«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2011-01-27 | #14, 2011-01-28 | #15, 2011-02-01


ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐՆ ԻՐԵՆՔ ԿԸՆՏՐԵՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱՆ ԹՈՇԱԿՆԵՐԸ

Բանկերի՞ց, թե՞ այլ կազմակերպություններից, կանխի՞կ, թե՞ անկանխիկ

Հունվար ամսին կենսաթոշակների վճարման իրավիճակն, ինչպես հայտնի է, քննարկման առարկա դարձավ կառավարության նիստում: Խնդիրն այն էր, որ մեծ հերթեր առաջացան «Հայփոստի» բաժանմունքներում, թոշակառուների մի մասը չկարողացավ ստանալ իրեն հասանելիք գումարը, ինչը, բնականաբար, դժգոհությունների տեղիք տվեց:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը , պատասխանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցադրմանը, որոշակի բացատրություններ տվեց, թե ինչ փոփոխություններ են կատարվել, եւ որոնք են եղել նման իրավիճակի առաջացման պատճառները: Սակայն թոշակառուներին առավել հետաքրքրում է հարցը, թե ի՞նչ է արվել, որպեսզի փետրվարից սկսած նման իրավիճակներ չառաջանան եւ իրենք կարողանան ժամանակին եւ առանց խոչընդոտների ստանալ թոշակները:

Ըստ նախարարի, կատարվել էր կենսաթոշակների վճարման կարգի փոփոխություն, որի նպատակն էր բարելավել կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակը, նվազեցնել վճարման գործընթացում եղած կոռուպցիոն ռիսկերը, հնարավորություն տալ բոլոր բանկերին եւ վճարահաշվարկային կազմակերպություններին ընդգրկվելու գործընթացում:

Ներկայումս արդեն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պայմանագրեր է կնքել 12 բանկերի եւ 5 կազմակերպությունների հետ: Դրանք ենՙ «Արդշինինվեստբանկը», «ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ բանկը», «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը», «Արարատբանկը», «Զարգացման հայկական բանկը», «Կոնվերս բանկը», «Հայբիզնեսբանկը», «Հայէկոնոմբանկը», «Մելլաթ բանկը», «Յունիբանկը», «Պրոմեթեյ բանկը», «ՎՏԲ-Հայաստան բանկը», ինչպես նաեւ վճարահաշվարկային կազմակերպություններիցՙ «Հայփոստը», «Կվադրակոմը», «Մեգա պանտերան», «Իդրամը», «Ադալ եւ Ռիան»: Կենսաթոշակառուն կարող է ընտրել, թե դրանցից ո՞ր մեկից ստանալ թոշակները եւ ի՞նչ ձեւովՙ կանխի՞կ, թե՞ անկանխիկ:

Կենսաթոշակների վճարման կանխիկ եղանակն ընտրած կենսաթոշակառուին թոշակը շարունակվելու է վճարվել գործող կարգով, այսինքնՙ կենսաթոշակառուի բնակության վայրի հասցեում կամ վճարող կազմակերպության գրասենյակումՙ առձեռն կենսաթոշակառուին տրամադրելու միջոցով: Նախարարության հետ պայմանագրեր կնքած վերոնշյալ բոլոր կազմակերպությունները կարող են քաղաքացիներին մատուցել կենսաթոշակի վճարման ծառայություններ: Կենսաթոշակառուն կարող է դիմել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` կենսաթոշակ վճարող բանկը կամ կազմակերպությունը ընտրելու կամ փոխելու համար: Առաջ անցնելով նշենքՙ հավանական է, որ կենսաթոշակառուների մեծ մասը, գոնե սկզբնական շրջանում, ընտրի թոշակների ստացման գործողՙ կանխիկ տարբերակը, քանի որ նրանց համար հավելյալ բարդություն է նոր տարբերակներին ծանոթանալը եւ նոր իրողություններին հարմարվելը:

Այդուհանդերձ, կլինեն կենսաթոշակառուներ, որոնք կընտրեն թոշակներ ստանալու անկանխիկ տարբերակը, ինչը նշանակում է, որ կենսաթոշակը վճարվելու է կենսաթոշակառուի բանկային հաշվին փոխանցելու միջոցով: Դա հնարավորություն կտա կենսաթոշակառուին իր բանկային հաշվին փոխանցված կենսաթոշակի գումարը տնօրինելու առանց որեւէ ժամկետի սահմանափակմանՙ բանկի հետ պայմանավորվելով գումարի կանխիկացման ձեւի վերաբերյալ: Ի՞նչ պետք է անի այս տարբերակով թոշակը ստանալու ցանկություն ունեցող կենսաթոշակառուն:

Կենսաթոշակառուն պետք է այցելի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկերից որեւէ մեկը եւ բացի բանկային հաշիվ: Ընդ որում, բանկային հաշվի բացումը եւ սպասարկումը, այդ թվումՙ քարտերի թողարկումը եւ տրամադրումը, բանկային (քարտային) հաշվից միջոցների կանխիկացումը տվյալ բանկի սպասարկման կետերում, որպես պետության կողմից երաշխավորված հիմնական ծառայություններ, կենսաթոշակառուին մատուցվելու են անվճար: Բանկերին այդ ծառայությունների համար վճարելու է պետությունը: Այնուհետեւ, կենսաթոշակառուն պետք է այցելի իր բնակության վայրի կենսաթոշակ նշանակող տարածքային բաժին եւ ներկայացնի համապատասխան դիմում` նշելով բանկի անվանումը եւ իր բանկային հաշվի համարը:

Միանշանակ է, որ թոշակների վճարման կարգի վերոնշյալ փոփոխությունները շահավետ են նախեւառաջ թոշակառուներին, ապա նաեւ պետությանը: Սակայն ցանկացած լավ գաղափար հարկ է նաեւ լավագույնս կենսագործել: Այլապես, գոհունակության փոխարեն դժգոհություններ են առաջանում, ինչպես եղավ թոշակների վճարման հարցում հունվարին: Հուսանք, որ փետրվարին իրավիճակն այլ կլինի, եւ որ մեր այս հրապարակումը նույնպես կնպաստի, որ թոշակառուները իրազեկ լինեն թե ինչպե՞ս եւ ո՞ր կազմակերպություններից կարող են ստանալ իրենց թոշակները:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4