Դասական ասացվածքն ասում է, որ եթե որեւէ գաղտնիք գիտեն գոնե երկուսը, էլ վերջ` գաղտնապահություն լինել չի կարող: Մեր օրերում ամենայն հանգստությամբ կարելի է ասել, որ մոլորակի բոլոր ծայրերում, ուր հասանելի է որեւէ տեսակի կապ, ոչինչ փակ մնալ չի կարող: Ավելին, ինտերնետի եւ սոցիալական ցանցերի «սարդոստայնում» ամեն ինչ իր արտացոլումն է գտնում անգամ այն ժամանակ, երբ դրանք արգելվում են: Իսկ բացատրությունը պարզից էլ պարզ է. վիրտուալ աշխարհը այնպես եւ այնքան կառավարելի չէ, ինչպես եւ որքան` իրականը:
Իրադարձությունները, որ տեղի են ունենում Եգիպտոսում` արաբական աշխարհի տարբեր մակարդակի արձագանքներով հանդերձ, եւս մեկ առանձնահատկություն ի ցույց դրեցին, ավելի շուտ` ապացուցեցին, որ այսօր աշխարհում ոչ մի իրադարձություն հնարավոր չէ կառավարել ինֆորմացիայի տարածման միջոցները արգելափակելով:
Դեռեւս մոտ տասն օր առաջ եգիպտական ընդդիմության փողոց դուրս գալուն գրեթե անմիջապես հաջորդեց սոցիալական ամենաընդգրկուն եւ տարածված ցանցերից «Facebook»-ի ու «Twitter»-ի անհասանելի դառնալը Եգիպտոսի տարածքում:
Ցանկությունը, թե այդ կերպ Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները չեն հասնի աշխարհին ամենաուղղակի կերպով, չէր կարող բավարարվել: Ու չնայած հունվարի 26-ին արդեն իսկ անհասանելի դարձած «Facebook»-ն ու «Twitter»-ը միայն սկիզբն էին, ժամանակն ապացուցեց, որ այդ միջոցներն արդեն անօգուտ են:
Մինչեւ հունվարի վերջ Եգիպտոսի բոլոր ինտերնետ մատակարարները ստիպված էին անջատել ինտերնետը: Եվ մինչ այդ անհասանելի դարձած սոցիալական ցանցերի արգելումը` որպես ընդդիմության քայլերը կառավարելու, ղեկավարելու միջոց, ինտերնետի ընդհանրապես բացակայության հետ կարծես թե անելանելի վիճակ ստեղծեց:
Սակայն «անելանելին» ճիշտ հասկացություն չէ, որը կարելի է հիմնավոր կիրառել վիրտուալ աշխարհի պարագայում. «Google»-ը եգիպտացիներին հնարավորություն տվեց սոցիալական ցանցերից մեկին միանալ առանց ինտերնետի: Համացանցի` ընդհանրապես արգելափակվելուց մի որոշ ժամանակ անց «Twitter»-ում արդեն հայտնվեցին առաջին հաղորդագրությունները, որ ցանցում տեղադրվում էին երեք միջազգային հեռախոսահամարներից եկող ձայնային հաղորդագրությունների արդյունքում: Դրա համար ինտերնետին միացած լինելու որեւէ անհրաժեշտություն չկա:
Եգիպտոսի 82-ամյա նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ դուրս եկած մարդկանց աշխարհի հետ շփվելու հնարավորությունից զրկելու ցանկությունը իր բացասական հետեւանքները շուտով զգալ տվեց ամենաանմիջական առումով` խփելով Եգիպտոսում գործող ընկերությունների, ասել է թեՙ Եգիպտոսի եկամուտներին: Ժամանակակից աշխարհում առանց ինտերնետի չի կարող գործունեություն ծավալել գրեթե ոչ մի ընկերություն, կազմակերպություն:
Ուստի պատահական չէ, որ առանց համացանցի Եգիպտոսը երկար չմնաց, եւ ըստ միջազգային լրատվամիջոցների, արդեն փետրվարի 4-ի երեկոյան ինտերնետը հասանելի էր դարձել Եգիպտոսի տարածքում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ