CRJ200 ինքնաթիռները չարժեն 16 մլն դոլար եւ դրանք գումար աշխատող չեն, այլ Արցախի բնակչությանը կարող են սնանկացնել: Այսպիսի կարծիք է հայտնել «Ազգի» ընթերցողներից Զավեն Թորոսյանը , որ ներկայացել է որպես օդանավերի շահագործման ոլորտում հիսուն տարվա փորձառություն ունեցող մասնագետ:
Դեռեւս նախորդ տարեվերջին` դեկտեմբերի 17-ին «Ազգը» տեղեկացրեց, որ Ստեփանակերտի օդանավակայանը արդեն գարնանը կարող է շահագործվել: «Ճախրող թռչունի» տեսքով եւ 1200 քմ ընդհանուր տարածք զբաղեցնող օդանավակայանը Ստեփանակերտից 8 կմ է հեռու:
ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության (ՔԱՎ) աշխատակազմի ղեկավար Դմիտրի Ադբաշյանը պատմել էր, որ օդանավակայանի վերակառուցման ընդհանուր արժեքը կազմում է 5 մլն դոլար: «Վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո օդանավակայանը կկարողանա ընդունել CRJ200 մակնիշի կանադական օդանավերը: Նման երկու ինքնաթիռ է նախատեսվում ձեռք բերել:
Օդանավակայանը կկարողանա ընդունել նաեւ AIRBUS-320 տիպի ինքնաթիռներ, սակայն դրանք մեր օդանավակայանի համար մեծ կլինեն», ասել էր Ադբաշյանը: Ադբաշյանը հավաստիացրել էր, թե ինքնաթիռներ գործարկելը տնտեսապես շահավետ կլինի: Անձամբ բիզնես պլան է մշակել, պարզվել է, եթե օդանավը թեկուզ 70 տոկոսով բեռնված լինի, ապա կարելի է թռիչքը շահավետ որակել:
Բեյրութի միջազգային օդանավակայանում որպես որակի վերահսկողության մենեջեր աշխատող Զավեն Թորոսյանն, իր նամակում դիմելով Դմիտրի Ադբաշյանին, գրում է, որ նախ CRJ200 ինքնաթիռները ավելի էժան են, քան դրանց համար նախատեսված գումարը, բացի դրանից, այդ ինքնաթիռները թանկ են շահագործման առումով, քանի որ բավականին թանկ են դրանց պահեստամասերը: Ավելին, ըստ գրեթե տասը տարի նույն CRJ200 ինքնաթիռների շահագործման փորձ ունեցող Թորոսյանի, այդ ինքնաթիռների շատ դետալներ ուղղակի անհնար է գտնել:
«Խնդրում եմ, լավ մտածեք մինչեւ կգնեք այդպիսի ինքնաթիռներ», Բեյրութից զգուշացնում է Զավեն Թորոսյանը:
Ա. Հ.