Կեղծված 1000 եւ 5000 դրամանոց թղթադրամների եւ 500 դրամանոց մետաղադրամի մասին երեկ մեզ հայտնեց եւ խմբագրություն բերեց մեր ընթերցողներից մեկը: 1000 եւ 5000 դրամանոցների կեղծ լինելը աչքի է զարնում առաջին իսկ հայացքից: Դրանք պարզապես պատճենահանված են գունավոր տպիչով, իսկ թուղթը սովորական տպագրական թուղթ է: Միեւնույն ժամանակ, կեղծ թղթադրամների ներսի պատկերը որոշ չափով տեղաշարժված է: 5000 դրամանոցի հոլոգրաֆիկ նշանը, որ գտնվում է 5000 թվի վերեւում, ակնհայտորեն պատճենված էր: Այսինքն, կեղծ 1000 դրամանոցներն ու 5000 դրամանոցներն անմիջապես կարելի է զանազանել իսկականից: Ինչ վերաբերում է 500 դրամանոց մետաղադրամին, ապա ավելի վարպետորեն էր կեղծված, թեեւ ուշադիր լինելու դեպքում կարելի է տեսնել նրա մակերեսին կետեր եւ խզվածքներ, ավելի թեթեւ էր եւ գցելիս խուլ ձայն էր հանում:
«Ինչպե՞ս վարվել կեղծ թղթադրամներ եւ մետաղադրամների հանդիպելիս»ՙ մեր հարցին Կենտրոնական բանկից պատասխանեցին, որ հարկ է դիմել ոստիկանություն, քանի որ թղթադրամների կեղծումը քրեորեն պատժելի է: Միաժամանակ, Կենտրոնական բանկը կոչ է անում քաղաքացիներին ուշադիր լինել եւ չդառնալ կեղծարարների խարդախության զոհը:
Մեր մատնանշած կեղծ դրամների տարբերությունները իսկականների համեմատ, հուսով ենք, նույնպես կնպաստեն, որ մեր քաղաքացիները զգուշություն դրսեւորեն վերոնշյալ թղթադրամները վերցնելիս:
Ա. Մ.