«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2011-02-03 | #18, 2011-02-04 | #19, 2011-02-05


ԱԼԿՈՀՈԼԻ ՍՊԱՌՄԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ ԼԱՎ ԿՅԱՆՔԻՑ ՉԷ

Նախորդ տարի հանրապետությունում աճել է բոլոր տեսակի ալկոհոլային խմիչքների արտադրության տեմպերը` կազմելով 20 տոկոս: Զուգահեռաբար աճել են նաեւ ալկոհոլային խմիչքների պահանջարկն ու սպառումը, կոնկրետ տեղական օղու սպառումն ավելացել է 12 տոկոսով: Այս տվյալները երեկ կայացած ասուլիսում հաղորդեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը` հավելելով. «Երբ ալկոհոլի սպառումն ավելանում է, նշան է վատ կյանքի, ավելի շատ սոցիալական խնդիր է», ասաց Հարությունյանը: Չնայած այս տվյալներին, ըստ բանախոսի, ոլորտն ունի մի շարք լուրջ խնդիրներ:

«Ճգնաժամից դեռ չենք կարողանում լիովին դուրս գալ: 2008-ի պիկից դեռ շատ հեռու ենք: Այժմ ոլորտը գտնվում է մասամբ վերականգնման շրջանում», նշեց Հարությունյանը: Թեեւ ոլորտը մասամբ վերականգնման շրջանում է, սակայն Ավագ Հարությունյանի վստահեցմամբՙ գնաճը ոլորտի վրա ազդեցություն չի ունեցել: Անդրադառնալով հայ-վրացական «բրենդային պատերազմին»` Ավագ Հարությունյանը նշեց, որ դեռ 3 տարի առաջ Հայաստանն իր նախնական համաձայնությունն է տվել «Աշխարհագրական նշումների մասին» հայ-վրացական պայմանագրի կնքման համար եւ համոզմունք հայտնեց, որ այդ փաստաթուղթը կարող է լուրջ վտանգ ներկայացնել: «Այդ փաստաթղթով վրացիները մոտ 100 անուն աշխարհագրական նշում են պարտադրում Հայաստանին: Այդ անվանումներից են, օրինակ, Շիրակը, Ալավերդին, Կախեթը: Եթե դա ընդունենք, ապա այդ նշումներով հայկական ապրանքներն անգամ տրանզիտի իրավունք չեն ունենա Վրաստանի տարածքով», ասաց Հարությունյանը:

Գինեգործների միության նախագահը խոսեց նաեւ գինեգործների եւ գյուղացիների գործակցությունից: Հարությունյանի կարծիքովՙ գյուղատնտեսության նախարարությունը չպետք է զբաղվի գինեգործության ոլորտի կարգավորմամբ, քանի որ «մշտապես պաշտպանում է բացառապես գյուղացիների շահերը` ճնշելով գինեգործներին»: Իսկ լրագրողի դիտարկմանը, թե շատ գինեգործներ ուշացնում են գնված խաղողի վճարումները գյուղացուն, Հարությունյանը պատասխանեց. «Դա նորմալ երեւույթ է շուկայական հարաբերություններում»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4