Ինչպես տեղեկանում ենք դիվանագիտական աղբյուրներից, ԵԽԽՎ բյուրոյի ընդունած որոշումը` վերականգնել ԼՂ հարցով ենթահանձնաժողովը, շարունակում է մնալ հակասական բուն ԵԽԽՎ-ում, քանի որ այդ որոշումը հակասում է ղարաբաղյան բանակցություններում միջնորդ պետությունների բազմաթիվ կոչերին` հեռու մնալ այլ կազմակերպությունների այնպիսի գործողություններից, որոնք կարող են պոտենցիալ կերպով վնաս հասցնել բանակցային գործընթացին: Հիշեցնենք` այս կապակցությամբ ամենաթարմ ելույթը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ունեցավ, որը հունվարի 13-ին կայացած իր ասուլիսում խոսեց առկա ձեւաչափով ընթացող բանակցային գործընթացին չխանգարելու կարեւորության մասին: Հենց այս պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից` ԵԽԽՎ անդամներ Ռուսաստանն ու Ֆրանսիան իրենց դժգոհությունն են հայտնել բյուրոյի որոշման հետ կապված: Ռուսաստանն ու Ֆրանսիան ընդգծել են, որ ղարաբաղյան գործընթացին ակնհայտորեն վնասող որոշում ընդունելուց հետո այդ որոշման բացասական հետեւանքների պատասխանատվությունն ամբողջովին ընկնում է ԵԽԽՎ բյուրոյի վրա: Մինսկի խմբի եվրոպացի համանախագահները նաեւ կոչ են արել ԵԽԽՎ ղեկավար մարմնին` հարգանքով վերաբերվել բանակցային գործընթացի առկա բնույթին ու ձեւաչափին եւ դրան մոտենալ հասունության զգացումով: Իսկ ղարաբաղյան հիմնահարցի բանակցությունների մանրամասներին չտիրապետող քաղաքական գործիչների կողմից հանրային քննարկումները չեն կարող որեւէ իմաստալից աջակցություն լինել գործընթացի համար:
Հ. Ա.