Երեկ հայտարարություն է տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մի հայտարարությանը տրվող մեկնաբանություններին:
«Մենք հետեւում ենք ՀՀԿ որոշ պատգամավորների մասնակցությամբ բեմադրված ներկայացմանը: Ընդ որում` հետեւում ենք շատ ուշադիր, որից հետո միայն անելու ենք հետեւություններ: Ի դեպ, թատերականացված շոուների փոխարեն կա ավելի կարճ ճանապարհՙ ուղղակի դիմել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ», ասված է ԲՀԿ-ի հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանն անցած շաբաթ ասել էր, որ եթե Ռոբերտ Քոչարյանն ուզենար, կարող էր գլխավորել ՀՀԿ-ն, իսկ դա արժանացել էր ՀՀԿ-ականների (Ռազմիկ Զոհրաբյանի, Էդուարդ Շարմազանովի, Սուքիաս Ավետիսյանի) կոշտ մեկնաբանություններին: Դրան հաջորդել էր Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանի պատասխանը լրագրողի հարցին («Ծառուկյանը տեղյա՞կ է այդ մեկնաբանություններին»), թե` միայն ծանրակշիռ գործիչների մեկնաբանություններն են ներկայացվում ԲՀԿ առաջնորդին: Ինչպես տեսնում եք` շարունակությունը չի ուշանա:
Ավելի ուշ «Կենտրոն» հեռուստաընկերությունը տարածել է ԲՀԿ առաջնորդի նոր հայտարարությունը: «Վստահեցնում եմ, որ իմ հայտարարությամբ ես չեմ ցանկացել վիրավորել ոչ Հանրապետական կուսակցությանը, ոչ էլ ՀՀԿ նախագահին: Այլ ուղղակի ցանկացել եմ մեկ անգամ եւս նշել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այլ ուժերի ու անձանց հետ արհեստականորեն կապելու փորձերը անիմաստ զբաղմունք են», ասել է Գ. Ծառուկյանը:
Մ. Խ.