«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2011-01-28 | #15, 2011-02-01 | #16, 2011-02-02


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ «ԱՐԱԲԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ԱՐՄԱՏԱԽԻԼ Է ԱՐՎՈՒՄ ԴԵՌ ՉՍԿՍՎԱԾ

Հունվարի 27-ին, ճիշտ այն օրը, երբ Եգիպտոսի խոշոր քաղաքներում մարդիկ ելել էին փողոցներ` պահանջելով նախագահ Մուբարաքի հրաժարականը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարականով նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի գլխավորությամբ տեղի էր ունենում «Ադրբեջանում կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտե»-ի ընդլայնված կազմով նիստ: Ու հենց այդ նիստի ժամանակ հայտնաբերվեց, որ երկրում կոռուպցիայի բազմաթիվ փաստեր կան, որ ժողովրդի դժգոհությունը ահագնանում է. «կոմիտեն որոշեց, որ կձեռնարկվեն կտրուկ քայլեր` կարճ ժամանակահատվածում այդ հարցերին լուծում տալու համար»: Ուրեմն այստեղ արդեն, երբ որեւէ մեկը` այն էլ Ադրբեջանի պես երկրում, խոսում է «կոռուպցիան կարճ ժամանակում վերացնելու մասին», արդեն իսկ ակնհայտ ստում է կամ փորձառու չէ: Ռամիզ Մեհտիեւի վերաբերյալ չի կարելի ասել, որ փորձառու չէ: Ինչեւէ, արդեն «դիմելով կտրուկ քայլերի», հունվարի 31-ին Իլհամ Ալիեւը հրամանագիր ստորագրեց «Ադրբեջանում կոռուպցիայի դեմ ուժեղացված պայքարի մասին»: Նույն օրը երկրի արդարադատության նախարարությունում հրավիրվեց կոլեգիայի նիստ` գործի կոչելու նախագահի հրամանագիրը: Անշուշտ, կարիք չկա մանրամասն անդրադառնալու նախարար Ֆիկրետ Մամեդովի հետնիստյան ասուլիսին, որտեղ նա նշել է, որ «Ադրբեջանում վերջին տարիներին լուրջ քայլեր են ձեռնարկվել կոռուպցիայի վերացման ուղղությամբ», փոխարենը մանրամասնենք որոշ «կտրուկ քայլեր»: Այսպես` նախագահի հրամանագրով Ադրբեջանի դատախազություն են ուղարկվել 4 հոգու գործեր, վարչական տուգանքի են ենթարկվել արդարադատության համակարգի 220 աշխատակիցներ, նրանցից 26-ը ազատվել են պաշտոնից: Նախարար Մամեդովը նաեւ շեշտել է, որ այսուհետեւ արդարադատության նախարարությունում քաղաքացիների համար կգործի «թեժ գիժ» հեռախոսահամար, որին կարող են զանգահարել կոռուպցիայից տուժած ադրբեջանցիները:

Մեկ այլ քննարկման թեմա է, թե բազմաթիվ ադրբեջանցիներից քանիսը համարձակություն կունենան զանգահարելու նախարարություն, եթե, իհարկե, հեռախոսահամարն իրոք գոյություն ունենա:

Այժմ, ադրբեջանական այլ զարգացումների մասին: Ինչպես տեղեկանում ենք այդ երկրի ընդդիմադիր «Ենի Մուսաֆաթ» թերթից, «Ադրբեջանում իրականացվող այսպես կոչված «բարեփոխումներից» պաշտոններից շուտով կարող են զրկվել տրանսպորտի նախարար Զիա Մեմեդովը, անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահ Քերեմ Հասանովը, հարկերի նախարարն ու նախարարության որոշ աշխատակիցներ, մաքսային ծառայության պետ Այդըն Ալիեւը, նրա տեղակալները, Բաքվի գործադիր իշխանության ղեկավար Հաջիբալա Աբութալիբովը, մետրոպոլիտենի պետ Թաղը Ահմեդովը, «Ազերէներջի»-ի նախագահ Էթիբար Փիրվերդիեւը, «Ազալ»-ի ղեկավար Ջահանգիր Ասկերովը, կասպյան նավագնացության վարչության պետ Այդըն Բեշիրովը, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովը, Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ձեւական նախագահ Ռովնագ Աբդուլաեւը, «Ադրբեջանի երկաթուղիներ»-ի ղեկավար Արիֆ Ասքերովը եւ «Ազերսու»-ի նախագահ Նիզամեդդին Ռզաեւը»: Թե ինչի՞ համար են Իլհամ Ալիեւին պետք այս «քավության նոխազները», կարծում ենք, դժվար չէ կռահել: Ադրբեջանի առաջնորդը խնդիր ունի կասեցնելու ժողովրդի դժգոհության ալիքը, որը վերջին` «արաբական» դեպքերից ու իսլամիստների եւ հիջաբի նկատմամբ իշխանությունների գործողություններից հետո, կարող է ահագնանալ: Ադրբեջանցի որոշ փորձագետներ անգամ չեն բացառում, որ «Թունիս-Եգիպտոս» շղթայի հաջորդ կետը Ադրբեջանն է: Ամենեւին պատակահան չէ, որ հենց այս օրերին Իլհամ Ալիեւի վարչակազմը ձերբակալեց ընդդիմադիր հիմնական քաղաքական ուժերի առաջնորդներին ու ներկայացուցիչներին: Հիշեցնենք` հունվարի 7-ին «զենք եւ զինամթերք ապօրինի պահելու» մեղադրանքով ձերբակալվեց Իսլամիստական կուսակցության նախագահը, որը հայր Ալիեւի մերձավորագույն ընկերն էր, Բաքվի հայկական ջարդերի կազմակերպիչներից Փանահովը: Բացի սրանից, ինչպես տեղեկանում ենք Pia.az կայքից, «Ադրբեջանի իշխանության մեջ գտնվող նախիջեւանյան կլանը թիրախ է դարձրել «Մուսաֆաթ» կուսակցությանը: Կուսակցության որոշ անդամների կաշառում են, եւ նրանք հեռանում են կուսակցությունից»: Դժվար է ասել, թե այս կաշառքի դեպքերը արձանագրվե՞լ են արդյոք Ադրբեջանի «Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի» ընդլայնված կազմով նիստում, սակայն հասկանալի է, թե Իլհամ Ալիեւն ու «մյուսները» ինչու են հանկարծ որոշել հենց հիմա «կտրուկ քայլեր» ձեռնարկել կոռուպցիայի դեմ: Ձեռի հետ ազատվելով անցանկալի պաշտոնյաներից` Ալիեւը ստեղծում է պատրանք, որ իբր իշխանություններն ամեն ինչ անում են ժողովրդի վիճակը բարելավելու համար, որ «բոլոր մեղավորները պատժվում են», սակայն իրականում` Ադրբեջանում «արաբական հեղափոխությունն» արմատախիլ է արվում դեռ չսկսված:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4