ՄԻՊ-ը հրաժեշտ է տալիս ու մեկնում Բիշքեկ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հրաժարական է ներկայացրել Ազգային ժողովին: Այսուհետեւ նա ստանձնելու է Կենտրոնական Ասիայում Միացյալ ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը, նստավայրը` Բիշքեկ: Հայաստանում աշխատել Հարությունյանն այլեւս չի ցանկանում: Ապագայում էլ մտադիր է աշխատանքը շարունակել մարդու իրավունքների միջազգային համակարգում:
Անդրադառնալով իր կատարած աշխատանքինՙ պաշտպանն ընդգծում է, որ 5 տարվա ընթացքում փորձել է հնարավորինս հեռու պահել ՄԻՊ ինստիտուտը քաղաքական գործընթացներից: Հարությունյանը խոստովանում է, որ այս առումով դեռ անելիքներ կան, որովհետեւ իրեն չի հաջողվել ամբողջությամբ փարատել այն կասկածները, որ ՄԻՊ ինստիտուտը անկախ է ու չի պաշտպանում որեւէ ուժի:
Նոր պաշտպանին էլ խորհուրդ է տալիս զբաղվել այդ հարցով եւ պատրաստ լինել, որ քաղաքական այս կամ այն ուժն իրեն մամուլի միջոցով քաղաքական շանտաժի կենթարկի:
Պաշտոնավարման 5 տարվա ընթացքում պաշտպանի գրասենյակը ստացել է 18346 դիմում-բողոք, վերականգնվել է 8703 անձանց խախտված իրավունքը: Հիմնականում բողոքել են Երեւանի քաղաքապետարանի, մարզպետարանների, ոստիկանության, դատարանների ու արդարադատության նախարարության աշխատանքից:
«Այն քաղաքացիներից, ովքեր ավելին էին ակնկալում ինձնից, ներողամտություն եմ հայցում եւ հավաստիացնում, որ արել եմ առավելագույնը, ինչ կարող էի», հրաժեշտի ասուլիսի ժամանակ ասաց Արմեն Հարությունյանը:
«Մեզ շատ են քննադատել իշխանական եւ ընդդիմադիր թեւերից, բայց ես մեծ արդյունք եմ համարում, որ ոչ մեկին չձուլվեցինք: Բայց եթե հարցնեք` բավարարվա՞ծ եմ դրանով, կարող եմ փաստել, որ մենք չձուլվեցինք, բայց ես բավարարված չեմ», ասաց նա:
Անցյալ տարի ՄԻՊ-ի գրասենյակը 5221 անձանցից ստացել է 4089 դիմում-բողոք: Մեկ տարվա ընթացքում դրական լուծում է ստացել 123 դիմում-բողոք, վերականգնվել է 562 անձի խախտված իրավունքը:
Մարդու իրավունքները խախտած պետական եւ տեղական կառավարման մարմինների անցյալ տարվա թեժ հնգյակը կրկին գլխավորում է Երեւանի քաղաքապետարանը: Անցյալ տարի քաղաքապետարանի աշխատանքի դեմ պաշտպանի գրասենյակը ստացել է 447 դիմում-բողոք: Երկրորդ հորիզոնականում` ոստիկանությունն է` 233 դիմում-բողոք, այնուհետեւ դատարաններն ու գյուղապետարանները` համապատասխանաբար 185 եւ 179 դիմումներ: Թոփ հնգյակը եզրափակում է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը` 141 դիմում-բողոք: Անդրադառնալով 2008-ի մարտիմեկյան դեպքերին ու 10 սպանություններին, որոնք մինչ այսօր բացահայտված չեն, Արմեն Հարությունյանն ընդամենը երկու բառով բնութագրեց` լուրջ ձախողում:
«Համաձայն եմ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ, որ դա իրոք լուրջ ձախողում էր», ասաց Հարությունյանը: Թե ինչու սպանությունները չբացահայտվեցինՙ ՄԻՊ-ի պատասխանը հետեւյալն է. «Իրավապահ մարմինները օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել են, սակայն դժգոհ եմ, թե դա ինչպես են արել»: ՄԻՊ-ը չի կասկածում` իրավապահ մարմինների` սպանությունները բացահայտելու ցանկության մեջ, սակայն իրավապահ մարմինները պրոֆեսիոնալ ձեւով չեն աշխատել: «Դա լուրջ ձախողում է` անկախ պատճառներից: Պատճառը չի կարող ներել այն, ինչ եղել է», նշեց ՄԻՊ-ը:
Նա չի պաշտպանում նաեւ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանիՙ Երեւանի փողոցներում առեւտուրն արգելելու որոշումը: «Չեմ կարծում, որ հենց այս ձեւով պետք է դա արվեր: Պետք է հնարավորություն ու ժամանակ տրվեին, որ մարդիկ տեղյակ լինեին, որ, ասենք, մեկ տարի կամ 6 ամիս հետո այդ հարցը լուծվելու է, ու նաեւ հնարավորություն ստեղծել, որ մարդիկ կարողանան գումար վաստակել»: Հարությունյանը կողմ է, որ փողոցային առեւտուրը Երեւանում վերանա, սակայն դեմ է, որ առեւտրականներին փողոցներից վտարում են:
Օմբուդսմենի գնահատմամբՙ Հայաստանում սպառողների իրավունքները պաշտպանված չեն. պատճառը տնտեսական համակարգում մենաշնորհն է:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ