Մինչ հարեւան երկրի ղեկավար Իլհամ Ալիեւն անձամբ հորդորում է «աշխարհի ադրբեջանցիներին»` բոյկոտել արցախյան արտադրության պահածոները, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ընդունում է Սլովակիայից, Ավստրիայից եւ Չեխիայից ժամանած գործարարների:
Երեկ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հարցեր:
Հատուկ ուշադրություն է հատկացվել էներգետիկայի, գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներին, ինչպես նաեւ կադրերի պատրաստման ու վերապատրաստման հարցերին:
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախը շահագրգռված է արտերկրից ժամանակակից տեխնոլոգիաների ու ներդրումների ներգրավման եւ փոխշահավետ համագործակցության մեջ, ինչի համար երկրում ստեղծված են բոլոր պայմանները:
Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հ. Ա.