«Սպայկա» ընկերության կողմից 2011-ի փետրվարի 1-ից մինչեւ 2013-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով (11 մլն ԱՄՆ դոլարի չափով ժամանակակից սարքավորումներ եւ տրանսպորտային միջոցներ) ներմուծվող ապրանքներից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարման ժամկետը կառավարության երեկվա որոշմամբ հետաձգվեց մինչեւ 2014-ի փետրվարի 1-ը: Հայաստանից թարմ մրգեր արտահանող այս ընկերությունը նախատեսում է Հայաստանում կառուցել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մոտ 24 հեկտար ջերմոցային համալիր, մրգի-բանջարեղենի վերամշակման արտադրամաս, որոնց շնորհիվ դրանց արտահանման ծավալը կհասցվի 70 հազար տոննայի, ստեղծելով հավելյալ 500 աշխատատեղ:
«ՎԿՍ Արմենիա» ընկերության համար էլ կառավարությունը «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգեց մինչեւ 2012-ի ապրիլի 30-ը: Կարի արտադրության այս ընկերությունում ներկայումս աշխատում է 335 մարդ, հիմնականում` կանայք: Նախատեսվում է Շիրակի մարզի Ամասիա համայնքում հիմնել նոր արտադրություն: Այդ նպատակով էլ երկիր են ներմուծվելու անհրաժեշտ սարքավորումներ:
Ա. Մ.