Ամենայն հավանականությամբ այսօրը ամենաճակատագրականը կլինի եգիպտական ժողովրդական ըմբոստության համար: Վերջինիս ակտիվիստները, որոնք դեռեւս առաջնորդի փնտրտուքի մեջ են, որոշել են այսօր Կահիրեի «Թահրիր» («Ազատագրում») հրապարակում մեկ միլիոնից ավել ցուցարար հավաքել: Նրանք վերջնագիր են տվել բանակին մինչեւ առավոտ դիրքորոշվելու ժողովրդի կողքին, այլապես սպառնում են քայլերթ կատարել դեպի նախագահի նստավայրՙ նրան վայր առնելու հաստատ նպատակադրմամբ:
Դեպքերը ինչպես կզարգանան թունիսյան հեղափոխության կայծից բոցավառված այս երկրում եւ, ընդհանրապես, ո՞ւր է գնում տարածաշրջանի ամենակարեւոր եւ Աֆրիկայի 2-րդ մեծագույն տնտեսությունն ունեցող Եգիպտոսը-սա այն հարցն է, որը տալիս են բոլորը: Նախագահ Մուբարաքի իշխանության հետագա ճակատագիրը քչերին է հետաքրքրում այլեւս, դա անցյալ է արդեն, որի գոյատեւումը միայն արյան բաղնիք է խոստանումՙ առանց տեւական կարգավորման որեւէ խոստման: Բոլորին հետաքրքրում է ապագանՙ ինչպիսի՞ իշխանություն, ինչպիսի՞ կորուստներից հետո, ի՞նչ արեւելումովՙ դեպի Արեւմո՞ւտք եւ Վաշինգտո՞ն, որի գլխավոր 2-րդ շահառուն է Եգիպտոսըՙ Իսրայելից հետո եւ Իսրայելի հետ 30 տարվա «խաղաղության» պայմանագիրը պահպանելու համար, թե՞ դեպի իսլամական ֆունդամենտալիզմ, որով վարակված է ողջ տարածաշրջանը, որի խթանիչը ոչ միայն Մուբարաքի վարչակարգի միահեծան էությունն է, աղքատությունը, անազատությունները եւ իշխանությունների կոռումպացվածությունը, այլեւ, խորքում, դառնացածությունը Իսրայելի նկատմամբ երկրի ղեկավարության մեղկ դիրքորոշումից:
Բոլոր պարագաներում, դեպի որ կողմ էլ գնա Եգիպտոսը, հարցերն այնտեղ շուտափույթ չեն կարգավորվելու: Ընդհակառակը, հեղաշրջման եւ ըմբոստության հրդեհը տարածվելու է հարեւան արաբական շատ երկրներ, միաժամանակ ծանրագույն կորուստներ պատճառելով համաշխարհային տնտեսությանըՙ հատկապես Սվեզի ջրանցքով անցկացվող բեռնափոխադրումների մասով: Խիստ ուշացած պետք է նկատել նաեւ անցումային կառավարում ստեղծելու (միշտ Մուբարաքի գլխավորությամբ) Լոնդոնի ու Վաշինգտոնի առաջարկած «դեղամիջոցը»: Դա պետք է արվեր առնվազն երկու տասնամյակ առաջ: Դա պետք է անել հիմա՛ մյուս արաբական երկրներումՙ թագավորական, փոքրամասնական, բռնապետական եւ համայնքային կամ այլ կառավարում ունեցող պետություններում, որտեղ տարիների փտածության եւ հակաժողովրդավարության աղբ կա կուտակված:
Ջինը դուրս է եկել շշից. հնարավոր չէ այն վերստին կոխել շշի մեջ: Պետք է մտածել հետագայի մասին, անարյուն եւ առանց խոշոր ավերածությունների կայուն ապագա ստեղծելու մասին, դրան շուտափույթ հասնելու մասին:
Երեկ թունիսյան եւ այսօր եգիպտական հեղափոխությունները դրական արագ քայլեր են թելադրում մյուս երկրներին: Եվ ոչ միայն արաբական երկրներին:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ