«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2011-02-03 | #18, 2011-02-04 | #19, 2011-02-05


ԱԼԻ ԽԱՄԵՆԵԻՆ ՆԱԽԱՆՇՈ՞ՒՄ Է ԵԳԻՊՏԱԿԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԵԼՔԸ

Արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձությունները Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին «իսլամական զարթոնք» է որակել: Իրանական «IRINN» հեռուստաընկերության եթերով, որի մասին տեղեկացնում են միջազգային լրատվամիջոցները, Խամենեին հայտարարել է, թե Աֆրիկայի հյուսիսում եւ մի քանի այլ մուսուլմանական երկրներում տեղի ունեցող բողոքի ակցիաները 1979-ի Իրանի իսլամական հեղափոխությունն են հիշեցնում:

Ուրբաթօրյա աղոթքի առնչությամբ հեռուստաեթերից դիմելով հավատացյալներին` Իրանի հոգեւոր առաջնորդը քաջալերանքի եւ ողջույնի խոսքեր է ասել «իսլամական ազատագրական շարժման» ալիքի բարձրացման առնչությամբ: Ալի Խամենեիի խոսքերով, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը «Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ծառան է»:

Արաբ մուսուլմաններին Ալի Խամենեին հեղափոխության կոչ է արել` «տապալելու ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի հետ կապված դավաճաններին»: Իրանի հոգեւոր առաջնորդը եգիպտական բանակին առաջարկել է ուշադրություն դարձնել «սիոնիստական թշնամու» վրաՙ նկատի ունենալով Իսրայելը, միեւնույն ժամանակ, ողջ արաբ ժողովրդի համար կարեւորելով «իսլամական իշխանության» դերը: Ալի Խամենեին հեռուստաեթերում հանդես է եկել արաբերենով:

Ավելի ուշ նրան պատասխանել է Եգիպտոսի «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը, որը պնդել է, որ այդ երկրում տեղի ունեցողը «իսլամական հեղափոխություն» չէ, այլՙ եգիպտացի ժողովրդի՛ հեղափոխություն...

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4