Ռուսաստանում ստեղծվել է Սեւծովյան եւ կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ տնտեսական հետազոտությունների ինստիտուտ: Իրադարձությունն ինքնին շարքային է, սակայն ինստիտուտի տնօրեն, «մի շարք հայերեն բառեր իմացող» Վլադիմիր Զախարովի գործոնն արդեն բավական հատկանշական է` մանավանդ հաշվի առնելով, որ կոնկրետ Ռուսաստանում ամիսը մեկ-երկու ադրբեջանցի հեղինակների «հետազոտական աշխատություն» է հրատարակվում Ղարաբաղի ու այսպես կոչված «Կովկասի իրական պատմության մասին»: Երեկ ասուլիս հրավիրած Զախարովը նշեց, որ Ռոստով եւ Պյատիգորսկ քաղաքներում մասնագիտացված մասնաճյուղեր ունեցող իրենց ինստիտուտում այսօր արդեն կան բազմաթիվ տպագրելու ենթակա գրքեր, որոնք սակայն կարիք ունեն ֆինանսավորման` հրատարակվելու համար: «Ինձ համար զարմանալի է հայ գործարարների անտարբերությունը այս հարցում, մենք ինքներս ենք նրանց դիմում ու ստանում ընդհանուր առմամբ այսպիսի պատասխան` փող չկա, զարմանալի է», ասաց Զախարովը: Սակայն, անկախ հայ գործարարների անտարբերությունից` Զախարովի գլխավորած ինստիտուտը անցկացրել է մի շարք տարածաշրջանային ուսումնասիրություններ եւ հետազոտություններ, որոնց մի մասը երեկ ներկայացվեց: Մասնավորապես, ըստ Զախարովի, տարածաշրջանում դեռեւս պահպանվում է ԱՄՆ-ի` Իրանի վրա հարձակվելու վտանգը. «Այս ծրագիրն արդեն շուրջ 12 տարի լրջորեն մշակվում է Վաշինգտոնում», նշեց բանախոսը` հավելելով, որ Վաշինգտոնում մշակվում է «մի շատ ավելի հետաքրքրական ծրագիր»: Վերջինս կարող է անմիջականորեն վերաբերել ինչպես Ղարաբաղին, այնպես էլ Արեւմտյան Հայաստանին: Այսպես, ըստ Զախարովի, ճանաչելով Կոսովոնՙ ԱՄՆ-ը հող նախապատրաստեց այլ պետությունների ճանաչման համար` ՄԱԿ-ի լուռ համաձայնությամբ: «Այդ երկրներից մեկը պետք է լիներ Քուրդիստանը, ու ամենեւին պատահական չէ, որ Կոսովոյի իրադարձություններից հետո որոշակի լարվածություն զգացվեց թուրք-ամերիկյան հարաբերություններում», ասաց Զախարովը: Հենց այս պատճառով էլ, թերեւս, Թուրքիան, անակնկալի գալով նախկին զինակցի «դավաճանությունից», «ոտքի ելավ»` ցույց տալով, թե ով է Կովկասում «իրական տերը», մշակելով ու ներկայացնելով իր «Կովկասյան պլատֆորմը». «Հանդիպելով Անկարայի համառ դիմադրությանը` Վաշինգտոնը «հետաձգեց» Քուրդիստան-նախագիծը ու ձեռնամուխ եղավ այլ, հիմնականում աֆրիկա-արաբական երկրներում պառակտում մտցնելուն եւ Հարավային Սուդանին փաստորեն անկախություն տալուն: Այս բոլոր իրադարձությունները հենց ամերիկյան ծրագրի շղթայից են», եզրակացրեց Զախարովը: Ընդհանուր առմամբ, ընդգծելով, որ ներկա իրադարձությունները ցույց են տալիս, որ առաջիկա 5-7 տարիների ընթացքում աշխարհում կառաջանան նոր պետություններ, բանախոսը նշեց. «ԱՄՆ-ի հիմնական նպատակն է չեզոքացնել Երկրորդ համաշխարհայինից հետո կնքված Յալթա-պոտսդամյան համաձայնագիրը` իրականացնելով աշխարհում ազդեցության գոտիների վերաբաժանում»: Այս համայնապատկերում, սակայն, Զախարովը առաջիկա տարիների ընթացքում Ղարաբաղի համար լուրջ փոփոխություն չի տեսնում. նախ, որովհետեւ հիմնահարցի լուծման գործընթացի մասնակիցներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին «լուրջ չի վերաբերվում»` համարելով վերջիններիս «մեկ այս, մեկ այլ երկիր գնացողներ», ապա նաեւ. «Կարծում եմ, չնայած պատերազմ սկսելու հայտարարություններին, Ալիեւը այդ քայլին չի դիմի, քանի որ ինքն էլ շատ լավ հասկանում է, որ այդ պարագայում միջազգային հանրությունը Ադրբեջանին կընկալի որպես ագրեսորի, ինչն հաստատապես Ալիեւը չէր ուզենա», ասաց Զախարովը: Բացի դրանիցՙ պակաս կարեւոր չեն այլ գործոններ եւս, մասնավորապես` հարեւան ու ծանրակշիռ Իրանը բազմիցս է հայտարարել, որ ինքը հիմնահարցի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով ձեռք բերված պայմանավորվածությունների տեսքով, իսկ Թեհրանը, բնականաբար, չի ուզենա անմիջապես իր սահմանների մոտ անկանխատեսելի հետեւանքներով նոր պատերազմ, մանավանդ որ այնտեղ հավանականությունը մեծ է, խառնված կլինեն այլ շահագրգիռ ուժեր եւս, այդ թվումՙ «օվկիանոսից այն կողմ գտնվողներից»: «Վաշինգտոնը իր հերթին, դիվանագիտական խողովակներով, ակնարկներով, բազմիցս է զգուշացրել Բաքվին, որ եթե վերջինս պատերազմ սկսի, ինքը կճանաչի Ղարաբաղի անկախությունը», ասաց Զախարովը: Ինչ վերաբերում է «մեկ այլ շահագրգիռ» Ռուսաստանին, ապա, բանախոսի համոզմամբ, Ռուսաստանը չի կարող անմասն մնալ «անցանկալի» պատերազմից, եթե Բաքուն որոշի այն սկսել, քանի որ. «Ադրբեջանն ինքն իրեն գցել է փակուղի. Հայաստանը ՌԴ դաշնակիցն է ՀԱՊԿ-ում, մի կազմակերպություն, որի անդամներից մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում բոլոր անդամների վրա: Իսկ Բաքուն այսօր հակամարտող դիմացի կողմ է ճանաչում բացառապես Երեւանին, այլ ոչ` Ստեփանակերտին, իսկ սա նշանակում է, որ հավանական պատերազմը հենց Հայաստանի դեմ է», նկատեց փորձագետը:
Վերջում Զախարովը խոսեց կոնկրետ Հայաստանի ուղղությամբ վարվող ռուսական եւ ամերիկյան քաղաքականությունից: Նա մասնավորապես պատահական չի համարում հատկապես Մարի Յովանովիչի նշանակումը Երեւանում ԱՄՆ դեսպան. «Միգուցե Յովանովիչը լավ կին է, բայց չմոռանանք, որ նա ունի ռազմական կրթություն եւ կոչում, նա ռազմական փորձագետ է եւ ԱՄՆ-ի դեսպանն էր Ղրղզստանում հենց այն ժամանակահատվածում, երբ այդ երկրում իրականացվեց «վարդակակաչների հեղափոխությունը», ընդգծեց Զախարովը: Այս առումով, ըստ բանախոսի, Մոսկվան «մտածելու լուրջ տեղ ունի. Ռուսաստանը պետք է հասկանա, որ Հայաստանում ամեն ինչ չէ, որ միանշանակ է: Ժամանակն է, որ Մոսկվան հստակ ու լուրջ քաղաքականություն մշակի Հայաստանի մասով», եզրակացրեց Վլադիմիր Զախարովը:
Հ. ԱՖՅԱՆ