Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղարաբաղյան հարցով ենթահանձնաժողովը, անկախ ամեն ինչից, փաստացի սկսելու է իր աշխատանքը արդեն ապրիլին:
«Ես մտադիր եմ եռանդով աշխատել` իմ ժամանակից առավելագույնը տրամադրելով թեմայի ուսումնասիրությանը», ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտարարել է ԵԽԽՎ նշված ենթահանձնաժողովի նորանշանակ նախագահ Խորդի Խուկլա ի Կոստան: Իսպանացի պատգամավորը վստահեցրել է, թե դեռ պետք է աշխատի «կողմերի հետ, որպեսզի ավելի լավ հասկանա կողմերի դիրքորոշումները ենթահանձնաժողովի հետագա օբյեկտիվ գործունեության համար»:
Ուկրաինայում եւ Վրաստանում աշխատանքի փորձ ունեցող իսպանացի ԵԽԽՎ պատվիրակը, դժվար է ասել, թե ինչպես է պատկերացնում իր աշխատանքի կազմակերպումը, այն էլ կողմերի հետ, երբ, ի մասնավորի, հայկական կողմը այդ ենթահանձնաժողովի աշխատանքի վերականգնումը ներկա պայմաններում անհեթեթություն է որակում:
Ամեն դեպքում, ենթահանձնաժողովի նոր նախագահը պատրաստվում է փետրվարին եւ մարտին մանրամասն ուսումնասիրել իրավիճակը հակամարտության տարածաշրջանում, նաեւ «կապեր հաստատել ակադեմիական որոշ շրջանակների, քաղաքական գործիչների ու դեսպանների հետ»:
Ենթահանձնաժողովի նախագահի խոսքերով, ապրիլին արդեն սպասելի են պաշտոնական շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ: Իսկ մինչ այդ տարածաշրջան այցելություն դեռեւս չի ծրագրում, քանի դեռ Կոստան լավ չի ծանոթացել հակամարտության նյութերին:
Հայաստանյան պատվիրակությունը խորհրդարանական վեհաժողովում, ի դեմս պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի, ԼՂ հարցով ենթահանձնաժողովին «կենդանություն» հաղորդելու ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուի նախաձեռնության առնչությամբ քանիցս հայտարարել է, որ հայկական պատվիրակության անդամները չեն մասնակցելու ենթահանձնաժողովի աշխատանքներին: Պատճառաբանությունն այն մոտեցումն է, ինչ քանիցս արտահայտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե որեւէ այլ ձեւաչափում ղարաբաղյան հարցի քննարկումները կարող են վնասել բանակցային գործընթացին:
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ