Առաջին անգամ չէ, որ ԱԺ պատգմավոր Ռուբեն Հայրապետյանն աչքի է ընկնում կոպիտ ու բռի պահվածքով: Առաջին անգամ չէ, որ պատգամավորը հայտնվում է սկանդալի կենտրոնում, որովհետեւ անհարկի վիրավորում է ոչ միայն լրագրողներին, այլեւ իր աշխատակիցներին, պաշտոնով ցածր գործընկերներին, երբեմն ապտակում ու հայհոյում: Ցավալի է, սակայն պետք է փաստել, որ պատգամավորի վարքն արդեն ոչ ոքի չի զարմացնում:
Երեկ պատգամավորը վիրավորել ու հայհոյել է «Հետք» օրաթերթի լրագրող Գրիշա Բալասանյանին: Լրագրողի խոսքերովՙ զանգահարել է պատգամավորին` տեղեկանալու, թե ինչ բարոյական վնաս է կրել «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակումից հետո, որին վերջինս դատի է տվել:
Լրագրողի ներկայացմամբ` Ռուբեն Հայրապետյանը նրան անվանել է «տգետ» ու հավելել. «Ես լրատվական ծառայություն ունեմ, «չերեզ» լրատվական ծառայություն իմ հետ կապնվի», պատասխանել է պատգամավորն ու անջատել հեռախոսը: Լրագրողը փաստում է, որ որեւէ պատգամավոր լրատվական ծառայություն չունի: «Երբ կրկին զանգահարեցի, որպեսզի պատգամավորից ճշտեմ նման պահվածքի ու լրագրողին վիրավորելու պատճառը, Ռուբեն Հայրապետյանը նախ ճշտեց` արդյոք զրույցը ձայնագրո՞ւմ եմ, թե՞ ոչ, իսկ երբ տեղեկացավ, որ ձայնագրվում է, սեռական բնույթի հայհոյանքներ սկսեց տալ: Վերջում էլ ավելացրեցՙ «Լավ արեցի», պատմում է Գրիշա Բալասանյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին նախագահի աշխատակազմի արարողակարգի ծառայության պետին հայհոյելու եւ հարվածելու համար ստիպեցին հրաժարական տալ: Հետաքրքրական է, որ մինչ այդ միջադեպը նախկին քաղաքապետը ծեծել էր սեւամորթ մի երիտասարդի, իսկ հետո Կոմայգում կանգնող հոմոսեքսուալիստներին, բայց վերը նշված դեպքերին որեւէ մեկը ուշադրություն չդարձրեց: Եթե վաղը Ռուբեն Հայրապետյանը «տգետ» անվանի կամ հայհոյի, օրինակ, նախագահի աշխատակազմի արարողակարգի ծառայության պետին, բնականաբար գործն այլ ընթացք կստանա: Իշխանությունը կհայտարարեր, որ օրենքի առաջ բոլորն են հավասար ու կպատժեր պատգամավորին: Բայց քանի դեռ նրանց ձեռքերը չեն հասնում նախագահի մերձավորներին, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր:
Հ. Հ.