«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2011-02-03 | #18, 2011-02-04 | #19, 2011-02-05


ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌԵԼ ՁԵՎԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԿԵՂԾ ԹՎԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բանակի ու հասարակության միջեւ կապը պետք է դրվի որակական նոր մակարդակի վրա: Այս մասին ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը օրենսդիր ու գործադիր մարմինների պատասխանատուների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նման ձեւաչափով ու օրակարգով հանդիպում առաջին անգամ էր կազմակերպվում, եւ նախագահը կոչ է արել ակտիվ լինել խնդիրների քննարկման ժամանակ:

Իր ելույթում ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը համառոտ ներկայացրել է 2010 թվականին պաշտպանության բանակում կատարված աշխատանքի արդյունքները: Նախարարը մտահոգություն է հայտնել բանակին վերաբերող ապատեղեկատվությունների առթիվ: Նրա խոսքով, որոշ լրատվամիջոցներ միշտ չէ, որ հղում են անում ՊԲ լրատվական ծառայության պաշտոնական տվյալներին եւ հանրությանը մատուցում են սխալ տեղեկություններ: Հասարակությունն, անշուշտ, պետք է իրազեկ լինի բանակային կյանքի մասին, եւ հրամանատարությունն էլ անհրաժեշտ տեղեկատվություն միշտ տրամադրում է: Բայց ապատեղեկատվություն տարածելը, հատկապես ռազմական հակընդդեմության ներկա իրավիճակում, ուղղակի անթույլատրելի է, նշել է ՊԲ հրամանատարը:

ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մասնավորապես խոսել է պաշտպանության բնագավառին առնչվող օրենսդրական նախաձեռնությունների մասին, իսկ վարչապետ Արա Հարությունյանն անդրադարձել է քաղաքացիական եւ տարածքային պաշտպանության խնդիրներին` այդ շրջանակում ներկայացնելով պետական պահուստային ֆոնդ ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

ԼՂՀ փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը զեկուցել է քաղաքացիական պաշտպանության վիճակը պարզելու ուղղությամբ կատարված ուսումնասիրությունների մասին: Պարզվել է, որ բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերը, բացառությամբ սպասարկման օբյեկտների, գտնվում են անմխիթար վիճակում:

ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը եւ մշակույթի ու երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը պատմել են ՊԲ ստորաբաժանումների հետ համատեղ կազմակերպվող կրթամշակութային տարաբնույթ միջոցառումների մասին:

Պաշտպանության բանակի շտաբի պետ Լեւոն Մնացականյանը ներկայացրել է ռազմական դրության պայմաններում եւ պատերազմի վերսկսման դեպքում նախատեսվող միջոցառումների պլանը:

Ամփոփելով հանդիպումըՙ նախագահ Բակո Սահակյանն այն զգաստացնող է համարել եւ նշել, որ փետրվարի 14-18-ն անցկացվելիք զորավարժությունները ցույց կտան, թե ինչպիսի խնդիրներ կան իրականում: Ընդհանուր առմամբ, երկրի ղեկավարը դժգոհություն է հայտնել ձեւական միջոցառումներ կազմակերպելու ու կեղծ թվային հաշվետվություններ ներկայացնելու պրակտիկայից: Նրա համար վրդովեցուցիչ է հատկապես այն փաստը, որ պահեստազոր ուղարկված զինծառայողների նկատմամբ չինովնիկական, երբեմն նույնիսկ` լկտի վերաբերմունք է ցուցաբերվում: «Նրանք այն մարդիկ են, ովքեր ամիսներ առաջ պատրաստ էին իրենց կյանքը զոհաբերելու հանուն հայրենիքի, եւ մենք պարտավոր ենք նրանց նկատմամբ լինել խիստ հարգալից», շեշտել է ԼՂՀ նախագահը` խոստանալով, որ ինքն անձամբ հետեւելու է վերջիններիս հուզող խնդիրների լուծմանը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4