւ այլ) մասնագիտական դասընթացների եւ կոնֆերանսների նրանց մասնակցության փորձը, արտերկրի բժշկական հանդեսներում մի շարք հոդվածների տպագրությունը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի Fulbright ծրագրով Գեորգի Չալտիկյանը 2009-ին մեկնեց Միացյալ Նահանգներ, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան (USC)ՙ մեկամյա վերապատրաստման եւ մասնակցելու գիտական ծրագրի: Ուսումնասիրվում էին հետկրծոսկրային այրոցը (ռուս. «իզժոգա») եւ հետեւանքները: Տարածված մի հիվանդություն, որը, ինչպես բժշկական փորձն է վկայում, բնակչության 10-15 տոկոսի մոտ ուղեկցվում է այնպիսի սրացումներով, որ բացի դեղորայքային, հաճախ նաեւ վիրահատական միջամտություն է պահանջում: Այս երեւույթը հետեւանք է կերակրափողի եւ ստամոքսի միջեւ գործող փականային մեխանիզմի (որն արգելակում է ստամոքսաթթվի հետադարձ անցումը կերակրափող) թուլացմանը, որի առկայությամբ թթվի հաճախակի հոսքը կերակրափողՙ վնասելով այն, զանազան հիվանդությունների պատճառ է դառնում, իսկ սրա երկարատեւ ընթացքը առաջացնում է կերակրափողի ներքին շերտի կազմափոխություն, որը կարող է ստեղծել անգամ նախաքաղցկեղային վիճակ, նպաստել կերակրափողի քաղցկեղի զարգացմանը:

Ստամոքսակերակրափողային ռեֆլյուքս (հետադարձ հոսք) կոչվող այս հիվանդությունը, ինչպես զրուցակիցս է ասում, տարածված է հատկապես զարգացած երկրներում եւ համարվում է հանրային առողջապահության առաջնային խնդիրներից մեկը: Մասնագետներն այս երեւույթը կապում են ժամանակակից մարդու կենսակերպի, ապրելաոճի հետ (նստակյաց կյանք, սխալ սննդակարգ), այն համարվում է ներկայիս քաղաքակրթության հիվանդություններից մեկը:

Նոր ծառայություններ հանրային առողջապահական համակարգում

Տելեբժշկության հայկական ասոցիացիան ստեղծվել է 2008 թվականի դեկտեմբերին (մտահղացվել է Բեռլինի Շարիտե համալսարանի պրոֆ. Կլաուս Կայզերի հետ շփումների ընթացքում), մի խումբ բժիշկների նախաձեռնությամբ, որոնց մեջ են նաեւ երկրում ճանաչված այնպիսի մասնագետներ, ինչպիսին են ուռոլոգներ Արմեն Ավոյանը եւ Ռուբեն Հովհաննիսյանը, մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Գասպարյանը: ՏՏ ու տելեկոմի մասնագետների մասնակցությամբ մշակվել է հայեցակարգ` ուղղված Հայաստանում տելեբժշկության եւ էլեկտրոնային առողջապահության զարգացմանը: Ասոցիացիան կարեւորում է կրթական եւ ուսումնական ծրագրերի զարգացմանն ու կադրերի պատրաստմանն ուղղված աշխատանքները, մասնագիտական խորհրդատվությունները. հիմնական գործունեությունը ՏԲ/ԷԱ ծրագրերի եւ ծառայությունների կոորդինացումն է:

Այսպիսի ծառայության իրականացումը հնարավոր դարձավ բացառապես ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ: Ըստ էության, տելեբժշկությունը ոչ այլ ինչ է, եթե ոչՙ բժշկական նույն, մեզ ծանոթ ծառայությունը (ախտորոշում, խորհրդատվություն, բուժման կուրս), միայնՙ հեռավորության վրա, այսինքնՙ աշխարհագրական ամենատարբեր կետերում գտնվող հիվանդի եւ բուժող բժշկի (կամ խմբերի)` միմյանց հետ հարաբերվելը տեխնիկայի միջոցով է կատարվում` արագ ինտերնետային կապ, վիդեոկամերաներ, մոնիտորներ, համապատասխան ծրագրեր, որոնք ապահովում են վիդեոկոնֆերանսային զրույցների անցկացում, իսկ մասնագիտական սարքավորումների միջոցով (ԷԿԳ, էնդոսկոպիա, սոնոգրաֆիա եւ այլն) ստացված պատկերները ճիշտ տվյալ պահին փոխանցվում են որեւէ այլ երկրում գտնվող մեկ այլ մասնագետի, որն էլ իր ախտորոշումներն ու դիտարկումներն է անում:

Ժամանակակից աշխարհում տելեբժշկության լայն տարածումը պայմանավորված է նաեւ հանրային առողջապահության մեջ գրեթե ամենուր առկա բարձրորակ մասնագետների եւ նեղ մասնագիտացված բուժօգնության պակասով, դրանցՙ խոշոր քաղաքներում կենտրոնանալու հանգամանքով: Եվ ահա օգնության են գալիս տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնց ստեղծած հաղորդակցման հնարավորությունները ծառայում են նաեւ առողջապահությանը: Այսպես օրինակՙ Հայաստանի հեռավոր գյուղերից (կամ մեկ այլ բնակավայրից մեկ ուրիշը) հիվանդիՙ Երեւան գալը պարտադիր չէ, խորհրդատվություն եւ ախտորոշում նա կարող է ստանալ տեղումՙ անհրաժեշտ սարքավորումների առկայությամբ եւ թեկուզ մեկ մասնագետի կամ բուժքրոջ միջամտությամբ:

Այսօր կա նաեւ բուժիչ մանիպուլյացիայի հնարավորություն. նման մի փորձ կատարվել է Նյու Յորք-Ստրասբուրգ հեռավորության վրա. հատկապես լապարոսկոպիկ վիրաբուժության մեջ այդպիսի հատուկ մանիպուլյատորների (ռոբոտ սարքերի) միջոցով կարող են կատարել պահանջվող միջամտությունները: Նման դեպքերն, իհարկե, առայժմ բացառիկ են, բայց, ինչպես զրուցակիցս է ասում, թերապեւտիկ բուժումը լայնորեն կիրառվում է: Հայաստանում, սակայն, տելեբժշկության փորձը բավական սահմանափակ է, նախկին եզակի դեպքերը` որոշակի առիթներով, զարգացում չեն ունեցել: Այսպես, Գեորգի Չալտիկյանը նշում է 1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժած բնակչությանն օգնելու նպատակով Հայաստանի մի քանի բուժհիմնարկների հետ NASA-ի հաստատած արբանյակային կապը, որի միջոցով աղետյալներին Մ. Նահանգներից բժշկական եւ հոգեբանական խորհրդատվություններ էին տրամադրվում: Վերջին տարիներին այսպիսի ծառայության հնարավորություն ունեցավ նաեւ «Արաբկիր» բժշկական կենտրոնըՙ շնորհիվ ժամանակի ընթացքում Միացյալ Նահանգների, եվրոպական տարբեր երկրների առողջապահական մի շարք հիմնարկությունների հետ իր հաստատած կապերի: Այս առումով, իհարկե, տեսանելի են հնարավորությունների այն սահմանները, որ կարող է բացել Տելեբժշկության միջազգային ասոցիացիային Հայկականի անդամակցումը:

Գործնականում ինչպիսի՞ արդյունքներ է արձանագրել ասոցիացիայի երկամյա ընթացքը:

«Նախ եւ առաջ, շնորհիվ մեծածավալ ուսումնասիրությունների ասոցիացիան ստեղծեց ոլորտի զարգացման տեսլական եւ ռազմավարություն, որոնցով բազմիցս հանդես եկավ թե` հայաստանյան եւ թե` արտեկրյա տարբեր համագումարներին ու միջոցառումներին. արդյունքում` այսօր արդեն մեր երկրում եւ կառավարական մարմինները, ե՛ւ մասնագետները, ե՛ւ բնակչությունը անհամեմատ ավելի հստակ են պատկերացնում տելեբժշկության ե՛ւ էլեկտրոնային առողջապահության դերն ու կարեւորությունը հանրային առողջապահության զարգացման մեջ»:

Ասոցիացիան համագործակցություն է հաստատել ոլորտում գործող միջազգային հաստատությունների եւ կազմակերպությունների հետ. առաջին հերթին` Տելեբժշկության ու էլեկտրոնային առողջապահության միջազգային ասոցիացիայի հետ, որի կազմում ՏԲՀԱ-ն ներկայացնում է Հայաստանը: Պաշտոնապես կնքվել է գործընկերության պայմանագիր նաեւ Տելեբժշկության ամերիկյան ասոցիացիայի` աշխարհի հնագույն, ամենամեծ եւ ամենահզոր պրոֆեսիոնալ կազմակերպության հետ: Հայաստանում ՏԲՀԱ-ի գործընկերները նույնպես բազմաթիվ են, սկսած նախարարություններից ու վարչական այլ մարմիններից, մինչեւ բուժհաստատություններ, ասոցիացիաներ, ՏՏ եւ կապի ընկերություններ, գիտակրթական հաստատություններ: Այսպես` Հայ-ռուսական համալսարանի եւ ասոցիացիայի միջեւ վերջերս կնքված համագործակցության պայմանագիրն ուղղված է Հայաստանում տելեբժշկության տարբեր` գործնական, գիտական եւ կրթական ծրագրերի զարգացմանը:

ԱՄՆ միջազգային Զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ ասոցիացիան անցած տարի իր առաջին գործնական ծրագիրն իրականացրեց Լոռու մարզում: Ջրաշենի գյուղական ամբուլատորիայում, որ սպասարկում է շուրջ 6 հազար բնակչություն եւ գրեթե չունի նեղ մասնագետներ, տեղադրվեցին հատուկ սարքավորումներ, որոնց միջոցով 76 հիվանդների երեք ամիսների ընթացքում տրվեց մասնագիտական 93 խորհրդատվություն: Նման մի ծրագիրՙ ԼՂ ղեկավարության առաջարկությամբ ասոցիացիան Ստեփանակերտի հիվանդանոցների հետ իրականացրեց անցած տարվա վերջերին: Մի քանի օրվա ընթացքում զննվեց 20 հիվանդՙ սրտամկանային եւ աչքի հիվանդությունների հետ կապված: Երեւանից մասնագետ-բժիշկները կոնֆերանս-կապի միջոցով հնարավորություն ունեցան մասնակցելու բուժական պրոցեսներին եւ անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն տրամադրելու: Ծրագիրը հաջողությամբ իրականացավ ասոցիացիայի գործընկերներիՙ Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) եւ «Սայմոթեք» ընկերության աջակցությամբ:

Ի՞նչ հիմունքներով են տրամադրվում տելեբժշկության ծառայությունները: Իմ այս հարցին բժիշկը հարցով է պատասխանումՙ անվճա՞ր է մեր երկրում բժշկությունը, թե՞ վճարովի եւ շարունակում. «Անվճար բժշկություն գոյություն չունի ամբողջ աշխարհում, որովհետեւ բժշկությունը կապված է ռեսուրսների ծախսման հետՙ դեղորայք, սարքավորումներ, մասնագետի ժամանակ, ի դեպՙ այս վերջինն ամբողջ աշխարհումՙ ամենաթանկ գնահատվողը: Բայց հարցն այսպիսին էՙ ո՞վ է վճարում ծառայության դիմաց, անվճար բուժծառայությունը փաստորեն պետպատվերն է: Սակայն, ի վերջո, ինչի՞ հաշվին է վճարում պետությունը: Իհարկե, նաեւ հարկերի: Սա առաջին տարբերակն է վճարման :

  Երկրորդ տարբերակը ապահովագրական բժշկությունն է, որն իրականում կարելի է ասել ամենաքաղաքակիրթ մոդելն է վճարման եւ երրորդըՙ մասնավոր վճարումն է, նաեւՙ բարեգործության ճանապարհը կա: Բարեգործությունը, սակայն, կարող է առավելագույնը 5-10% կազմել եւ, բնականաբար, ամբողջ բնակչության վրա տարածվել չի կարող: Ինչպես որեւէ այլ բժշկական ծառայություն, տելեբժշկության մեջ նույնպես կիրառվում է այս 3 մոդելըՙ ֆինանսավորման այդ 3 աղբյուրները »:

Տելեբժշկության հայկական ասոցիացիայի գործունեությունն ուղղված է Հայաստանում այս ծառայությունների ինտենսիվ զարգացմանը, ոլորտում համաշխարհային առաջընթացների մասնակցությանը: Նախորդ տարիների համեմատությամբ առաջխաղացումն ակնհայտ է, սա նաեւՙ ծրագրի հանդեպ պետական ուշադրության առումով. ՀՀ կառավարության կողմից նկատելի հետաքրքրություն կա:

Ինչ վերաբերում է էլեկտրոնային առողջապահությանը, ապա սա անխուսափելի զարգացումներն են ժամանակակից կյանքի տեխնոկրատացման: Առողջապահության թվայնացումը գրեթե այն նույն սկզբունքով կիրականանա, ինչպես օրինակ, բանկային համակարգը: Այսինքնՙ յուրաքանչյուր անձի հիվանդության պատմությունը եւ դրան առնչվող տվյալների բազան կտեղափոխվի վիրտուալ տարածք, կգործի չիպավորված էլեկտրոնային քարտերի մեխանիզմը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4