Նախկինի պես թե նորովի, բայց Թուրքիայի զինուժը, ամեն դեպքում, պետք է հեռացվի Կիպրոսի հյուսիսից
Հյուսիսային Կիպրոսում ժամանակին ծաղկուն հանգստավայր ու նավահանգիստ Կիրենիան, որ այսօր նաեւ թուրքերեն տարբերակով Գիրնե է կոչվում, դեռեւս պահպանում է մի քանի տասնամյակ առաջ ունեցած գրավչությունը, սակայն Հարավային Կիպրոսի նմանատիպ մի հանգստավայրի` Լիմասոլի համեմատությամբ Կիրենիան մարող «կենդանություն» ունի, քանի որ Լիմասոլում անգամ կուրորտային սեզոնից դուրս զբոսաշրջիկների թիվը պակաս չէ, ու ամենուր ընթացող շինարարությունն էլ վկայում է տնտեսական այլ ցուցանիշների մասին:
1974-ից ի վեր երկու մասի բաժանված Կիպրոսում գրեթե ամեն ինչ զգալի տարբերություն ունի Հյուսիսի եւ Հարավի միջեւ: Տարբերություններով հանդերձ` գոնե մեկ հարցում միասնական են ինչպես թուրք կիպրացիները, այնպես էլ հույն կիպրացիները. այլեւս պատերազմ ու արյունահեղություն որեւէ նպատակի համար չի ցանկանում ոչ ոք:
Արդեն հինգ տարի Կիրենիայի կամ, ինչպես ինքն է ներկայանում, Գիրնեի բնակիչ դարձած Ալին թուրքական գրականություն ուսումնասիրելու համար Թուրքիայից հասել է Հյուսիսային Կիպրոս, բուհ ընդունվել: Քսանյոթամյա (երբ իմացավ, որ զրուցակիցը հայ է, միայն այդ ժամանակ մինչ այդ թուրք ներկայացող երիտասարդը ընդգծեց, որ թուրք չէ, այլ քուրդ - Ա.Հ.) քուրդ երիտասարդի համար, որը Ուրֆայից (Թուրքիա) հասնելով Կիրենիա` կրթությանը զուգահեռ նաեւ մերձափնյա սրճարաններից մեկում մատուցող է աշխատում, Հյուսիսային Կիպրոսն ավելի գրավիչ ու հարմար է, քան Թուրքիան: Իսկ թե ինչ կլինի կղզու ճակատագիրը եւ ինչպիսին է ապագան, Ալիին առանձնակի չի հուզում, միայն թե խաղաղ լինի:
Հարավային Կիպրոսի Լառնակա քաղաքում ծնված Մուսա Քյուշուքը իր կյանքի հիսունհինգ տարիներից մեծագույն մասն անց է կացրել Հյուսիսային Կիպրոսում` 1974-ի իրադարձություններից հետո թողնելով Լառնական: Երեք որդի ունի եւ մի թոռնիկ` փոքրիկ Մուսան:
Նրա խոսքերով, իր եւ կնոջ եղբայրներին, որոնք «զինվորներ չեն եղել», սպանել են հույները, ու չնայած Մուսան չի ցանկանում առանձնակի շփվել հույն կիպրացիների հետ, բայց կղզին բաժանված տեսնել էլ չի ցանկանում: Մուսայի կարծիքով, հույն եւ թուրք կիպրացիները կարող են լինել միասին, բայց միայն կողք կողքի, այլ ոչ առաջվա նման խառը: «Պատերազմն իր դառնություններն ունի, ու թեեւ վրեժխնդիր լինել չեմ ուզում, բայց հույների հետ առաջվա նման հարեւան չեմ կարող լինել», ասում է Մուսան: Միայն մեկ անգամ է Մուսան այցելել իր ծննդավայր, երեք-չորս տարի առաջ, բայց ոչ իր տունն է գտել, ոչ հարեւաններին:
Հյուսիսային Կիպրոսի քաղաքացիությունը բուլղարականին զուգահեռ ընդունելով` հիսնամյա Ալի Բոզողուլուրը ընտանիքով 1992-ին եկել էր Հյուսիսային Կիպրոս հյուր, բայց մնացել է մինչ օրս: Գոհ է իր կյանքից եւ ուրախ կլիներ, եթե Կիպրոսի հարցը լուծվել: Իսկ թե այդ հարցի լուծումն ինչպես կարող է լինել Հյուսիսային Կիպրոսում թուրքական մեծաթիվ զինուժի առկայության պարագայում` բուլղարացի թուրքը ոչինչ ասել չի ուզում. «Դա իմ գործը չէ, ես այստեղ եկել ու ապրում եմ ընտանիքով, եւ միակ բանը, որ հաստատ գիտեմ, դա խաղաղություն ունենալն է»:
Կիպրոսի ներկայիս նախագահ Դիմիտրիուս Քրիստոֆիասի եւ 2005-2010թթ. Հյուսիսային Կիպրոսի առաջնորդ Մեհմեդ Ալի Թալատի հայրենիք հանդիսացող Կիրենիայի բնակչության մեծամասնությունը ոչ թե թուրք կիպրացիներն են, այլ Թուրքիայից ժամանածները: Բացառություն չէ նաեւ Սաբրին, որ արդեն տասնմեկ տարի ռուս կնոջ հետ Թուրքիայից անցել է Հյուսիսային Կիպրոս ու գոհ ապրում է այնտեղ:
Քսանութամյա Սաբրին վստահեցնում է, որ Կիրենիայում իր աշխատանքն ավելի լավ է վարձատրվում, չնայած ըստ տեղեկությունների` «հունական կողմում վիճակն ավելի լավ է»: «Որպես Թուրքիայի քաղաքացի ես չեմ կարող անցնել հունական հատված, բայց թուրք կիպրացիները նախընտրում են հաճախ լինել Հարավային Կիպրոսում», վստահեցնում է Սաբրին եւ կանխատեսում, թե Հյուսիսային Կիպրոսում առնվազն մի հինգ տարուց ճգնաժամ կլինի այն դեպքում, երբ Հարավում կյանքը ծաղկում է (Կիպրոսի հունական հատվածի մասին պատկերացումները թուրքերի մեջ զգալի թերի էին, քանի որ թուրք զրուցակիցները ընդգծված հետաքրքրությամբ փորձում էին տեղեկանալ, թե ինչպիսին է հունական հատվածը, որտեղ է ավելի լավ եւ այլն):
Դուռ-դռան հարեւան լինելու ժամանակները անցել են
Հյուսիսային Կիպրոսից հարավային անցումը Եվրոմիության միակ բաժանված մայրաքաղաքի` Նիկոսիայի (թուրքական տարբերակում` Լեֆկոսա) կանաչ գոտով իսկապես բավականին հեշտ է դարձել, բայց ոչ Թուրքիայի քաղաքացիների համար: Գրեթե երեսուն տարի փակ բուֆերային գոտու մի հատվածը` կանաչ գոտին հատելու արգելքը հանվեց միայն 2003-ի ապրիլին` հնարավոր դարձնելով Նիկոսիայի Լեդրա փողոցով անցումը մի կողմից մյուսը, ընդ որում, առանց անձնագրում որեւէ կնիք դնելու, այլ միայն առանձին վիզա լրացնելու միջոցով: Օտարերկրացու համար էլ Նիկոսիայի մի հատվածից մյուսն անցնելը մի քանի րոպեի գործ է, միայն, եթե օտարերկրացին Կիպրոսում հայտնվել է հունական կողմից, այլապես մուտքը Կիպրոս համարվում է անօրինական, ինչն էլ տեղի ունի Թուրքիայի քաղաքացիների դեպքում:
Հույն կիպրացի քառասունամյա Ադրաստոսի մոտեցմամբ, Կիպրոսը պետք է միասնական լինի: «Մենք միասին ենք ապրել ու ոչ մի խնդիր չի եղել մինչեւ թուրքական ներխուժումը», ասում է Ադրաստոսը: Նա վստահ է, որ Նիկոսիայի իր թուրք կիպրացի հարեւանները դեռ կվերադառնան ճիշտ այնպես, ինչպես Հյուսիսային Կիպրոսի իրենց հայրենի տները կվերադառնան հույն կիպրացիները, սակայն դա ե՞րբ հնարավոր կլինի` հույն կիպրացին չի կարող ասել:
Վաթսունն անց Ալեքսիսի պարագայում հիշողություններ կան, թե ինչպես էին հույնն ու թուրքը ապրում միասին, առանց խնդիրների, բայց ավելի քանի երեսուն տարի առաջ տեղի ունեցածը անջրպետ է դարձել երկու ժողովուրդների շփման համար: «Ես հարեւան թուրք ունեի, ու շատ մտերիմ էինք: Բայց իմ հարազատներից կային, որ ապրում էին թուրքական կողմում ու Թուրքիայի ներխուժումից հետո հազիվ փախան», հիշում է Ալեքսիսն ու հուզվում. «լավ, դուռ դռան հարեւան լինելու ժամանակներն էլ չեն վերադառնա, ես դա գիտեմ», առանց տեղյակ լինելուՙ այս հարցում իր թուրք կիպրացի հայրենակիցների հետ համակարծիք է թուրքերենին ու հունարենին հավասարապես տիրապետող տիկինը:
Հունական կողմի ընդհանուր դիրքորոշումը, թե Կիպրոսի խնդրի լուծումը երկու համայնք, երկու գոտի ունենալն է` համադաշնության ձեւաչափով, ընդունելի է երիտասարդ Լիոնիդասի համար, որ Լիմասոլում փոքրիկ խանութ ունի: Նրա խոսքերով, խնդիրը կարելի է լուծել նաեւ, եթե ավելի շատ թուրք կիպրացիներ տեսնեն ու զգան այն զարգացումը, որ կա հունական կողմում: «Լավ ապրել ուզում են բոլորը, իսկ լավ ապրել մենք կարող ենք միասին` Եվրոմիության կազմում», ասում է տուրիստական այս քաղաքի բնակիչը: Լիոնիդասի մեկնաբանությամբ, միակ խոչընդոտը Թուրքիան է, որ թույլ չի տալիս նախկին բարեկամ-հարեւաններին կրկին լինել միասին:
2004 թ. մայիսի 1-ից Եվրոմիության անդամ դարձած Կիպրոսի թուրքական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում ԵՄ օրենքներն ու նորմերը, ըստ պայմանավորվածության, չեն տարածվի այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չէ բաժանված կղզու հարցը: Իսկ թուրքական հատվածի 1974 թ. ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը» ցայսօր ճանաչել է միայն Թուրքիան:
Բուֆերային գոտու կյանքը` գրեթե 15 տարի առանց բռնության
1974-ին Թուրքիայի` Հյուսիսային Կիպրոս եւ առաջինը` Կիրենիա ներխուժումը, որ միջազգային հանրության գնահատականով է նման որակում ստացել, հանգեցրել է Կիպրոսի տարածքի ավելի քան 36 տոկոսի զավթմանը: Սակայն դրանից առաջ, դեռեւս 1963-ին համայնքների միջեւ տեղի ունեցած բախումներից հետո կղզում արդեն հայտնվել էին ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը: Այդ ուժերը այսօր էլ հսկում են կղզու երկայնքով 180 կմ ձգվող բուֆերային գոտին, որ մոտ երեք մետրից մինչեւ 7,5 կմ լայնություն ունի: ՄԱԿ-ի դերակատարությունը չի սահմանափակվում խաղաղապահ ուժերով:
Կիպրոսի հարցի լուծման ներկայիս բանակցությունները եւս ընթանում են ՄԱԿ-ի հովանու ներքո: Հունվարի 26-ին էլ Ժնեւում Բան Կի Մունի հրավերով բանակցությունների սեղանի շուրջը նստած Կիպրոսի նախագահ Դեմետրիոս Խրիստոֆիասն ու թուրքական հատվածի առաջնորդ Դերվիշ Էրողլուն, ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, առաջընթաց են գրանցել: Միեւնույն ժամանակ, լուրջ տարբերություններ կան, որ դեռեւս համաձայնեցված չեն:
Այդուհանդերձ, Կիպրոսում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լիսա Բաթերհայմի ներկայացմամբ, ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը նորմալացնում են իրավիճակը, որ պահպանվում է առանց հրադադարի ստորագրված համաձայնագրի: Բուֆերային գոտին, ըստ Բաթերհայմի, դառնում է ամայի, մինչդեռ ՄԱԿ-ը ընդլայնում է իր ջանքերի ներդրման շրջանակները: Ու չնայած կողմերի անհամաձայնություններին, ըստ ՄԱԿ-ի ներկայացուցչի, կան ոլորտներ, որտեղ կողմերը հաջող համագործակցություն են ծավալել. դա վերաբերում է ինչպես հանցագործությունների դեմ պայքարին, այնպես էլ, օրինակ, 1964-1974թթ. անհետ կորածների որոնման աշխատանքներին:
Ինչ վերաբերում է, ըստ հունական կողմի, ավելի քան 40000 թուրքական զինուժի ներկայության բնութագրին, ապա Բաթերհայմը որեւէ որակում չի տալիս, միայն հավաստիացնում է, որ աշխատանքները տարվում են այդ զինուժը կղզուց հանելու ուղղությամբ:
2008-ից մեկնարկած բանակցությունները ՄԱԿ-ի հովանու ներքո վեց տարբեր գլուխների քննարկում են բովանդակում. կառավարում եւ իշխանության բաժանում, ունեցվածքի վերադարձ, ԵՄ-ի հետ հարաբերություններ, տնտեսության հարցեր, տարածքային հարցեր, անվտանգության եւ խաղաղության երաշխիքներ: «Ինչ էլ որոշվի, ինչ համաձայնության էլ գան երկու կողմերի լիդերները, դա պետք է դրվի քվեարկության», վստահեցնում է Լիսա Բաթերհայմը:
Մեկ անգամ, դեռեւս 2004-ի ապրիլի 24-ին երկու համայնքներն առանձին-առանձին քվեարկեցին որպես հակամարտության կարգավորման տարբերակ առաջարկող եւ այսպես կոչված «Անանի ծրագիր-5»-ի առնչությամբ, որով նախատեսվում էր միավորել Կիպրոսը` երկու սուվերեն պետություններով: Թուրք կիպրացիները կողմ քվեարկեցին, իսկ հույն կիպրացիները` դեմ, գտնելով, որ առաջարկված ծրագիրը հավասարակշռված չէր եւ լուծում չէր տալիս անվտանգության, կարգավորման գործառնային եւ կենսունակության հարցերին:
Ամեն դեպքում, ըստ Բաթերհայմի, արդեն գրեթե 15 տարի բուֆերային գոտում բռնության դրսեւորումներով բախումներ չեն գրանցվել, ու թեեւ «երկու համայնքների միջեւ վստահության պակասի պատճառով լինում են լարվածություններ, բայց երկու համայնքներն էլ հարգանքով են վերաբերվում ՄԱԿ-ի խաղաղապահներին»:
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն էլ, ըստ Կիպրոսում ծրագրի ղեկավար Յակո Սիլիերսի, ընդհանուր առմամբ բարեկեցիկ բնակչություն ունեցող Կիպրոսում զարգացման ծրագրեր չէ, որ անում է, այլ կենտրոնացած է երկու հարեւանների մերձեցման ու համագործակցության զարգացման վրա: ՄԱԿ-ի ԶԾ-ի նախագծերից Կիպրոսում հատկապես կարեւոր են մամուլի հետ աշխատանքները, քանի որ վերջինս ուզած ձեւով կարող է ազդել հաշտեցման վրա: Եվս մեկ ուղղություն վերաբերում է քաղաքական գործիչների, գիտնականների հետ աշխատանքին, որպեսզի վերջիններս փոխշփման եզրեր փնտրեն ու զարգացնեն: Աշխատանքի եւս մեկ ոլորտ էլ երիտասարդներն են, որոնք մեծացել են` առանց մյուս համայնքի հետ շփումների:
Սիլիերսը վստահեցնում է, որ երկու համայնքների ատելության, միմյանց հետ անհաշտ լինելու մասին շատ է գրվում եւ քիչ` համատեղ ապրելու մասին: Եվ այստեղ է, որ երկու համայնքների ներկայացուցիչներն էլ, ՄԱԿ-ի ԶԾ-ի ներկայացուցչի խոսքերով, օգտագործում են պատմությունը` ներկայացնելու ամեն բացասականը: Իսկ համատեղ ապրելու մոտեցումը չի զարգանում, քանի որ երկու համայնքներն էլ մնացել են 1974-ի իրականության մեջ: «Կիպրոսում նեգատիվ խաղաղություն է. ոչ ոք չի սպանվում, բայց խաղաղ համատեղ ապրելու խոչընդոտներն էլ շատ են»:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Նիկոսիա-Կիրենիա-Լիմասոլ-Երեւան
Հ.Գ. Կիպրոս այցելությունն իրականացվել է European Neigbourhood Journalism Network ծրագրով` մի խումբ հայ եւ ադրբեջանցի լրագրողների մասնակցությամբ: