Հյուսիսգերմանական Քիլ քաղաքի գրականության տանը Անտոնիա Արսլանը հունվարի 27-ին եւ 28-ին ներկայացրել է իր «Արտույտների ագարակը» գիրքըՙ իտալերեն եւ գերմաներեն լեզուներով: Էլեկտրոնային տեղեկատվության մեջ համառոտ անդրադարձ կա ինչպես Պադուայում բնակվող հայազգի Արսլանի կենսագրությանը, այնպես էլ վեպի դիպաշարին: Գրքի իտալերեն հրատարակությունը բուռն հետաքրքրություն է առաջացրել ինչպես քննադատների, այնպես էլ ընթերցողների շրջանումՙ ամիսներ շարունակ գլխավորելով բեսթսելլերների ցուցակը: «Արտույտների ագարակը» վեպն արժանացել է Campiello, իտալական P.E.N. ակումբի, ինչպես նաեւ Manzoni մրցանակներին: Վեպն էկրանավորել են Տավիաննի եղբայրները:
Միջոցառումը կազմակերպել են գրականության տունըՙ «Դանթե Ալիգերի» ընկերակցության հետ համատեղ:
Ան. Հ., Գերմանիա