«Ազգը» տեղեկացրել է, որ Բելառուսում վերջերս կայացած նախագահական ընտրությունների ընթացքում եւ հետո տեղ գտած թերությունների ու որոշ ընդդիմադիր գործիչների ձերբակալման փաստերից հետո Եվրոմիությունը կազմել է բելառուս պաշտոնյաների ցուցակ, որոնց մուտքը ԵՄ անդամ երկրներ արգելված է: Վերջիններիս ֆինանսական հաշիվներն անգամ ԵՄ երկրներում սառեցված են: Սակայն, պարզվում է, ԵՄ մասնագետները այդ ցուցակը կազմելիս եղել են բավականին անփույթ: Ինչպես տեղեկացնում է «Գազետա.ռու» կայքը` Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Լոզովիկը երեկ հայտարարել է, որ 158 բելառուս պաշտոնյաների մուտքը ԵՄ արգելող ցուցակում զետեղված է նաեւ մի մահացած գործիչի անուն: Լոզովիկը նշել է, որ այդ մարդը 2006-ին Վիտեբսկի շրջանի տեղական ընտրական հանձնաժողովի նախագահ եղած եւ մի քանի տարի առաջ մահացած Նիկոլայ Պիշուլյոնոկն է: «Մի կողմից սա անպատվություն է մահացած մարդու հիշատակին ու վիրավորանք նրա հարազատների նկատմամբ: Մյուս կողմից էլ` փաստը ցույց է տալիս, թե ինչ անփութությամբ է կազմվել ԵՄ հիշյալ ցուցակը», նկատել է Լոզովիկը:
Հ. Ա.