Երբ անցյալ տարի Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ հայաստանյան բոլոր մարզերի գրեթե բոլոր դպրոցներում անցկացվեց ռուսական երգի փառատոն, որն ավարտվեց Արամ Խաչատրյան համերգասրահում դափնեկիրների գալահամերգով, շատերն ասացին, որ Հայաստանում ռուսական երգի փառատոնը ազգային հիմք չունի, այն մղում է հայ աշակերտին դեպի օտար մշակույթ: Սակայն փառատոնին ներկա գտնվողները դժվար թե այդպիսի տպավորություն ստանային. բացի նրանից, որ ռուսերենը մեզանում այնքան էլ չի համարվում օտար լեզու, բացի նրանից, որ շատերի համար ռուսական երգը գրեթե նույնքան հարազատ է, որքան ազգայինը, մասնակից երեխաները նաեւ կատարում էին հայկական երգեր ռուսերեն լեզվով, ինչն արդեն հայ-ռուսական բարեկամության խորհուրդն ուներ:
Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի հերթական նախաձեռնության վերաբերյալ արդեն միանշանակ կարելի է ասել, որ հիմքն ազգային է. անցյալ տարի ՌՀՄ եւ ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանի անձնական նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվեց դուդուկահարների մրցույթ` երկու տարիքային խմբով, որը անցյալ տարի 10-ամյակը բոլորած Ռուսաստանի հայերի միության հոբելյանական շարքի վերջին միջոցառումն էր: Մրցույթը, որը կազմակերպիչները ցանկանում են ամենամյա, անգամ միջազգային դարձնել, անվանվեց դուդուկի աշխարհահռչակ վարպետ Ջիվան Գասպարյանի անունով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Ազգը» , դուդուկահարների մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել մինչեւ 17 եւ 17-30 տարեկան երիտասարդներ: Կազմակերպիչները, որոնց միացել էին նաեւ մշակույթի, սփյուռքի նախարարությունները, ինչպես նաեւ Հայաստանի երաժշտական ընկերությունը, հաղթողների համար սահմանել էին ոսկե, արծաթե մեդալներ, ինչպես նաեւ դրամական պարգեւներ: «Մրցույթի նպատակն է նպաստել երիտասարդ դուդուկահարների կատարողական վարպետության բարձրացմանը, դուդուկին առնչվող ազգային երաժշտական լավագույն ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը», ընդգծեց ՌՀՄ եւ ՀՀԿ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը :
Հունվարի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մրցույթի հաղթողները ՌՀՄ եւ ՀՀԿ փոխնախագահներից եւ Ջիվան Գասպարյանից ստացան իրենց պարգեւները. մինչեւ 17 տարեկանների խմբում հաղթող էր ճանաչվել Արտյոմ Բադալյանը , իսկ 17-30-տարիքային խմբումՙ կրտսեր Ջիվան Գասպարյանը : «Թող տպավորություն չստեղծվի, թե թոռս իմ անվան մրցույթում հաղթող է ճանաչվում: Այսօր դուք կզգաք նրա վարպետությունը», ասաց ավագ Ջիվան Գասպարյանը : Իսկ հանդիսատեսը շուրջ երկու ժամ տեւած համերգում ոչ միայն զգաց մրցույթի հաղթողի վարպետությունը, այլեւ հայկական դուդուկի դպրոցի վաղվա` փայլուն օրը: Անգամ Ջիվան Գասպարյանը համերգի վերջում խոստովանեց. «Ես անչափ երջանիկ եմ այսօր»:
Ազգային նշանակություն ունեցող նախաձեռնության կազմակերպիչները հաստատապես հասան իրենց նպատակին, եւ սրա ապացույցը ոչ միայն 12 տաղանդավոր երիտասարդ դուդուկահարների բացահայտումն է, ոչ միայն Խաչատրյան համերգասրահի հանդիսատեսի հիացմունքը, այլեւ ու թերեւս ամենակարեւորը` վեցամյա Նարեկի խոսքերը, որ նա ասաց մորը համերգից հետո, դահլիճից դուրս գալիս. «Մամ, ինձ կտանե՞ս դուդուկի, ես ուզում եմ դուդուկ նվագել»:
Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի ազգային հիմք ունեցող նախաձեռնություններն ու ծրագրերը շարունակվում են. շուտով կհրապարակվեն 2011-ի մրցանակաբաշխության անվանակարգերն ու կանոնները, որը ՌՀՄ եւ ՀՀԿ իրականացնում են Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի, Գրողների, Նկարիչների, Կոմպոզիտորների եւ Ժուռնալիստների միությունների հետ մի նպատակով` աշխուժացնել երկրի գիտական ու ստեղծագործական կյանքը:
Հ. Ա.