«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2011-02-03 | #18, 2011-02-04 | #19, 2011-02-05


ԲԱՐԵՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐԸ

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը երեկ ասուլիսին ներկայացավ անմիջապես հանձնաժողովի նիստից, որտեղ հաստատվել է հանձնաժողովի գործունեության տարեկան ծրագիրը:

Կարապետյանի գլխավորած հանձնաժողովը հաստատել է մի շարք օրինագծեր, այդ թվումՙ «ՀՀ ԶՈւ ներքին կանոնագրքի», «Թիկնազորային գործունեության մասին» օրենքի նախագծերը: Մասնավորապես այս` գարնանային նստաշրջանում քննարկման դրվելիք «ՀՀ ԶՈւ ներքին կանոնագրքի» օրինագծի համաձայնՙ յուրաքանչյուր զորամասում կգործի ծառայության անվտանգության հարցերով զբաղվող հանձնաժողով, որի կազմում կընդգրկվեն ոչ միայն տվյալ զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, այլեւ «հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ զորամասից դուրս մարդիկ»: Ներկայացնելով որոշ մանրամասնություններ վերոհիշյալ օրենքի փոփոխություններից` բանախոսը նշեց, որ այնտեղ կա, օրինակ, հրամանատարի որոշ հրամանները արգելող հոդված. «Զինվորի արժանապատվությունը ոտնահարող հրամանատարը, ըստ փոփոխվող օրենքի, տալ չի կարող», ընդգծեց պատգամավորը: Կարապետյանը հատկապես զորակոչի անցկացման եւ առհասարակ բանակաշինության առումով կարեւորեց այլ պետությունների փորձը. «Հայաստանում այդ փորձի ուսումնասիրման եւ որոշ տարրերի կիրառման նպատակով մեր հանձնաժողովի կազմում կստեղծվի ժամանակավոր աշխատանքային խումբ», ասաց բանախոսը` այս առումով կոնկրետ մատնանշելով Իսրայելի փորձը: Պաշտպանության ոլորտից` Կարապետյանը նշեց նաեւ, որ իր գլխավորած հանձնաժողովի որոշմամբ մինչեւ ընթացիկ տարվա հունիս կմշակվեն «Զինծառայողների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծեր: Կարապետյանը նշեց նաեւ, որ ճիշտ ժամանակն է Հայաստանում ստեղծելու զինվորական օմբուդսմենի ինստիտուտ, ինչի մասին իրենց հորդորները մարդու իրավունքների նախկին պաշտպանին մշտապես մնացել են անպատասխան:

«Թիկնազորային գործունեության մասին» օրենքի նախագիծը անհրաժեշտության մասին, որը նույնպես այս գարուն կմտնի ԱԺ օրակարգ, ըստ դաշնակցական պատգամավորիՙ խոսել է նաեւ ՀՀ նախագահը Հանրապետական կուսակցության վերջին համագումարում. «Օրինագծի կարեւորության մասին տեւական ժամանակ խոսում է ՀՅԴ-ն, ու ես հուսով եմ, որ այն կընդունվի գարնանային նստաշրջանում», ասաց Կարապետյանը:

Այս տարի սպասվում են նաեւ մի շարք բարեփոխումներ ոստիկանության ոլորտում: Մասնավորապես մի շարք հաստիքներ կդառնան քաղաքացիական, ԱԺ-ում քննարկման կդրվեն շուրջ 10 օրենքների նախագծեր, օրինակՙ «Ճանապարհային ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագիծը, ինչպես նաեւ կքննարկվի եւ կներկայացվի ԱԺ «Փրկարար ծառայության կանոնագիրքը»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4